«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԻԱՅՆ ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ

Դանիայում իրենց մրցավեճն ավարտեցին ըմբշամարտի աշխարհի առաջնության պարգեւները վիճարկող հունահռոմեական ոճի ըմբիշները: Այս մրցաձեւում մեր ըմբիշներից սպասելիքները մեծ էին: Սակայն միայն 55 կգ քաշային Ռոման Ամոյանն արդարացրեց իրեն` դառնալով աշխարհի փոխչեմպիոն:

Հաջորդաբար պարտության մատնելով եգիպտացի Հասան Մուստաֆային, ադրբեջանցի Ռովշան Բայրամովին, կորեացի Գյու Ջին Չոյին ու ռումինացի Վիրգիլ Մունտյանուին, Ռոմանը մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցն իրանցի Ռեհանպուր Սորյանն էր, որն աշխարհի գործող չեմպիոնն է: Ռոմանին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ պարտվելով` արժանացավ արծաթե մեդալի:

Մեդալի ակնկալիքներ կային նաեւ գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւից: Սակայն 2008-ի Եվրոպայի չեմպիոնն ու 2007-ի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիրն անհաջողության մատնվեց եւ մնաց առանց պարգեւի: Առաջին փուլում հաղթելով չինացի Քսյու Լոնգշենգին, Պատրիկեեւը հաջորդ գոտեմարտում զիջեց թուրք Ռիզա Կայալպին, որն արժանացավ բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալին մոտ էր 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը: Հաղթելով մոլդովացի Վլադիմիր Զապորոժանին, Սասունը հաջորդ գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ֆարիդ Մանսուրովին, որը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սասունն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Հաղթելով ճապոնացի Ցութոմու Ֆուջիմուրային եւ իրանցի Աֆշին Բյաբանգարդին, բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը պարտվեց կուբացի Պեդրո Մուլենին:

Անհաջող էր նաեւ 2008-ի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի (74 կգ) ելույթը: Առաջին գոտեմարտում հաղթելով շվեդ Ռոբերտ Ռոսենգրենին, հաջորդ փուլում Արսենը զիջեց ֆրանսիացի Քրիստոֆե Գուենոտին: Արթուր Շահինյանը (84 կգ) եւ Արման Գեղամյանը (96 կգ) առաջին իսկ գոտեմարտերում պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից: 60 կգ քաշային կարգում Արտակ Հարությունյանը հաղթելով խորվաթ Տոնիմիր Սոկոլին, 2-րդ գոտեմարտում պարտվեց ճապոնացի Ռուտարո Մացումոտոյին:

Այսպիսով, Դանիայում մրցագորգ դուրս եկած մեր 7 ըմբիշներից միայն Ռոման Ամոյանն արժանացավ մեդալի: Թիմային ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը 15 միավորով 11-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Առավել հաջող հանդես եկան թուրքերը (44 միավոր), որոնց հաջորդեցին Իրանի (39) եւ Ադրբեջանի (38) հավաքականները: Ռուսները 31 միավորով 4-րդ տեղում են:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինե Շադոյանը (67 կգ) առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց նիգերիացի Իֆեոմա Իհեանաշոյից եւ դուրս մնաց հետագա պայքարից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4