Հայաստանին ու Թուրքիային վերաբերող հարցերը` մինչեւ արձանագրությունների ստորագրո՞ւմ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ սկսեց սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգում անցկացվող հերթական նիստը :
«Ազգը» դեռեւս սեպտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի` կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված, այսինքն` ժամանակին հրապարակված նախագծում նշված էր, թե ուրբաթ` հոկտեմբերի 2-ին, ԵԽԽՎ-ն այլ հարցերի հետ մեկտեղ կանդրադառնա նաեւ Թուրքիայում փոքրամասնությունների եւ Արեւելյան Հունաստանում մուսուլման փոքրամասնության, կրոնի եւ մարդու այլ իրավունքների հարցերին:
Մինչեւ նստաշրջանի բացումը, ավանդույթի համաձայն, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը ներկայացրեց օրակարգի վեհաժողովի կողմից դեռեւս չհաստատված, բայց որոշ առումով վերջնական տարբերակը, որում, ինչպես արդեն մի որոշ ժամանակ նաեւ վեհաժողովի կայքէջի տարբերակում, բացակայում էր հիշատակված հարցը:
«Ազգը» ԵԽԽՎ նախագահից փորձեց ճշտել, թե ինչու է Թուրքիայում փոքրամասնությունների հարցը դուրս մնացել օրակարգի նախագծից: Հետաքրքրական է, որ Լուիս Մարիա դե Պուչը չհիշեց նման հարց, այլ միայն հունական եւ թուրքական համայնքների առնչությամբ օրակարգային կետ նշեց, ավելացնելով, թե հարցի քննարկումը հետաձգելու խնդրանքով դիմել է հունական կողմը: Խնդիրն այն է, որ Եվրոպայի խորհրդում գոյություն ունի պրակտիկա, երբ երկրները կարող են դիմել հետաձգելու իրենց վերաբերող հարցերը, եթե տվյալ երկրում ընտրություններն են, ինչը տեղի ունի այս պարագայում Հունաստանում:
Չնայած ԵԽԽՎ նախագահը չհիշեց փոքրամասնությունների հարցը հատկապես Թուրքիայի առնչությամբ քննարկման դրված օրակարգային նախագիծը, այնուամենայնիվ, այդ առնչությամբ կարելի է ասել, որ օրակարգից դուրս մնալու հիմքը ավելի շուտ հայ-թուրքական հարաբերություններում ակտիվությունն է, որին, թերեւս, չի ցանկանում Եվրոպայի խորհուրդը ներկա դրությամբ անդրադառնալ:
Բի-Բի-Սի-ի տարածած տեղեկության համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան կստորագրի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին համաձայնագիրը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:* Ու թերեւս այդ ամսաթվի բավականին մոտ լինելու հանգամանքն իր դերակատարումն է ունեցելՙ Թուրքիայում փոքրամասնությունների հարց չքննարկելու առումով:
Այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել նաեւ ԵԽԽվ այս նստաշրջանում Հայաստանի հարցի քննարկումը չներառելու որոշման հիմքերից մեկը, քանի որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը նման համաձայնագրի ստորագրման նախաշեմին չպետք է հայտնվեն «ցնցումային» իրավիճակներում:
«Ժառանգություն» խմբակցությունից ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը , որ Թուրքիայում փոքրամասնությունների հարցերի առնչությամբ բանաձեւի նախագծին վերաբերող առաջարկություններ էր պատրաստել եւ նախատեսում է ամեն դեպքում ներկայացնել թեկուզ մինչեւ հաջորդ նստաշրջան, գտնում է, որ Թուրքիայում մարդու իրավունքնների հարցերը չեն բարձրացվում, քանի որ ցանկություն կա իրականություն դարձնելու հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն` առաջ տանելու աշխարհաքաղաքական իրենց շահերը:
Հայ պատգամավորի խոսքերով, հենց այնպես չէ, որ Եվրոպայի խորհուրդը նախ որոշում է օրակարգ մտցնել Թուրքիայի փոքրամասնություններին վերաբերող հարց, եւ միայն սեպտեմբերի 8-ից հետո միայն օրակարգի նախագծից հանվում են փոքրամասնությունների հարցերով զեկույցն ու բանաձեւի նախագիծը: Նույն կերպ էլ, Փոստանջյանի մոտեցմամբ, ԵԽԽՎ այս նստաշրջանում չի քննարկվում Հայաստանի կողմից ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով, ԵԽԽՎ-ն տվյալ դեպքում ոչ թե ղեկավարվել է մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելության դրույթներով, այլ զուտ քաղաքական որոշում է կայացրել` ոչ թե իր իսկ ընդունած փաստաթղթերի ուժով, այլ ղեկավարվելով քաղաքական նպատակներով:
Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստում քննարկվել են գլխավոր քարտուղարի ընտրության հարցին առնչվող խնդիրները: Եվ եթե հենց ԵԽԽՎ-ում ընտրությունները հավասար պայմաններում չեն, ապա Հայաստանում եւ Թուրքիայում խախտումների պարագայում, ըստ Փոստանջյանի, խախտումները հրատապություն չունեն:
