«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ԳՈՒՑԵ ՔԼԻՆԹՈՆՆ ԷԼ ՄԱՍՆԱԿՑԻ ՑՅՈՒՐԻԽՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գեմանիա

Շվեյցարական հեռուստատեսությունն ու տպագիր լրատվամիջոցներն անդրադառնում են առաջիկայումՙ ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունենալիք հայ-թուրքական փաստաթղթի ստորագրման մանրամասներին: Ստորեւ ներկայացնենք սեպտեմբեր 27-ի «Նոյե Ցյուրխեր ցայթունգի» ՙ «Հիլարի Քլինթոնը ծրագրել է Ցյուրիխ այցելել» վերնագրով հրապարակումը:

Ցյուրիխը կանգնած է աշխարհաքաղաքական նշանակության իրադարձության առաջ, իրազեկում են հոդվածը ստորագրած Հայդի Գմյուրը եւ Մարկուս Հեֆլիգերը : Եթե ամեն բան գլուխ գա ինչպես ծրագրված է, Թուրքիան ու Հայաստանը առաջիկա շաբաթներին իրենց փոխադարձ մերձեցման մասին 2 պայմանագիր են ստորագրելու Շվեյցարիայում: Երկու լավ տեղեկացված աղբյուրի համաձայն, գրում են հոդվածագիրներըՙ առանց անուններ հրապարակելու, իրադարձությունը տեղի է ունենալու Ցյուրիխում, հոկտեմբերի 10-ին: Ըստ ավելի վաղ հայկական թերթերից մեկում եղած հրապարակման, երկու արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էդվարդ Նալբանդյանը կստորագրեն պայմանագիրը: Իբրեւ միջնորդ կլինի նաեւ Շվեյցարիայի ստորագրությունը, հավանական էՙ Միշելին Քալմի-Ռեյի ձեռամբ: Շարժառիթի նշանակալի լինելը իրավունք է տալիս չափելու նաեւ Հիլարի Քլինթոնի սպասվող ներկայությամբ, գրում են հոդվածի հեղինակները: Ըստ վերոնշյալ 2 աղբյուրների, Քլինթոնի մասնակցությունը «հավանական է, բայց ոչ հաստատված»: Ամերիկայից Ցյուրիխում նույնիսկ հյուրանոցային սենյակ են վաղօրոք զբաղեցրել: Մինչեւ վերջին պահը հստակ չի լինելու Քլինթոնի մասնակցությունը: Իր ներկայությամբ Քլինթոնը ցուցադրելու է, թե ԱՄՆ-ն որքան հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ: Այդ հետաքրքրությունն ամենից առաջ պայմանավորված է Կովկասյան տարածաշրջանի նավթագազային մեծ պաշարներով, գրում է շվեյցարական թերթը եւ անդրադառնում պատմությանը: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը համարյա մեկ դար առաջ է եղել, գրում է «Նոյե Ցյուրխեր ցայթունգը»: 1915-ին թուրքերը 1 միլիոնից ավելի հայ են կոտորել: Թուրքիան մինչեւ հիմա հրաժարվում է այն ցեղասպանություն ճանաչել: 1993-ից փակ է ընդհանուր սահմանըՙ ի հետեւանս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության: Շուրջ երկու տարի առաջ Շվեյցարիան սկսել է գաղտնի բանակցությունների միջնորդ դառնալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: 2009-ի սեպտեմբերի 1-ին կողմերը հրապարակեցին առաջին շոշափելի արդյունքըՙ 2 արձանագրություններ, որոնցում դեռ բացակայում են ստորագրությունները: Արձանագրություններով նախատեսվում է 2 ամսվա ընթացքում բացել սահմանը: Բացի դրանից, պատմաբանների մի հանձնաժողով պիտի հետազոտի 1915-ի իրադարձությունները: Ինչպես հայկական, այնպես էլ թուրքական կողմից պայմանագրի որոշումները վիճարկելի են: Ամենաքննադատականն, իհարկե, նշանակություն ունեցող հայկական սփյուռքն է արտահայտում, ինչին սեպտեմբերի 6-ին շվեյցարական «Նոյե Ցյուրխեր ցայթունգն» արդեն ծանոթացրել էՙ անդադառնալով Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության կազմակերպած միջոցառմանը: Թերթը գրում է, որ ներգրավված 4 կողմերից որեւէ մեկը պաշտոնապես տեղեկատվություն չի փոխանցում: «Կողմերը պայմանավորվել են, որ 6 շաբաթ ինտենսիվ խորհրդատվությունից (բնագրումՙ կոնսուլտացիաներ) հետո ստորագրելու են», Քալմի-Ռեյի գրասենյակը միայն այսքանն է հաղորդում, գրում են հեղինակները: Որ արարողությունը Շվեյցարիայում է լինելուՙ «հնարավոր է»: Բեռնում Թուրքիայի, ԱՄՆ-ի դեսպանությունները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը Երեւանից ոչ մի տեղեկություն չեն տրամադրում: Եթե Քալմի-Ռեյը պայմանագրի ստորագրման շրջանակներում Քլինթոնին հանդիպի, կլինի նրաՙ 7 ամսվա մեջ արդեն 3-րդ հանդիպումը, եզրափակում է «Նոյե Ցյուրխեր ցայթունգը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4