Հայաստանն ու սփյուռքը հայ-թուրքական արձանագրությունների ապագան նույն ոսպնյակից չեն դիտում
«Առանց թուրքերի ներողությունը լսելու հաշտվո՞ւմ եք նրանց հետ», բարեւելուց հետո զարմանքով հարցրեց ամերիկացի հարեւանս: Նրան չհասցրի հանգամանալից պատասխանել, միայն ասացի, թե Բոխում եմ գնումՙ այդ թեմայով Քրիստուսքիրշեում հրավիրված հայերեն լեզվով քննարկմանը:
Սեպտեմբերի 19-ին Բոխում տանող մեր գնացքն ուշացավ, հույսս, թե ժամը 16-ին հայտարարված քննարկումը մի քիչ ուշ կսկսեն, չիրականացավ: Ստիպված եմ փոխանցել այն, ինչին ականջալուր եղա:
«Հայ-թուրքական մերձեցո՞ւմ. Հեռանկա՞ր, թե՞ վտանգ» քննարկմանը, որ կազմակերպել էր Գերմանահայ ակադեմիականների միությունը, մասնակցում էին ԳԴՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, դեսպանության 2-րդ քարտուղար Համբարձում Մինասյանը, Բեռլինում ԼՂՀ գրասենյակի ղեկավար Գայանե Ափինյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Շավարշ Հովասափյանը, Եվրոպահայերի դաշնությունը (The European Armenian Federation for Justice and Democracy (E.A.F.J.D.) ներկայացնող Անդրանիկ Ազնավուրը, գերմանահայ համայնքի ակտիվ անդամներից Րաֆֆի Պետիկյանը եւ կազմակերպիչըՙ Ազատ Օրդուխանյանը:
«Իմ կարծիքով, ՀՀ ղեկավարության մտահոգությունն անկեղծ է իր երկրի անվտանգության հարցում, բայց Թուրքիայիՙ քրդական, հայկական, կիպրական նախաձեռնություններն անկեղծ չեն: Հայաստանի ունեցած միակ առավելությունը իր ցեղասպանության պատմությունն է, որ սխալ գործածեցին, մյուս առավելությունները Թուրքիայինն են: Եվրոպայի մեջ խաղաղություն կլինե՞ր, եթե Գերմանիան ներողություն չխնդրեր, հարցրեց Րաֆֆի Պետիկյանը :
Համազգային հարցերը լուծվում են համազգային ճանապարհով, աշխարհում ապրում է 12 միլիոն հայ, ուրեմն ՀՀ-ում ունեն 25 տոկոս ձայնի իրավունք, ասաց Երեւանում ծնված, Գերմանիայում կրթություն ստացած Գերմանահայ ակադեմիական միության ղեկավարըՙ նախ հղում անելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանինՙ Արեւմտյան Հայաստանը երազ չէ, ռեալ իրականություն, ես երեւանցի չեմ, սուրմալեցի եմ, եթե ես էլ չվերադառնամ, թոռս կվերադառնա, այնուհետեւ Անդրանիկ Միհրանյանինՙ մենք նրան կանվանենք Անդրանիկ Միկոյանիկ, իսկ սփյուռքի մասին նրա կարծիքը մեզ համար կարեւոր չէ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պիտի վերածել հայ-թուրքական հարաբերությունների: Ցեղասպանությունն անժամկետ, անմոռանալի զենք է հայ ժողովրդի ձեռքերում: Այդ զենքի հանձնումը կնշանակի պարտություն: Ասում են տնտեսական օգուտի մասին, այն էլ չենք ստանա, մինչեւ Հայաստանիՙ հատկապես մաքսային, հարկային քաղաքականությունը փոփոխություններ չկրի: Թուրքիայի բնակչության 42 տոկոսը էթնիկ թուրքեր չեն, ասել է, թե երկրի ներսում ռումբ է դրված, դրա վրա պիտի աշխատենք, ասաց մասնագիտությամբ պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Բեռլինում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը , որ խոսքը սկսեց ՀՀ անկախության 18-ամյակի առիթով շնորհավորանքով: Անկախությունը ձեռք բերեցինք բարդ գնով, ասաց պարոն Մարտիրոսյանըՙ խոսելով Արցախյան ճակատամարտում ունեցած հաղթանակի մասին: Պարզվեց` պատերազմի դաշտում հաղթելը ավելի հեշտ է, քան դիվանագիտության մեջ, նշեց դեսպանըՙ շեշտելով, որ Արցախի խնդիրը մեր երկրի գոյության հիմնական նախադրյալն է: Հայաստանն առաջին հերթին լքված սահմանամերձ գյուղերն են, ասաց դեսպանը` նկարագրելով իր այցը Ղարաբաղՙ Ադրբեջանին սահմանամերձ խրամատներ, ու կոչ արեց սփյուռքահայերին հայրենիք այցը միայն Երեւանով չսահմանափակել: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպանն ասաց, թե դրանք պահի խնդիր չեն, նկատել տալով, որ ՀՀ-ն իր քայլերը մշակելիս առաջին հերթին պիտի մտածի իր երկրի անվտանգության մասին, լինի իրատեսական: Թուրքիայի հետ հարաբերությունները փաստացի սկսվել են 1994-ից, այս փուլում նորությունն այն է, որ որոշվեց բացել երկու պետությունների միջեւ ընթացող բանակցությունների էությունը, որ դիվանագիտության մեջ այնքան էլ ընդունված քայլ չէ: Այն հանգամանքը, որ սա ներկայացվում է ՀՀ-ի, սփյուռքի հանրության դատին, վկայում է, որ մենք թաքցնելու բան չունենք: Մենք պատրաստ ենք տեղեկացնելու աշխարհին մեր նախապայմանների մասին, որ չենք ընդունելու Թուրքիայի որեւէ նախապայման: Փաստաթուղթը չունի որեւէ նախապայման: Ցեղասպանության խնդիրը քաղաքական առեւտրի առարկա չէ եւ չի կարող լինել, ասաց ՀՀ դեսպանըՙ անդրադառնալով պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Այն հնարավորություն է տալու մեզ միջազգային փորձագետների միջոցով աշխարհին ներկայացնել արխիվային նյութերը, ցեղասպանության ճանաչման խնդիրը որակական նոր փուլի հասցնել: Թուրքիայում էլՙ հատկապես երիտասարդ սերունդը ծանոթ չէ հարցին, սա շատ լավ առիթ է նաեւ նրանց իրազեկելու: Արցախի եւ այս փաստաթղթի փոխկապվածության մասին ՄԱԿ-ում 6,5 տարի պաշտոնավարած դիվանագետն ասաց, թե այդ ամբիոնում շատ է տեսել, որ Թուրքիան բացահայտ պաշտպանում է Ադրբեջանին: Այսօր չկա որեւէ լծակ, որ ստիպի Թուրքիային Հայաստանի նկատմամբ մի փոքր զուսպ լինել, ապաշրջափակումը այսօր առավել քան անհրաժեշտ է, փակ է Լարսը, փակ է նաեւ Ռուսաստանի հետ առեւտրային ճանապարհը, սահմանի բացումը հնարավորություն կտա ելք ունենալու դեպի արտաքին շուկաներ, նկատել տվեց դեսպանըՙ հիշեցնելով 2008-ի վրաց-ռուսական պատերազմից հետո Թուրքիայիՙ տարածաշրջանում լուրջ դերակատար լինելու հայտը: Մենք չէինք կարող ձեռնպահ մնալ, ասաց դեսպան Մարտիրոսյանը ընդգծելովՙ փաստաթուղթը չենք դիտում որպես իդեալական: Ադրբեջանն ավելի մեծ մտահոգություն ունի: Եկեք մեր ուժերին թերահավատ չլինենք, Գերմանիայից բացի Թուրքիան չունի այսպիսի համայնքներ, եկեք ձեր 75 տոկոս պոտենցիալն էլ օգտագործենք մեր արդար գործին ի նպաստ: Սրանից հետո բարդանալու է մեր կյանքը, մեզ սպասում է ծանր աշխատանք, մեզ անհրաժեշտ են լինելու ոչ հայ պատմաբաններ, իրավաբաններՙ ապացուցելու մեր պատմական արդարությունը, ասաց Բեռլինում ՀՀ դեսպանը:
«Հայաստանն այս պայմանագիրը ստորագրելով հողային պահանջներից պիտի հրաժարվի», Անդրանիկ Ազնավուրի հնչեցրած դիտարկմանը ՀՀ դեսպանը պարզաբանեց, թե փաստաթուղթը միջազգային ճանաչման վրա սահմանափակում չի դնելու: Ինչ վերաբերում է Թուրքիային, այն հերքում է եւ հերքելու է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի ոչ մի վարչակազմ Թուրքիայի հետ հողային հարց չի դրել իր օրակարգում: Պարոն Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց Սլովենիա-Խորվաթիա հողային վեճին, որի լուծման տարբերակը միջազգային դատարանն է: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս պաշտպանելու ազգերի ինքնորոշման իրավունքը, ասել էՙ Արցախի խնդիրը, մեկնաբանեց դեսպանը, նորից շեշտադրելով. «Մենք ունենք օրվա հրատապ խնդիրներ, առաջնայնությունը Ղարաբաղի խնդրի լուծումն է, այս փաստաթուղթը ստեղծում է դրա հնարավորությունը: Ձեր երեխաները Արցախի առաջին գծում չեն ծառայում, Հայաստանում ասացիՙ սփյուռքահայերին տարեք առաջին գիծ, թող տեսնենՙ դա է Հայաստանը», դառնալով լսարանին ասաց դեսպան Մարտիրոսյանը:
Հողային պահանջ ներկայացնելու մանկունակությունը չունինք, մեզ համար թե՛ Արցախի, թե՛ հայության ընդհանուր շահն է կարեւոր, կարծիք հայտնեց Անդրանիկ Ազնավուրըՙ հավելելովՙ այսպես ստորագրելով փոխզիջումների զոհ կդարձնենք ցեղասպանության հարցը:
Այնուհետեւ բեմում նստածներից ելույթ ունեցավ Գայանե Ափինյանը : Թույլ տվեք որպես 15 տարվա մասնագետ խոսել, ասաց նաՙ ներկայացնելով Թուրքիայիՙ 15 տարի առաջ ՀՀ սահմանը փակելու պատմությունն ու հայտնի նախապայմանները: Եթե հաջողվի այս փաստաթուղթն անցկացնել մեր խորհրդարանում, ապա միջազգային ճանաչումը մի քիչ կկասեցվի, ասաց տիկին Ափինյանըՙ շարունակելովՙ իսկ արխիվները բացելը մեր ստրատեգիկ հաղթանակն է լինելու:
Մերոնք թուրքական պատմական արխիվներում ոչինչ չեն գտնելու, հակադարձեց պատմաբան Ազատ Օրդուխանյանը, որը, իր ասելով, ՌԴ արխիվներում 2-րդ համաշխարհային պատերազմին վերաբերող թղթապանակները հետազոտելով տեսել է, ինչպես է նյութը էջերով բացակայում:
Որեւէ հրեա պատրա՞ստ է Իսրայել-Գերմանիա հարաբերությունների մասին այսպիսի թուղթ ստորագրել, հարցրեց Րաֆֆի Պետիկյանը, ում ՀՀ դեսպանն այսպես պատասխանեց. «Հրեաների եւ Գերմանիայի համեմատությունը տեղին չէ, Նյուրնբերգում տեղի ունեցավ միջազգային դատավարություն, որը գնահատական տվեց: Ինչ վերաբերում է պատմաբանների հանձնաժողովին, հասանք նրան, որ այն միջպետական է, եւ դա դիվանագիտական հաղթանակ չէ, այլ` հաջողություն: Միգուցե իրավական տեսակետից պահանջատիրության գործընթացի վրա սահմանափակում դնի, ավելի մանրամասնեց դեսպանը, բայց չեմ պատկերացնում Հայաստանում գա մի իշխանություն, որ Թուրքիայի կառավարությանը հողային պահանջ ներկայացնի: Հայաստանի կառավարությունը պահանջելու զորությունը չունի: Միգուցե չենք ստանում առավելագույնը, ինչը մեր պապերն են երազել, բայց փաստաթուղթը մեզ չի զրկում այդ ամենից», ասաց դեսպանըՙ նկատել տալովՙ չեմ տեսել մի ամերիկահայ, որ գնա Թուրքիա ու պապենական կալվածքները պահանջի:
«Մեզՙ սփյուռքահայերիս միշտ խաբել են», դահլիճից վրդովմունք հայտնեց Համո Պետրոսյանը , «Ինչո՞ւ ՀՀ սահմանադրության մեջ չեն գրել Արեւմտյան Հայաստան: Իսկ սահմանի բացումից, ինչպես «Առավոտ»-ում Արամ Աբրահամյանն էր գրել, մարմնավաճառների աչքը լույս»:
«ՀՀ իշխանությունները ի՞նչ քայլեր են անելու, որ հայ- թուրքական արձանագրությունների պատճառով սփյուռք-Հայաստան ստեղծված անջրպետը չխորանա: Մտահոգություն կա, թե սփյուռքն իր դժգոհությունը կհայտնի «Հայաստան» հիմնադրամի առաջիկա հեռուստամարաթոնին իր պասիվ կեցվածքով», մեր հարցադրմանն ի պատասխան Բեռլինում ՀՀ դեսպանն ասաց, թե «ապրել է Նյու Յորքում, եւ առեւտրային հարաբերություններ չի նկատել սփյուռքի եւ Հայաստանի միջեւ: Չեմ նկատել, առիթ էլ չեմ տեսնում անջրպետի, Դուք թուրքական մամուլի ազդեցության տակ եք, այդպիսի խնդիր մենք չունենք»:
Բարձրախոսը փոխանցեցին Սերովբե վարդապետ Իսախանյանին : Գերմանիայում ծառայող հոգեւորականը նախ նկատել տվեց ոչ պատեհ ժամանակացույցըՙ ապրիլի 22, հոկտեմբեր 13, այնուհետեւ ելնելով վերջին ամսաթվից ասաց, թե Հայաստանն այս թղթերով ինչ-որ ձեւով հաստատում է Կարսի պայմանագիրը: Նա իր անհամաձայնությունը հայտնեց «կողմերը պարտավորվում են բացել սահմանը» ձեւակերպմանը: «Մենք սահման չենք փակել, Թուրքիան է փակել, ուրեմն պարտավորությունը նրան պիտի ուղղվի», ասաց նա:
Ախենի համալսարանում ռեժիսուրա սովորող Հովիկ Շուշանյանցը վերադարձավ դեսպանիՙ Նյուրնբերգյան դատավարության մասին հնչեցրած ակնարկին: «Ձեր պատասխանով ինչ-որ տեղ կասկածի տակ դրեցիք Հայոց ցեղասպանությունը», ասաց ուսանողը: Դեսպան Մարտիրոսյանը հարկ չհամարեց շարունակելՙ պարզապես դժգոհություն հայտնեց, թե իրեն ճիշտ չեն ընկալել ու հեռացավ սրահիցՙ բացատրվելով, թե կազմակերպիչներին նախապես է տեղեկացրել եւ չի կարող փոխել Բեռլին մեկնող իր գնացքի ժամըՙ 18.30:
Կարճ ընդմիջումից հետո Բոխումի Քրիստուսքիրշեում քննարկումն իհարկե շարունակվեց, բայց մասնակիցներն ակնհայտորեն էրՙ գոհ չէին, որ իրենց բազմաթիվ մտահոգություններ չկարողացան փոխանցել հենց ՀՀ դեսպանին:
