Դրանք եղել են նախագահ Օբամայի հետ նրա հանդիպման օրակարգում
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Թեեւ սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին դիմելիս «Թուրքիայի հետ բարեկամության» խմբի համանախագահները հնարավոր էին համարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումը, սակայն սեպտեմբերի 27-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն վերադարձել էր հայրենիք: Ստամբուլ ուղեւորվելուց առաջ, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, Էրդողանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նա Թուրքիայի արտաքին քաղաքականության առնչությամբ հանդես է եկել կարեւոր հայտարարություններով:
Ըստ թուրքական հանրայինի, Էրդողանը «Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման» համար պահանջել է Մինսկի գործընթացի արագացումն ու ասել է, որ կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերման դեպքում Թուրքիան Հայաստանի առնչությամբ ավելի անկաշկանդ որոշում կընդունի: Իսկ Իրանին հասցեագրված ռազմական միջամտության սպառնալիքների առնչությամբ նա նշել է. «Դա ցնորամտություն է, որի հետեւանքով կտուժեն ոչ միայն այդ քայլին դիմողները, նման բան ամենեւին չէինք ցանկանա տարածաշրջանում»:
Դատելով Էրդողանի խոսքերից, դժվար չէ կռահել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրը Հայաստանի հետ հարաբերություններն են, որոնք եղել են վարչապետ Էրդողանի նյույորքյան հանդիպումների, այդ թվում` նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման օրակարգում: Թերեւս այդ ամենի առումով հատկանշական է թուրքական հանրայինի հաղորդման ինտերնետային տարբերակը, որտեղ գրված է. «Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից վերադարձավ Թուրքիա: Նա այցի վերջին օրը Նյու Յորքում, իսկ վերադառնալուց հետո Ստամբուլում արեց խիստ կարեւոր հայտարարություններ, ընդգծելով, որ հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները կստորագրեն հայ-թուրքական արձանագրությունները, իսկ «ժողովրդավարեցման նախաձեռնության» համար ենթադրվող սահմանադրության փոփոխությունը ներկա փուլում դեռեւս չի նախատեսվում»:
Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում վարչապետ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վերստին անդրադարձել է «ժողովրդավարացման գործընթացին», պատասխանել է Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի քննադատություններին, ապա եւ պարզաբանել է, որ խորհրդարանը դեռեւս պատրաստ չէ սահմանադրության փոփոխությանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, ապա դրա օրակարգը Նյու Յորքում, ըստ թուրքական հանրայինի, պայմանավորված է եղել հայաստանյան նախաձեռնությամբ եւ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված վերջին զարգացումներով: Նյու Յորքում Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, Էրդողանը ԱՄՆ-ի նախագահից պահանջել է Մինսկի գործընթացի արագացումը Ղարաբաղի հիմնահարցում, իսկ Ստամբուլում նշել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, ասելով. «Հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն (Շվեյցարիայի Բեռն մայրաքաղաքում) եւ կստորագրեն արձանագրությունները»:
Թուրքիայի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Օբամայի հետ տեւել է ընդամենը 15 րոպե, որի ընթացքում, ինչպես Էրդողանն է ասել, կողմերը, բացի Հայաստան-Թուրքիա հարաբերություններից, անդրադարձել են Իրաք-Սիրիա լարվածությանը, Աֆղանստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներին, նախագահ Օբաման տարածաշրջանում Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները սերտացնելու ցանկություն է հայտնել:
Ստամբուլում հրավիրված ասուլիսում վարչապետ Էրդողանը վերստին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին առնչվող վերջին զարգացումներին եւ առնչությամբ հիշեցրել է Իսրայելի մասին: Նա ընդգծել է. «Մերձավոր Արեւելքում կա միջուկային զենքին տիրապետող երկիր, օրինակ, Իսրայելը: Տարբերությունն այն է, որ Իսրայելը ՄԱԳԱՏԷ-ի անդամ չէ, իսկ Իրանը` այո... Էլ չենք խոսում Գազայի հատվածում օգտագործած ֆոսֆորային ռումբերի մասին: Ի՞նչ են դրանք, եթե ոչ զանգվածային ոչնչացման զենք: Ինչո՞ւ չի արծարծվում դրա օգտագործման հարցը: Քնում-արթնանում եւ Իրանի մասին ենք լսում...»: