«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 90-ԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ

60 տարի Երեւանի պետական համալսարանում եմ` ուսանողական տարիներից մինչեւ այսօր: Բացի դասախոսի ամենահարգված աշխատանքից, ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի ռեկտորության օրոք եղել եմ կուսկոմիտեի 2-րդ քարտուղար, ակադեմիկոս Ս. Ա. Համբարձումյանի ռեկտորության ժամանակ` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մ. Մարտիրոսյանի ղեկավարած տարիներին` դեկան եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ. Ա. Հ. Սիմոնյանի օրոք` ամբիոնի վարիչ: Ուստի անդրադարձս ընդգրկում է համալսարանի այդ տարիների ուշադրության արժանի զարգացումները:

Առաջինը, որ պետք է նշեմ, դա ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆ. Խ. Բադալյանի կողմից ՀԽՍՀ Գրողների միության նախագահ Վ. Պետրոսյանին եւ մեծանուն բանաստեղծ Պ. Սեւակին «ժողովրդական թշնամիներ» պիտակով մեղադրանքներն են, որոնք նա ներկայացրել էր կուսակցական վերադաս մարմիններին: Պահանջվեց, որպեսզի համալսարանն այդ նյութերը քննության առնի եւ տա գանահատական: Ընդ որում, Խ. Բադալյանը մենակ չէր: Ստեղծվեց հանձնաժողով: Երեք ամիս քննարկվեցին «վերեւից» անընդհատ համալսարան ուղարկվող «նութերը»: Ամփոփվեցին հանձնաժողովի եռամսյա քննարկումները եւ արժանի գնահատական տրվեց: Որպես հանձնաժողովի նախագահ պետք է առանձնակի նշեմ հանձնաժողովի անդամներ ակադեմիկոս Վ. Սարգսյանի, լուսահոգի ակադեմիկոս Լ. Խուրշուդյանի, լուսահոգի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գ. Անանյանի, արհմկոմիտեի նախագահ Հ. Մկրտչյանի ազնիվ ու սկզբունքային դիրքորոշումները: Այդ շրջանում համալսարանական կյանքը շատ էին պղտորում անանուն նամակներով զրպարտություններ: Ռեկտորի պարտականություններին անցնելուց հետո ակադեմիկոս Ս. Ա. Համբարձումյանը արգելեց անանուն նամակներին ընթացք տալը, եւ դա էապես նպաստեց համալսարանական կյանքի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:

1980-ական թվականներին ԵՊՀ ռեկտորի ուշադրությանն արժանի զարգացումներից էին կրթության եւ ընդհանրապես համալսարանական կյանքի հումանիզացիան, հումանիտար առաջատար ուղղություններով ուսումնառության կազմակերպումը, նոր մասնագիտություններ, ամբիոններ եւ ֆակուլտետներ բացելը եւ, որ շատ կարեւոր է, հայագիտությունն ամենուրեք զարգացնելը: Հատկապես արժեւորվում էր հումանիտար նոր ֆակուլտետների բացումը: Դրանցից առաջինը վերաբերում է փիլիսոփայության ֆակուլտետին: Չնայած փիլիսոփայությունը որպես գիտություն առանձնակի կարեւորվել է դեռեւս միջնադարյան Հայաստանի համալսարանների կրթահամակարգում, բայց ԵՊՀ-ում փիլիսոփայության ֆակուլտետը բացվեց մայր բուհի հիմնադրումից բավականին ուշ:

Համալսարան հրավիրված, Գերմանիայում փայլուն կրթություն ստացած պրոֆ. Հայկ Գյուլիքեխվյանը 1923 թ. ԵՊՀ-ում ստեղծեց փիլիսոփայության ամբիոն: 1964 թ. պատմության ֆակուլտետում բացվեց փիլիսոփայություն մասնագիտությամբ ուսումնառություն: 1968 թ. կազմավորվեց փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհուրդ: Նա մեծապես նպաստեց փիլիսոփայության զարգացմանը, բարձր գիտական կոչումներով կադրերի պատրաստմանը եւ փիլիսոփայության նոր ամբիոնների կայացմանը: Վերջիններս տարբեր տարիներին գլխավորել են դոկտոր-պրոֆեսորներ Հ. Գաբրիելյանը, ակադեմիկոս Գ. Բրուտյանը, պրոֆեսորներ Մ. Մելիքյանը, Հ. Շաքարյանը, Ա. Հովսեփյանը եւ Հ. Միրզոյանը: Հատկապես մեծ է ակադեմիկոս Գ. Բրուտյանի դերը ԵՊՀ-ում եւ ընդհանրապես հանրապետությունում փիլիսոփայական կրթության եւ գիտության համակողմանի զարգացման գործում: Այնուհանդերձ, մինչեւ 1982 թ. ԵՊՀ-ն փիլիսոփայական ֆակուլտետ չուներ: ԽՍՀՄ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունը այդ իրավունքը վերապահել էր միայն Մոսկվայի, Լենինգրադի եւ Կիեւի համալսարաններին: Այդ պայմաններում, ռեկտոր Ս. Ա. Համբարձումյանը գտավ հարցի լուծման միակ հնարավոր տարբերակը` ԵՊՀ-ում բացել ոչ թե փիլիսոփայության, այլ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետ: ԵՊՀ խորհուրդը ընդունեց համապատասխան որոշում եւ ԽՍՀՄ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարությունը թույլատրեց համալսարանում բացել փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետ: Դա մեծ երեւույթ էր, քանի որ այդ հիմքի վրա 2004 թ. ԵՊՀ-ում բացվեց նաեւ առանձին սոցիոլոգիայի ֆակուլտետը (հիմնադիր դեկան ընտրվեց պրոֆ. Լ.Հարությունյանը): Դա ԵՊՀ կրթական համակարգի եւ ընդհանուր կայնքի հումանիզացիայի լուրջ փուլ էր, կարեւոր պայման հանրապետությունումՙ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի գծով բարձր որակավորման մասնագետներ պատրաստելու եւ հումանիտար մեծ մշակույթի համակողմանի զարգացման համար:

ԵՊՀ-ի գոյության բոլոր տարիներին միշտ էլ մեծ է եղել լեզուների իմացության դերը: Այն հատկապես կարեւորվում է մեր դարում աշխարհի եւ կյանքի, այդ թվում նաեւ կրթության եւ գիտության համընդհանուր գլոբալացման պայմաններում: Մինչեւ 90-ական թվականները ԵՊՀ-ում օտար լեզուների ուսումնառությունն իրականացվում էր բանասիրության ֆակուլտետում, որտեղ դեռեւս 1935 թ. գործում էր օտար լեզուների ամբիոնը: 1980-ական թվականներից ռեկտորատը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ օտար լեզուների ուսումնառությունը դուրս բերելու բանասիրության ֆակուլտետից եւ ստեղծելու առանձին ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ: Դա դյուրին գործ չէր, քանի որ բանասիրության ֆակուլտետը դրան դեմ էր: Երբ բանասիրական ֆակուլտետի դեկան ընտրվեց լուսահոգի պրոֆ. Գ. Անանյանը, ճիշտ գնահատվեց ռեկտորատի մոտեցումը, եւ 1991 թ. ԵՊՀ-ում ստեղծվեց նորՙ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ (դեկան ընտրվեց դոց. Կ. Կարապետյանը):

Ռեկտորատի ուշադրության կենտրոնում էր նաեւ ռուսական բանասիրական ֆակուլտետի արդյունավետ գործունեությունը, որը գլխավորում էր երջանկահիշատակ ակադեմիկոս, մեծ հայրենասեր եւ մտավորական Լեւոն Մկրտչյանը: Ընդգծվում էր այն միտքը, որ առանց Պուշկինի, Տոլստոյի եւ Դոստոեւսկու լեզուն գիտենալու չենք կարող դառնալ մեծ մշակույթի եւ բարձր քաղաքակրթության ազգ: Այստեղից էլ ռեկտորատի դիրքորոշումը` մեծ տեղ տալ նաեւ ռուսաց լեզվի ուսումանառության արդյունավետ իրականացմանը, հայ-ռուսական գրական եւ մշակութային կապերի ուսումնասիրությանն ու լուսաբանմանը: Դրանով է բացատրվում, որ 90-ականների վերափոխումների ծանր տարիներին ԵՊՀ խորհուրդը մերժեց ռուսաց լեզվի ուսուցումը համալսարանի կրթահամալիրում դադարեցնելու որոշ մարդկանց խավարամիտ առաջարկները:

Ռեկտոր Ս. Ա. Համբարձումյանը անգնահատելի աշխատանք կատարեց ԵՊՀ-ում տնտեսագիտության ֆակուլտետը վերաբացելու հարցում: 1975 թ. համալսարանի տնտեսագիտության երկու ֆակուլտետները կանխամտածված փակվեցին եւ դրանց հիմքի վրա ստեղծվեց Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1983 թ. առաջացավ ԵՊՀ-ում տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման խնդիրը, որի ակտիվ նախաձեռնողը տողերիս հեղինակն էր, որին միացավ լուսահոգի պրոֆ. Յու. Մովսիսյանը: Հարցի լուծման դիմադրությունը տարբեր ատյաններում բավականին մեծ էր: Միայն ռեկտորի գրեթե մեկտարյա հետեւողական քաղաքականության շնորհիվ հաջողվեց Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկա ֆակուլտետը տեղափոխել Երեւանի պետական համալսարան (առաջին դեկան ընտրվեց պրոֆ. Յու. Մովսիսյանը): Ռեկտորատը արմատական բարելավումներ իրականացրեց վերաբացված ֆակուլտետի որակական լուրջ զարգացումների համար: 1990-1991 ուստարվանից ընդունելություն կազմակերպվեց նոր` միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությամբ, իսկ 1992 թ. ստեղծվեց նորՙ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը: Ընդունելության քննություններից աշխարհագրություն առարկան փոխարինվեց օտար լեզուներով, որն էապես նպաստեց օտար լեզուների յուրացմանը: Տնտեսագիտական առարկաների դասավանդումը համակարգված ձեւով տեղափոխվեց արեւմտյան մոդելի` շուկայական տնտեսագիտության հիմքերի վրա: Շատ չանցած, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը ձեռք բերեց մեծ հեղինակություն:

Համալսարանական կյանքի հումանիտարացումը տեղի էր ունենում ոչ միայն նոր, հումանիտար ֆակուլտետներ ու մասնագիտություններ բացելով, այլեւ գործող համակարգում որակական փոփոխություններ մտցնելով: Դրանցից արժանի է հիշատակման ռեկտորատի որոշմամբ 1980 թ. հայոց պատմության դասավանդման կազմակերպումը ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, ինչպես նաեւ աթեիզմի պատմության եւ տեսության ամբիոնի 1991 թվականից վերանվանումը կրոնների պատմության ու տեսության ամբիոնի, որն արմատապես փոխեց այդ առարկայի դասավանդման ուղղվածությունը եւ իմաստը:

Երեւանի պետական համալսարանի կյանքի կարեւոր ոլորտներից է հրատարակչությունը, որի զարգացմանը մեծապես նպաստեց ռեկտոր, լուսահոգի Մ. Գ. Ներսիսյանը: Նրան հաջորդած ռեկտոր Ս. Ա. Համբարձումյանի օրոք այն ավելի զարգացավ: Միաժամանակ բարձրացվեց հրատարակչության արդյունավետ գործունեության մակարդակը: Մասնավորապես, միայն 1977-1991 թթ. համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց ավելի քան 1000 աշխատություն: Դրանց կեսից ավելին վերաբերում է հայագիտությանը եւ ընդհանրապես հումանիտար գիտություններին: Այդ տարիներին հրատարակվել են այնպիսի արժեքավոր կապիտալ աշխատություններ, ինչպիսիք են Մ. Չամչյանի «Պատմություն Հայոց»-ի երեք հատորները, «Նոր բառագիրք հայկազյան լեզվի» (երկու հատոր), Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը», Գ. Տեր-Մկրտչյանի «Հայագիտական ուսումնասիրությունները», Ա. Մեյեի «Հայագիտական հետազոտությունները», Խրիմյան Հայրիկի «Երկերը», Ն. Ադոնցի «Հայկական հարցի լուծման շուրջ», Ա. Այտնյանի «Քննական քերականություն արդի հայերեն լեզվի», Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» (երեք հատորով), Թ. Հակոբյանի, Ս. Մելիք-Բախշյանի եւ Հ. Բարսեղյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը»: Մեր ժամանակակիցներից ակադեմիկոսներ Գ. Ջահուկյանի, Գ. Բրուտյանի, Էդ. Աղայանի, Էդ. Ջրբաշյանի, Հր. Թամրազյանի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Մ. Մկրյանի, Գ. Անանյանի, պրոֆեսորներ Հ. Թութունջյանի, Հր. Միրզոյանի, Հ. Էդոյանի, Ս. Մուրադյանի, Ժ. Քալանթարյանի, Վ. Գաբրիելյանի եւ շատ ուրիշների աշխատությունները: Հրատարակված գիտական աշխատությունները ոչ միայն նոր աստիճանի հասցրեցին հայագիտությունը, այլեւ մեծապես նպաստեցին հայ ժողովրդի ազգային ոգու եւ արժանապատվության բարձրացմանը:

ԵՊՀ 90-ամյա տարեգրությունում չափազանց կարեւոր տեղ ունեն ղարաբաղյան շարժմանը եւ Արցախի ազատագրմանը վերաբերող զարգացումները: ԵՊՀ-ն ղարաբաղյան շարժման կենտրոն էր, ոչ միայն այն պատճառով, որ շարժման ղեկավարները հիմնականում համալսարանականներ էին, այլեւ բոլոր առումներով (բարոյահոգեբանական, գիտական, քաղաքական) համալսարանը ամենուրեք նպաստում էր Արցախի ազատագրական պայքարին: Ավելին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում սկսվեցին ընդհարումները, կրակոցները, որոնք հետագայում վերաճեցին արցախյան ազատագրական պատերազմի, ԵՊՀ-ն ամեն միջոցներով սատար կանգնեց դրան: Պատմության ֆակուլտետի ուսանող Թաթուլ Կրպեյանը դարձավ ազգային հերոս: Շատ համալսարանականներ, հատկապես ուսանողները, իրենց կյանքը զոհաբերեցին այդ պայքարին: Արցախյան ազատագրական պայքարին ցույց տրվող օգնությունն առավել արդյունավետ դարձնելու համար ԵՊՀ-ում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի նախագահը ռեկտոր Ս. Համբարձումյանն էր, անդամներ` կուս.կոմիտեի առաջին քարտուղար, դոց. լուսահոգի Յու. Մկրտումյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Ղարիբյանը, լուսահոգի ակադեմիկոս Լ. Խուրշուդյանը, արհմկոմիտեի նախագահ Հ. Մկրտչյանը, պրոֆ. Գ. Փանոսյանը, դոցենտներ Ն. Գալստյանը եւ լուսահոգի Ֆ. Մելիք-Ադամյանը: Այդ օգնությունը հիմնականում եւ արդյունավետ կազմակերպում ու իրականացնում էին դոցենտներ Ն. Գալստյանը, Ֆ. Մելիք-Ադամյանը: Համալսարանը բոլոր հնարավոր միջոցներով զգալի օգնություն ցույց տվեց հատկապես հերոսաբար մարտնչող, Մարտակերտի շրջանի տասնյակ բնակավայրեր ազատագրած Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումներին: Հետագայում արցախյան ազատագրական պայքարին մեծ նպաստ բերեց արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Գ. Մելիքյանը, որն արժանացավ կառավարական մի շարք պարգեւների:

Արցախյան ազատագրական պատերազմի հաղթանակը չի կոփվել միայն պատերազմի դաշտում: Դրան նախորդել են ազգին բարոյահոգեբանորեն նախապատրաստելու, ժողովրդի մեջ ազգային ոգին արթնացնելու եւ պահպանելու լուրջ աշխատանքներ, որոնց անմնացորդ լծված էր նաեւ ԵՊՀ-ն: Ավելին, 80-ական թվականների վերջերին «ղարաբաղյան հակամարտությունը» տեղափոխվեց Մոսկվա, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջան, որտեղ լարված մեծ աշխատանք կատարեցին ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանը եւ Ս. Համբարձումյանը, գրողներ Ս. Խանզադյանը եւ Վ. Պետրոսյանը, պրոֆ. Լ. Հարությունյանը, արվեստաբան Հ. Իգիթյանը, հրապարակախոս Զ. Բալայանը եւ ուրիշներ: Մոսկվայում ընթացող դաժան պայքարում մեր պատվիրակներին համապատասխան պատմական, իրավական ու քաղաքական գաղափարներով ու տեղեկատվությամբ օգնում էին հատուկ Մոսկվա մեկնած համալսարականներ պրոֆ. Լ. Խուրշուդյանը, պրոֆ. Բ. Հարությունյանը, դոց. Վ. Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Դա գաղափարական եւ քաղաքական դաշտում ոչ պակաս դաժան գոտեմարտ էր, որի գագաթնակետը դարձավ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված ԽՍՀՄ Գերգույն խորհրդի նախագահության եւ ԽՄԿԿ քաղբյուրոյի պատմական նիստը, այդ նիստում հատկապես քաղբյուրոյի նախագահ Մ. Գորբաչովի եւ ԵՊՀ ռեկտոր Ս. Համբարձումյանի առճակատումը` համալսարանի ռեկտորի փայլուն հաղթանակով: Հանրապետության հեղինակավոր եւ հայրենասեր ներկայացուցիչների արժանապատիվ պահվածքը եւ բարոյահոգեբանական աշխատանքն ու ջանքերը մեծապես նպաստեցին արցախյան ազատագրական պայքարի պատմական հաղթանակին:

Գ. Ա. ՂԱՐԻԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆոսոր, ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4