Անտվերպենի շախմատի մրցաշարի 6-րդ տուրն աչքի ընկավ բացառիկ արդյունավետությամբ: Բոլոր հինգ պարտիաներն էլ ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով: Ցավոք, նրանց թվում չէր Գաբրիել Սարգսյանը, որը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց` զիջելով Կրիշնան Սաշիկիրանին: Գաբրիելը 3 միավորով Աննա Մուզիչուկի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:
Առաջատարի դիրքերն ամրապնդեցին Էմիլ Սուտովսկին եւ Էթիեն Բաքրոն` հաղթելով համապատասխանաբար Միխելսին եւ Մուզիչուկին: Սուտովսկին 5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նրան կես միավոր է զիջում Բաքրոն: 3,5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանում են Կրիշնան Սաշիկիրանն ու Անտոանետա Ստեֆանովան: Վերջինս պարտության մատնեց Հովելին: Թիմանն առավելության հասավ Սոչկոյի նկատմամբ եւ վաստակեց 2,5 միավոր: Աղյուսակը 0,5 միավորով եզրափակում է Հովելը: