Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 1-ին, ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որի ղեկավարությունը վստահվեց Հրանուշ Հակոբյանին: Այդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները արձանագրելով, կարելի է նշել, որ նախարարությունը կայացած կառույց է եւ ծառայում է այն նպատակներին, որոնց համար ստեղծվեց: Ինչպես նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, «հայրենիք-սփյուռք կապերը, գործակցության կարեւորագույն ու գլխավոր ուղղությունները որոշելիս մենք, իհարկե, զրոյից չենք սկսել, քանի որ անկախությունից հետո 17 տարիների ընթացքում երկրում որոշակի կապեր հաստատված էին: Եվ մենք ուսումնասիրելով այդ փորձը, նաեւ ուսումնասիրելով մեծ սփյուռք ունեցող երկրների փորձը, որոշակի մոտեցումներ ու պետական կառավարման մարմինների որոշ գործունեությունները, սփյուռքի նախարարությունը դրանք ներդրեց իր գործելաոճում եւ համախմբվեց գիտակ մասնագետների մի թիմով»: Իհարկե, հաշվի առնելով հայկական սփյուռքի առանձնահատկություններն ու գործող կառույցների գործունեության ձեւերն ու մոտեցումները, մշակվեց աշխատելաոճ, հիմքում ունենալով նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: «Սփյուռքը դա 7 միլիոն անհատների գումար է, նշեց նախարարը եւ ավելացրեց, այն կազմված է 30.000 հայկական կազմակերպություններից, տարբեր չափերի, մեծությունների, մակարդակների, եւ դրանց յուրաքանչյուրի հետ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, հաշվի առնելով նաեւ առանձնահատկություններն ու հենց դրանք էլ նկատի ունենալով ծրագրեր մշակել ու իրականացնել: Բազմաշերտ, բազմակարծիք, բազմալեզու, բազմակրոն եւ բազմակարիք է սփյուռքը: Ցավոք, կա կարծիք, որ ով սփյուռքում է ապրում, նա ունեւոր է, հարուստ է, բայց դա այդպես չէ եւ հենց սփյուռքում կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնք օգնության ու լուծման կարիք ունեն»: Նախարարը ցավով նշեց, որ սփյուռքի դպրոցներում աշակերտների թիվը գնալով նվազում է, փակվում են կրթօջախներ եւ բացի դրանից լեզվապահպանման, հայ ինքնության կորուստը, մայրենիի մոռացությունը անդառնալի կլինի, եթե օր առաջ չմիջամտվի ու համապատասխան աջակցություն ու օգնություն չցուցաբերվի: Սփյուռքը մեր հարստությունն է, եւ նրա ներուժը պետք է ճիշտ օգտագործել: Համախմբված լինելով, շեշտեց նախարարը, մենք պետք է գուրգուրենք, փայփայենք մեր սփյուռքահայերին, երկխոսենք ու համատեղ ուժերով պայքարենք համազգային խնդիրների լուծման համար»: Հրանուշ Հակոբյանը մանրամասն նշելով ողջ տարվա ընթացքում սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերը, դրանց դերն ու նշանակությունը, շեշտեց. «Մենք, հայաստանցիներս, մեր պետությունը պետք է անենք ամեն ինչ օգնելու հայկական սփյուռքին հայապահպանության խնդիրներում»: Նախարարը թվարկելով կարեւորագույն խնդիրները, տեղեկացրեց, որ մշակվել ու իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ` սփյուռքահայ ուսուցիչների դասընթացների վերապատրաստում, համահայկական համաժողովների անցկացում, ուսանողական պրակտիկան Հայաստանում անցկացնելու ծրագրերի իրականացում եւ այլն: Իսկ հայկական ընտանիքի պահպանման լուրջ խնդիրը լուծելու եւ երիտասարդներին հայրենիքի հետ կապելու համար մշակվեց ու իրականացվում է «Արի տուն» ծրագիրը, որը ոչ միայն լայն արձագանք է գտել սփյուռքում, այլ ստացվել են բազմաթիվ շնորհակալական գրեր ու առաջարկներ, որ այդ ծրագիրը լինի շարունակական` ամբողջ տարվա ընթացքում: «Իհարկե, ասաց տիկին Հակոբյանը, եղան մարդիկ սփյուռքից, որ փորձեցին ասել, թե ի դեմս նախարարության մեզ կառավարող կառույց է ստեղծվում, իսկ ես պատասխանեցի, որ սփյուռքի նախարարությունը չի կարող կառավարել, քանզի այն գործում է ՀՀ կառավարության կազմում եւ, հետեւաբար, այն հայրենի կառավարությունում սփյուռքահայի խոսքը բարձրացնող մարմինն է, որպեսզի ամեն մի հայ իրեն հավասար զգա իր հայրենիքում, անկախ նրանից, թե որ երկրում է ծնվել ու ապրում»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