Դանիայում իրենց մրցավեճն ավարտեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկող ազատ ոճային ըմբիշները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 7 ըմբիշներից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Մեր վերջին ներկայացուցիչ, 74 կգ քաշային Սուրեն Մարկոսյանն էլ անհաջողության մատնվեց: Առաջին գոտեմարտում հաղթելով վրացի ըմբիշ Գելա Սագիրաշվիլուն, Սուրենը 1/8 եզրափակիչում զիջեց բուլղարացի Կիրիլ Թերզիեւին: Վերջինս հաջորդ փուլում պարտություն կրեց հնդիկ Բամեշ Կումարից, ուստի Մարկոսյանը զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: Քաշային այս կարգում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դենիս Ցարգուշըՙ եզրափակիչում պարտության մատնելով ադրբեջանցի Շամսալվար Շամսուլվարաեւին:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 8 միավորով ղազախների հետ բաժանեց 15-16-րդ տեղերը: Հաղթող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականը (63 միավոր): 2-րդ տեղում ադրբեջանցիներն են (48), 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իրանի ընտրանին (40): Լավագույն տասնյակում տեղ գրավեցին նաեւ Թուրքիայի (27), Ուկրաինայի (23), Բելառուսի (21), ԱՄՆ-ի (19), Ուզբեկստանի (18), Վրաստանի (14) եւ Հնդկաստանի (14) հավաքականները:
Այժմ մրցասպարեզը կտրամադրվի կանանց եւ հունահռոմեական ոճի ըմբիշներին: Այս ոճի Հայաստանի ըմբիշները սովորաբար վատ հանդես չեն գալիս, ուստի գոնե նրանցից պետք է մեդալներ ակնկալել: