Ուրանի հարստացման նոր գործարանը բաց է ստուգումների համար
Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը Իրանը միջին հեռահարության հրթիռներ է արձակել: Fars գործակալությանը վկայակոչելով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ արձակվել են «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» տիպերի մի քանի հրթիռներ:
Փորձարկումներն իրականացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունների շրջանակներում: Ավելի վաղՙ սեպտեմբերի 26-ին արձակվել էին փոքր հեռահարության «Ֆաթեհ» (հեռահարությունըՙ առնվազն 200 կմ) եւ «Տոնդար» (մոտ 150 կմ) հրթիռներ, ինչպես նաեւ փորձարկվել էր համազարկային կրակի համակարգ:
«Մեծ մարգարե-4» պայմանական անունը կրող զորավարժություններն ավարտվել են սեպտեմբերի 28-ի ցերեկը, երբ Իրանը փորձարկել է իր ամենահզորՙ «Շահաբ-3» եւ «Սեջիլ» բալիստիկ հրթիռները: Թեհրանը պնդում է, որ դրանց հեռահարությունը մինչեւ 2000 կիլոմետր է:
Ինչպես եւ անցյալ տարի, զորավարժություններն անցնում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը իրադրության սրման պայմաններում: Սեպտեմբերի 25-ին Իրանի ղեկավարությունը ՄԱԳԱՏԷ-ին հայտնեց, որ երկրի տարածքում առկա է ուրանի հարստացման նորՙ երկրորդ գործարան: Ըստ նախնական տեղեկությունների, գործարանը Ղում քաղաքի մոտակայում է եւ շահագործման է հանձնվելու 2010-ին:
Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ նոր գործարանը կառուցվում է ՄԱԿ-ի պահանջներին լիովին համապատասխան: Նա հավաստիացրել է, որ միջուկային օբյեկտի դուռը բաց կլինի միջազգային տեսուչների առջեւ: