Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանի վարիչ մարմնի ատենապետ Համբիկ Սարաֆյանը նկատում է, որ սփյուռքը որպես հավաքական ուժ ցեղասպանության հարցին մոտենում է այն տեսանկյունից, որ Հայաստանի իշխանությունները լիազորված չեն սփյուռքի անունից բանակցություններ վարելու Թուրքիայի հետ` ցեղասպանության ճանաչման կամ ընդհանրապես հայկական հարցի առումով: «Փոխադարձաբար սփյուռքն էլ բարոյական իրավունք չունի Հայաստան պետության վարած քաղաքականության մասին կարծիքներ արտահայտել: Սփյուռքը չի կարող պարտադրել իր կարծիքը, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Սակայն ցեղասպանության առումով շատ կարեւոր է սփյուռքի կարծիքը, որովհետեւ հայ պահանջատիրության իրավատերը սփյուռքահայությունն է եւ այստեղ ապրող գաղթականների ժառանգորդները, որոնց նախնիները ենթարկվել են ցեղասպանության: Սփյուռքի գոյացումը հետեւանքն էր ցեղասապանության: Դրա համար էլ անհասկանալի եւ անընդունելի ենք համարում, որ առանց խորհրդակցելու սփյուռքի հետ, որոշվում է ադ հարցը քննարկման առարկա դարձնել»:
Ատենապետի խոսքերով` խնդիրը սխալ ճանապարհի վրա է դրվել 1998-ից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց ցեղասպանությունը արտաքին գերատեսչության հարց դարձնել, «առանց մտածելու` ցեղասպանության հարցի քննարկումը եւ ձեւաչափը` որպես պետական քաղաքականություն, նպաստավո՞ր է Հայաստանին, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս էր այդ հարցն արծարծվելու»:
Սարաֆյանի դիտարկմամբ, եթե հայկական հարցը պետք է արծարծվեր կամ քննարկվեր որպես արտաքին քաղաքականության հիմնահարց` հարկավոր էր ունենալ գիտական ուսումնասիրություններ եւ մշակել արտաքին քաղաքականության ծրագիր: «10 տարի հարցը օդից կախված էր: Չի կարելի սեղանին դնել մի հարց եւ հետո ասել, որ քննարկման ենթակա չէ եւ հետո էլ այն շահարկել»:
Սոցիալ-դեմոկրատի խոսքերով` սփյուռքը հույս ուներ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը կփոխեր մոտեցումը եւ Հայաստանին կձերբազատեր ոչ նպաստավոր քաղաքական փակուղուց, բայց այդպես չեղավ: Նա նկատում է, որ պետությունը մի քաղաքականություն է վարում, իսկ սփյուռքը` մեկ ուրիշ, եւ իրենք շարունակելու են պահանջել ցեղասպանության ճանաչումը:
Անդրադառնալով նախագահ Սարգսյանի հոկտեմբերի մեկից համահայկական շրջագայությանն ու սփյուռքի գաղթօջախներում անցկացվելիք հանդիպումներին` նկատեց, որ նախագահը այդ հանդիպումը պետք է ծրագրած լիներ 2-3 ամիս առաջ, մինչ արձանագրությունների ստորագրումը, «որպեսզի սփյուռքն էլ հասկանար, որ հանուն պետականության շահի եւ պետականության ապահովման հարցը պետք է այսպես լուծվի: Դա չի եղել, դրա համար էլ գտնվում ենք այս իրավիճակում: Հակասություն է առաջանում, եւ անընդհատ այս հարցն արծարծվելու է»: Սարաֆյանը խորհուրդ է տալիս մինչ խաղի մեջ մտնելը իմանալ խաղի կանոները, «այլ ոչ թե մտնելուց հետո ասել` չէ՛, նրանք այդպիսի բան չեն անի»:
Սփյուռքահայ քաղաքական գործիչը ուշադրությամբ լսել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն ու եկել եզրակացության, որ եթե անգամ լինեն լուրջ քննարկումներ, արձանագրությունների մեջ փոփոխություններ չեն լինի: «Բոլորս էլ հասկանում ենք, որ օրենսդիր մարմնի քննարկումները Հայաստանում ձեւական բնույթ են կրում, բայց, համենայն դեպս, արտաքին աշխարհի համար հնչողություն ունի: Մինչդեռ Թուրքիայում ընթացող քննարկումները ձեւական բնույթ չունեն: Կան կուսակցություններ, որ դեմ են, կան կուսակցություններ, որ կողմ են: Եթե Թուրքիայի խորհրդարանում «այո» կամ «ոչ» ասեն, պետք չէ դիտարկել դա որպես խաղ հայերի դեմ»:
Սարաֆյանը տեղեկություն չունի, թե նախագահի հետ սփյուռքում կայանալիք հանդիպումներն ինչպես ու ինչ ձեւաչափով են ընթանալու: Խոստանում են առանձին հանդիպման ժամանակ նախագահի հետ հայտնել իրենց դժգոհությունները, սակայն ունեն նաեւ մտավախություններ: «Անհանգստանում ենք, որ հանդիպումների ժամանակ մի երկուսը նկարեն, շատ սիրուն խոսքեր ասեն, եւ հետո առանց սփյուռքի կարծիքը լիարժեք լսելու, ընկալելու, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարի, որ նախագահը գնաց սփյուռք, հանդիպեց ներկայացուցիչների հետ, ու նրանք համակարծիք են: Մեր հարցերը չեն ստանա այն լուսաբանումը, որ ակնկալում ենք»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