Իսպանիայում ընթացող Կասպարով-Կարպով շախմատային մրցախաղի 2-րդ օրը կայացան արագ շախմատի եւս 2 պարտիաներ, որոնցում հաղթեցին սպիտակները: Այսպիսով, մրցախաղի հաշիվը դարձավ 3-1` հօգուտ Կասպարովի: Այժմ մրցակիցները 8 պարտիայից բաղկացած կայծակնային մրցախաղ կանցկացնեն:
Երկու անընդմեջ պարտություններից հետո Կարպովին հաջողվեց ուշքի գալ եւ 3-րդ պարտիայում հաղթանակ տոնել: Թեեւ այդ պարտիայում էլ Կարպովի ժամանակը սուղ էր, սակայն այս անգամ նա հստակ քայլերի շնորհիվ առավելության հասավ: Իսկ ահա Կասպարովը մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց ու ստիպված էր 36-րդ քայլին հանձնվել:
4-րդ պարտիայում սպիտակներով խաղում էր Կասպարովը: Համարյա հավասար դիրքում 33-րդ քայլին Կարպովը սպառեց ժամանակը եւ նրան հերթական պարտությունը գրանցվեց: Փաստորեն, կրկնվեց առաջին պարտիայի պատմությունը: Ինչպես երեւում է, 58-ամյա Կարպովը շատ է հուզվում եւ չի կարողանում «տեղավորվել» պարտիայի համար հատկացված ժամանակում: Նշենք, որ յուրաքանչյուրին հատկացվում է 25 րոպե գումարած 5 վրկ ամեն քայլի համար:
«Խաղասեղանի շուրջը նստելիս հուզվում էի այնպես, ինչպես 25 տարի առաջ, երբ 21 տարեկանում Կարպովի հետ վիճարկում էի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սակայն խաղը սկսելուն պես հանգստանում էի: Իսկ մրցակիցս գուցե չկարողացավ դա անել: Բնավ էլ չեմ մտածում այս մրցախաղի վերջնական արդյունքի մասին, քանի որ իմ առջեւ խնդիր չի դրված կրկին վերսկսել ելույթներս: Պարզապես վերջին տարիներին զրկվել էի այն զգացումներից, որ ինձ պարգեւում էին շախմատային մրցախաղերը», հայտարարել է Կասպարովը պարտիայի ավարտից հետո: