Սեփական ճանաչմանը վաղուց ի վեր Հայաստանի սահմաններից դուրս վստահացած մեր ժամանակակիցների մեջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այս տարի նշում է ծննդյան 70-ամյակը: Փաստն այս շատերի համար զարմանալի է թվում, քանի որ քիչ չեն կոմպոզիտորին շատ ավելի երիտասարդ կարծողները: Դա էլ բացատրություն ունիՙ Մանսուրյանը ժամանակի տերերից է իր տաղանդի ուժով: Եվ հայաստանաբնակները հերթական անգամ դրանում համոզվելու հնարավորությունը կունենան այսօր կայանալիք կոմպոզիտորի հոբելյանական մեծ համերգում: Այն, ինչպես տեղեկացանք հոբելյարից, կազմված է երկու մասից: Համերգի ծրագրում ընդգրկված են նրա տարբեր տարիներիՙ 1965-2009 թվականների ստեղծագործությունները, այդ թվումՙ «Սերենադ», Երկու հայրեն Նահապետ Քուչակից, «Երեւանյան բակ թթենիով», «Կտակ» պիեսները, 3 պիեսՙ թանձր տոներով, 3 խմբերգ «Արվեստ քերթության»: Երկրորդ մասում ներառված են կինոյի համար ստեղծված գործերից: Համերգային ծրագիրը ներկայացնելու են «Սերենադ» կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկՙ Էդուարդ Թոփչյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկՙ Հովհաննես Չեքիջյան), Պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկՙ Ռոբերտ Մլքեյան), Արաքս Մանսուրյանը (սոպրանո), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր): «Ազգի» հետ զրույցում կոմպոզիտորը նշեց. «Յուրաքանչյուր հոբելյանական համերգ նվեր է ստեղծագործողին ու գնահատանք նրա վաստակի, այնպես որ ուրախ եմ համերգի կազմակերպման համար»:
Ն. Պ.