Հայաստանի ֆինանսական դաշտում իր բարձր եւ ինքնատիպ տեղն ունի «Ամերիաբանկը», որն ամենաբարձր կանոնադրական կապիտալն ունի Հայաստանի բանկային համակարգում` 18 մլրդ դրամ:
«Ամերիաբանկը», որպես կորպորատիվ, ներդրումային բանկ, մատուցում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ կորպորատիվ հաճախորդներին եւ տրամադրում է սահմանափակ մանրածախ ծառայություններ:
«Մենք չենք դադարեցրել վարկավորումը նույնիսկ առկա ֆինանսական ճգնաժամի պատճառով, մեր վարկային փաթեթն ընթացիկ տարում արդեն աճել է մոտ 10 մլրդ դրամով», ասաց պարոն Հանեսյանը :
«Ամերիաբանկն» արդեն ունենալով երկու մասնաճյուղ Երեւանում եւ Ստեփանակերտում, սեպտեմբերի 24-ին բացեց իր նոր մասնաճյուղը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:
Վայրի ընտրությունը պատահական չէր. նախ դա արվել է Հայաստանի հարավում ակտիվ ֆինանսական գործունեություն ծավալելու համար, երկրորդ` Քաջարանում է գտնվում «Ամերիաբանկի» ամենախոշոր հաճախորդներից մեկը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի կոմերցիոն տնօրեն Ա. Ավետիսյանը նշեց, որ իրենք «Ամերիբանկի» հետ վաղուց են համագործակցում, եւ ինքը շատ գոհ է բանկի ծառայություններից: Խոսելով իրենց կոմբինատի գործունեության մասին` Ավետիսյանը նշեց, որ տարեկան ունենում են 15-16 մլն դոլարի արտադրանք, իսկ ճգնաժամի այս ժամանակահատվածում իրենց աշխատատեղերը ոչ թե նվազել, այլ աճել են. «Չնայած ճգնաժամն իր բացասական հետեւանքները այնուամենայնիվ թողել է մեզ վրա», հավելեց նա:
«Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տ. Ջրբաշյանի խոսքերով` իրենց բանկը, որպես կորպորատիվ ներդրումային բանկ, աճի տեմպերով նմանը չունի Հարավային Կովկասում: «Ընթացիկ տարում բանկի ակտիվները կրկնապատկվել են, 30 տոկոսով ավելացել են վարկերը, ընդ որում բանկի վարկային փաթեթի 81 տոկոսը կազմում են կորպորատիվ հաճախորդների վարկեր, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներն աճել են 5, իրավաբանական անձանց ժամկետային ավանդները` 3 անգամ», ասաց Ջրբաշյանը:
«Ինչ վերաբերում է Քաջարանի մասնաճյուղին,- շարունակեց նա,- ապա այն ոչնչով չպետք է զիջի Երեւանի գլխամասային գրասենյակին: Այստեղի աշխատակիցները լիարժեք վերապատրաստում են անցել Երեւանում»:
Քաջարանի մասնաճյուղի բացմանը ներկա էր նաեւ բանկի տնօրենների խորհրդի անդամ, մոսկվաբնակ Արամ Գրիգորյանը : Նա կարեւորեց այն հանգամանքը, որ այս մասնաճյուղի բացմամբ իրենք փաստորեն «կարեւոր ավանդույթ են ստեղծում բանկային կուլտուրայում»:
Բանկի առաջիկա ծրագրերից նշվեցին, որ մասնաճյուղեր են բացվելու նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլն. «Իսկ Կապանի մեր մասնաճյուղի ստեղծման աշխատանքներն արդեն սկսված են: Հիմա մենք համապատասխան վայր ենք ընտրում», ասաց բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Հանեսյանը:
Փաստորեն արդեն կայացած Քաջարանի մասնաճյուղը, որն այս պահին ապահովում է ութ աշխատատեղ, իսկ հետագայում այս թիվը հասնելու է 11-ի, ինչպես նաեւ Կապանի ստեղծվելիք մասնաճյուղը, մեծ ակտիվություն կբերեն Հայաստանի հարավի ֆինանսական ոլորտին, որը «Ամերիաբանկի» կարեւոր նպատակներից մեկն է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Քաջարան-Երեւան