«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՑՈՒՅՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՈՒ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Glendale newspapers ամերիկյան պարբերականը երեկ անդրադարձել էր Կալիֆոռնիայում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական (Մայք Խարաբյանի կողմնակիցներ), Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների եւ Հայ երիտասարդների միության նախաձեռնած բողոքի ակցիային` ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների ու նախաստորագրված արձանագրությունների:

«Փելանքոնի այգում եւ հարակից մի քանի փողոցներում հնչում էին օրհնություն եւ երգեր: Շատ մարդիկ Կալիֆոռնիայից եւ հարակից այլ նահանգներից 37 ավտոբուսով եկել էին Լոս Անջելեսի հրապարակ, իրենց բողոքն ու անհամաձայնությունն արտահայտելու նախաստորագրված արձանագրություններին:

«Չհանձնվենք Թուրքիային», «Վե՛ր կաց եւ պայքարի՛ր մինչեւ վերջ», մի քանի ժամ շարունակ Լոս Անջելեսի փողոցներում հնչում էր այս արտահայտությունը:

Հայկական երիտասարդական կազմակերպության արեւմտյան շրջանի նախագահ Արեգ Սահակյանը նկատում է, որ ցույցը կարտահայտի մարդկանց ձայներն ու կարծիքները, որ Հայաստանը չպետք է համաձայնի արձանագրությունների բովանդակությանը եւ չպետք է ստորագրի: Սահակյանը փաստում է, որ նախաստորագրված արձանագրություններում իրենց համար անընդունելի է հատկապես միջկառավարական պատմական ենթահանձնաժողովի ստեղծումը, որտեղ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության փաստը:

Գլենդեյլի ավագ դպրոցի տնօրեն Սալբի Փոփչյանն ու Հովերի ավագ դպրոցի տնօրեն Անաբելլա Մեհրաբյանը մասնակցում են միջոցառմանը, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռանան ու ժխտեն: Դպրոցի տնօրենները խոստովանում են, որ մի քանի հազար մարդկանց ներկայությունը փաստում է, նրանք ցանկանում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում տեղի ունեցած բողոքի ցույցը նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո առաջինը չէր: «Ազգ» օրաթերթը վերջերս անդրադարձել էր Նյու Յորքում կայացած բողոքի ակցիային, որտեղ մի քանի հարյուր հայեր դեմ էին արտահայտվել հայ-թուրքական արձանագրություններին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4