Քննարկման մասնակիցներն անդրադարձան մշակութային հուշարձանների պահպանության խնդրին, տնտեսական, առեւտրային հարցերին, սոցիալ- հոգեբանական դժվարություներին: Նկատելի էր, որ լսարանի մի մասը օր-օրի հետեւում է լրատվությանը, տեղյակ է զարգացումներին, իսկ մյուս մասը նախՙ ճիշտ իրազեկման խնդիր ունի:
Այդուհանդերձ ակնհայտ էր, որ լսարանը արխիվները բացելու հանգամանքը եւ դրանով հայ դիվանագետներիՙ «ցեղասպանության փաստը վերահաստատելը» արտահայտությունը շատ ծանր էր ընդունել: «Վերահաստատել պետք չէ, կորցնում ենք մեր արժանապատվությունը, մեր պատմաբանները թուրքական արխիվներում անելու բան չունեն, իրավաբանների խնդիր է, ինչո՞ւ ենք որպես նվաճում տեսնում», ասաց երիտասարդ տնտեսագետներից մեկը, ում հետաքրքրում էրՙ կա՞ լուրջ վերլուծությունՙ ի՞նչ է մեզ սպասում սահմանի բացումից հետո, երբ Հայաստանը չունի ազատ ներքին շուկա, արտահանվող ապրանք համարյա չկա: «Տնտեսական խնդիրներից ելնելով արել ենք քաղաքական զիջում», եզրակացրեց տնտեսագետը:
Ամբողջ արձանագրությունն արդեն նախապայման է, ասաց Երվանդ Խոսրովյանը: Չտեսանքՙ Հայաստանն իր պայմանները թելադրի, ասիՙ եթե Թուրքիան դուրս գա Կիպրոսից, մենք էլ դուրս կգանք Ղարաբաղից: Կարծում եմ մադրիդյան սկզբունքներն ու այս արձանագրությունները մի փաթեթ են:
Թուրքիան այս սահմանները պիտի գործածե իր պանթուրքիստական ծրագրերի համար, ասաց Րաֆֆի Պետիկյանը: Հայաստանի իշխանություները պիտի իմանան, որ բարոյական իմաստով ամբողջ հայության նպատակները պիտի նկատի ունենան, ասաց Անդրանիկ Ազնավուրը: Շատ մեծ վտանգ կա հայկական պահանջների առումով: Միջազգային ուժերի ճնշմանն ի պատասխան ՀՀ իշխանությունները կարող են ասելՙ տեսեք մեր հանրությունը, մեր սփյուռքը համաձայն չէ այս արձանագրություններին:
- Միջազգային ճնշում կա, գիտենք, դրան խոնարհվել ենք, բայց արդյոք առաջին զիջումը չարեցի՞նք, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ընդառաջ մարզաշապիկների լոգոյից հանեցինք Արարատը, Ծիծեռնակաբերդի լույսերը հանգցրինք,-հարեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Շավարշ Հովասափյանը :
Դիվանագետին լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար, բայց ես անկեղծ եմՙ արցախյան հարցը քավության նոխազ չդարձնենք, ասաց Գայանե Ափինյանը:
Մեր «ոչը» պիտի ասենք այս արձանագրություններին, եզրափակեց քննարկման կազմակերպիչ Օրդուխանյանը: «Գոնե հայաստանցիներս գիտենք, որ դուրս ենք եկել երկրից մայլի տղերքի պատճառով», ասաց նաՙ մատնանշելով. «Թուրքիայի համեմատ մեր հարկային, մաքսային դաշտի անկատարությունից օգտվելու են մի քանի մաֆիոզներ, մեր գյուղացին, մեր բանվորը սահմանի բացումից չեն շահելու»:
Մտքերը չէին վերջանում, հույսը պակասում, հույզն ավելանում էր: Ռեժիսուրա ուսանող Հովիկը ձեռքն առավ կիթառը ու Վիսոցկու ռիթմին չափածո իր տողը կցեցՙ մեր պատերազմում Նժդեհն ու Մոնթեն են հաղթում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Բոխում, Գերմանիա