«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ԲՅՈՒՋԵ 2010-Ի ՀԻՄՔՈՒՄ 1,3 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ Է

Որը նկատելիորեն պակաս է անգամ 2009-ի վերաբաշխված բյուջեից

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա արտահերթ նիստում, ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթըՙ 2010-ի պետական բյուջեն, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ եկող տարվա համար կանխատեսվում է 1,3 տոկոս տնտեսական աճ: «Եվ դա, հիշեցնում եմ, 2009-ի կտրուկ անկումից հետո», ասաց նա, ավելացնելով, որ 2010-ին կանխատեսվում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 3 տրիլիոն 214 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ, պլանավորված ցուցանիշներն իրատեսական են: Սակայն նա չբացառեց տնտեսական ավելի բարձր ակտիվության եւ տնտեսական ավելի բարձր աճի հավանականությունը:

Ինչ վերաբերում է կոնկրետ բյուջետային ցուցանիշներին, ապա 2010-ի համախմբված բյուջեն (ներառյալ համայնքային բյուջեները) եկամուտների մասով կկազմի 701,7 մլրդ դրամ, ծախսերի մասովՙ 884,7 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 183 մլրդ դրամ: Համայնքների բյուջեները եկամտային եւ ծախսային մասերով կկազմեն 82,3 մլրդ դրամ: Միայն պետական բյուջեն եկամուտների մասով կկազմի 676,6 մլրդ դրամ, ծախսերի մասովՙ 859,6 մլրդ դրամ եւ դեֆիցիտըՙ 183 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը, ըստ Տիգրան Դավթյանի, նախատեսվում է ծածկել արտաքին եւ ներքին ֆինանսավորման աղբյուրներից: Արտաքին աղբյուրներն են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, որոնք կտրամադրեն պակասուրդի 92 մլրդ դրամը:

Բյուջեի եկամտային մասից 533 մլրդ դրամը կապահովվի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 105 մլրդ դրամըՙ պարտադիր սոցվճարների, մնացածըՙ պաշտոնական դրամաշնորների եւ այլ եկամուտների շնորհիվ:

Ֆինանսների նախարարը նշեց, որ բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ կկազմի 5,6 տոկոս: Սակայն նպատակ կա աստիճանաբար նվազեցնել այս ցուցանիշը, հասցնելով մինչճգնաժամային 3 տոկոսին: Տիգրան Դավթյանը փաստեց, որ այս տարվա բյուջեն նկատելիորեն պակաս է 2009-ի ծրագրվածից եւ անգամ վերաբաշխված բյուջեից (85 մլրդ դրամով), որի նպատակը հենց բյուջեի դեֆիցիտի բալանսավորումն ու կրճատումն է: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ անվտանգության, սոցիալական եւ գիտության ծախսերը պահպանվել են եւ կազմում են ծախսերի զգալի մասը: Փոխարենը զգալիորեն կկրճատվեն կապիտալ ծախսերը եւ պետական ապարատին ուղղվող ծախսերը:

Մասնավորապես, տեղեկացվեց, որ պետական ապարատի համար սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների գնում ընդհանրապես նախատեսված չէ, ինչպես նաեւ 2 անգամ նվազեցվել են գործուղումների եւ պետական-պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված ծախսերը: Նպատակային ծրագրերով ծախսերըՙ ճանապարհաշինություն, աղետի գոտու շինարարություն, կկազմեն 70 մլրդ դրամ: Այդուհանդերձ, այստեղ ծախսերը նույնպես էապես նվազեցված են:

Ֆինանսների նախարարի ներկայացրած բյուջեի նախագիծը հաստատվեց կառավարության կողմից եւ ուղարկվեց Ազգային Ժողովի քննարկմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4