ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին
«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ տարբեր հարցեր քննարկել, բայց, դժբախտաբար, Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է: Գուցե, հիմնավորումներ ունի, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանը մեզ հետ անմիջական հարաբերություններից այդքան համառորեն հրաժարվելու հիմնավորում չունի:
Բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումը արդյունավետ ելք ունենա», թուրքական հեռուստաալիքի թղթակցին ասել է ԼՂՀ արտգործնախարարը:
Ղարաբաղյան խնդրի թեման շարունակելովՙ ԼՂՀ արտգործնախարարն ասել է. «Այդ կնճռոտ կետերը վերաբերում են ընդհանրապես ոչ միայն հայությանը, հայկական աշխարհին: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ ասեմ, որ նորագույն պատմության շրջանում էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը քաղաքական հարց բարձրացրեց: 1988 թվականից` փաստորեն Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք ստացանք շատ ծանոթ իրադարձություններ Ադրբեջանի տարածքում` կապված հայկական բնակչության հետ: Անշուշտ, կրքերը նորից բորբոքվեցին, վերքերը բացվեցին, եւ եթե դա նախապատրաստական քայլ չէր ցեղասպանության իրականացման, ապա ի՞նչ էր: Հիմա առկա են տարբեր մեկնաբանություններ այդ հարցերի շուրջը` պաշտոնական, հումանիտար եւ այլն: Դրանք այն խնդիրներն են, որ բավականին լուրջ ազդում են մարդկային հիշողությունների, ապագա քաղաքականության եւ ապագայում նորմալ հարեւաններ լինելու հնարավորությունների վրա: Պարզ փաստ է, որ այս տարածքից ոչ մեկը չի հեռանալու: Այս տարածքում պետք է ընդհանուր եզրեր գտնել, որոնք որ պետք է հիմնվեն թե՛ մարդկային իրավունքների վրա, եւ թե՛ ընդհանրապես ժողովրդի իրավունքի վրա. սա է ամենակարեւորը»:
Թղթակցի մեկ այլ հարցի, թե որպես Ղարաբաղի արտգործնախարար, Թուրքիային ի՞նչ կարող է հաղորդել, խորհուրդ տալ Գեորգի Պետրոսյանը, վերջինս պատասխանել է. «Ես դժվարանում եմ ներկա պահի դրությամբ կողմնորոշվել խորհուրդ տալու իմաստով: Սակայն, համենայն դեպս, չմոռանանք, որ հայությունը եւ Թուրքիան ունեն բազմաթիվ խնդիրներ եւ բարդ հանգույցներ, որոնք այսօրվա վիճակում ազդում են մեր առօրյա կյանքի վրա: Ես կուզենայի, որ մերձեցման գործընթացը ոչ թե շահարկվի, այլ, ժողովրդների միջեւ նույնպես լուրջ բանակցություններ, շփումներ իրականացվեն, որ կարողանանք ամեն մեկս հստակեցնել, ճշգրտել մեր դիրքորոշումները , հասկանալ իրար:
Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյաները շատ ուղղակի ձեւով այս երկու` Ղարաբաղի խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը փորձում են իրար կապել: Այն չի նպաստի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, որովհետեւ ակնհայտ է, որ Թուրքիան սեփական խոստումների պատանդն է, որոնք ժամանակին տվել է Ադրբեջանին եւ այսօր էլ կատարում է, եւ սա շատ ուղղակի հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում: Ուզենաս, թե չուզենաս, Թուրքիան դառնում է շահագրգիռ կողմ: Սա նույնպես ընկալվում է որպես ճնշման ձեւ, բայց ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունքներ ապահովեն»:
Ն. Մ.