Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը սփյուռքյան Ռամկավար ազատական կուսակցության հիմնական շրջանակների հետ համատեղ ձեռնամուխ է եղել հոկտեմբերի 3-ից 6-ը Երեւանում միավորիչ համաժողովի կազմակերպմանը: Այս համաժողովի նպատակն է վերջապես միավորել Ռամկավար ազատական կուսակցության տարանջատված թեւերը եւ կուսակցության կենտրոնական գրասենյակը այսուհետեւ տեղակայել քաղաքամայր Երեւանում: Այս գործընթացին տարատեսակ գռեհիկ ու տգետ հայտարարություններով փորձում են խոչընդոտել որոշ մարդիկ, որոնց գործողությունները շատ դեպքերում ծիծաղելի եւ զավեշտական բնույթ են ստանում: Այսպես, դեռ 2007-ին գրանցված «Երիտասարդ արտաշատցիների հայրենակցական միությունը» այս տարվա մայիսին վերանվանվեց որպես «Արմենական» հասարակական կազմակերպություն եւ օգտվելով Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հետ անվան նմանությունիցՙ փորձում է ստահոդ տեղեկություններ տարածելՙ խափանելու կուսակցության միավորմանն ուղղված համաժողովը: Վերջերս այդ «Արմենական» ՀԿ-ն սփյուռքի մեր ընկերների էլեկտրոնային հասցեներով (մոտ 367 հասցե) տեղեկություն է տարածել, թե իբր Երեւանում խոզագրիպ կա, եւ համաժողովը չեղյալ է հայտարարվում: Ահա այստեղ է, որ զավեշտալին վտանգավոր բնույթ է ստանում, երբ պարզ է դառնում, որ կան մարդիկ, ովքեր սեփական քմահաճույքների համար պատրաստ են ամեն մի քայլի, նույնիսկ հայրենիքի վարկաբեկմանը, միայն թե խոչընդոտեն համասփյուռքյան համաժողովին: Ի դեպ, իր ասուլիսներից մեկում ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանը նշել էր, որ ինքն է «Արմենական» ՀԿ-ի նախագահը (www.panorama.am/am/politics/2009/07/08/harakelyan/), այսինքնՙ պարզ է, թե ով է իրականում «Արմենական» դարձած «Արտաշատցի երիտասարդների հայրենակցական միություն» ՀԿ-ի հետեւում կանգնած:
Հայաստանում տուրիստական սեզոնի ամենաեռուն շրջանում նման տեղեկատվության տարածմանը չի կարելի վերաբերվել որպես տղայական «շուստրիության», եւ հանրապետության իշխանությունների ուշադրությունն ենք հրավիրում նման վարքագիծ դրսեւորած անձանց նկատմամբ, կոչ անելով իրավապահ մարմիններին` ԱԱԾ-ին, ոստիկանությանը եւ դատախազությանըՙ անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խուլիգանական արարքները կանխելու եւ երկրի վարկը պաշտպանելու համար: Դիմում ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանին եւ առողջապահության նախարարությանըՙ անհապաղ հանդես գալ հայտարարությամբՙ հերքելու համար Հայաստանում իբր թե խոզագրիպի առկայության մասին ստահոդ լուրերը:
Ի դեպ, Արմենական-ՌԱԿ-ի գրասենյակից շեշետեցին, որ անկախ ամեն ինչից, հոկտեմբերի 3-ին Երեւանում կսկսվի ՌԱԿ-Արմենական համասփյուռքյան համաժողովը:
«Ազգ»