Ռուսաստան-Վրաստան` մեկ տարի անց
Ինչեւէ, այս նստաշրջանում առանց Թուրքիայի ու Հայաստանի էլ «թեժ» թեմաներ կան: Մասնավորապես, հենց այսօր ԵԽԽՎ-ն պիտի ընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, ինչի առումով բավականին հակասական տեսակետներ են ներկայացնում: Մասնավորապես ընդգծվում է, թե լեհ եւ նորվեգ թեկնածուների սոցիալիստ լինելու պարագայում խախտվում են ԵԽԽՎ կանոնակարգային դրույթները, ուստի ընտրությունը չպետք է կայանա: Չնայած այս մոտեցումներին, վեհաժողովը երեկ որոշեց այսօր իսկ անդրադառնալ թեկնածուներին, որոնց քվեարկությունը հավանական է, որ տեղի կունենա ավելի ուշ:
Վրաստանում Եվրոմիության դիտորդների առաքելությունը Հանս Յորգ Հաբերի ղեկավարությամբ, ըստ տարածված տեղեկությունների, 2008թ. օգոստոսյան պատերազմի պատճառների ուսումնասիրման հարցով միջազգային հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին:
Նախապես հայտարարվել էր, թե օգոստոսյան պատերազմի պատճառների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցում հաստատագրված է, որ պատերազմը սանձազերծել է Վրաստանը` մեղադրանքի զգալի մասն էլ բաժին թողնելով Ռուսաստանին: Հիշեցնենք, որ «Շպիգել» գերմանական պարբերականն էլ, իր աղբյուրներին հղում կատարելով, հրապարակել էր տեղեկություն, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, եւ զեկույցը կհրապարակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Բացի այդ, գերմանական պարբերականի տեղեկացմամբ, օգոստոսյան պատերազմի պատճառների ուսումնասիրման Եվրոմիության հանձնաժողովի հաշվետվությամբ նշվում է, թե պատերազմը Հարավային Օսիայում սկսել է Վրաստանը:
Նախնական հայտարարությունների համաձայն, սակայն, հանձնաժողովի պատրաստելիք փաստաթուղթը կհանձնվի Բրյուսել, որտեղ էլ կորոշվի, թե արժե հրապարակել հաշվետվությունը:
Իսկ թե ինչու է խորհրդարանական վեհաժողովը հաշվետվության հավանական հրապարակումից առաջ քննարկման դնում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների վերհաստատման հարցը, ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը երեկ նշեց, որ պատվիրակության լիազորությունների քննարկման հարցը դրվել է ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, քանի որ հարցի քննարկման համար հավաքվել է խորհրդարանականների անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ:
Այդուհետեւ ԵԽԽՎ-ն կանդրադառնա Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետեւանքներին, եւ արդյունքում կընդունվի նոր բանաձեւ: Բացի այդ, խորհրդարանական վեհաժողովը կքննարկի նաեւ վեհաժողովում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների վերահաստատման հարցը, որ վերջին նստաշրջաններում արդեն բարձրացվել էր:
Ռուսաստանի պատվիրակության լիազորություների հարցի քննարկումը, ինչպես նախատեսվում էր, կկայանա ոչ թե չորեքշաբթի` սեպտեմբերի 30-ին, այլ հոկտեմբերի 1-ին: ԵԽԽՎ 72 խորհրդարանականներ են ստորագրել վրացական պատվիրակության նախաձեռնությունը` ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին, բացատրությամբ, թե Ռուսաստանը չի կատարել ԵԽԽՎ հոկտեմբերի եւ հունվարի բանաձեւերի պահանջները:
ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչեւի տեղեկացմամբ, վաղը ԵԽԽՎ-ն կքննարկի նաեւ «Հյուսիսային Կովկասում իրավապաշտպանների վիճակի եւ բնակչության վերադարձի հարցերը, ինչի առնչությամբ որեւէ բանաձեւ, ըստ Կոսաչեւի, չի ընդունվի: Դրա փոխարեն ռուս-վրացական պատերազմից մեկ տարի անց իրավիճակի առնչությամբ այսօր ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ բանաձեւ կընդունի:
Տեղեկացնենք, որ ԵԽԽՎ-ն բանաձեւ կընդունի նաեւ Մոլդովայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության գնահատման առնչությամբ: Խորհրդարանական վեհաժողովը կքննարկի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային արձանագրություն ավելացնելու նախագիծը` առողջ միջավայրի իրավունքի ամրագրման առնչությամբ: Եվրոխորհրդարանականները կանդրադառնան նաեւ Միացյալ ազգերի կազմակերպության, կլիմայի փոփոխությունների, լոբբիինգի եւ այլ հարցերի: