Ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջնագծում բավական թեժ պայքար է ծավալվել մրցանակային տեղերի համար: Մեդալների բաշխման հարցում չափազանց կարեւոր էր տուրի կենտրոնական` «Փյունիկ»-«Ուլիս» հանդիպումը: Փյունիկցիները նախորդ երկու տուրերում պարտվել էին, ինչը հնարավորություն էր ընձեռել «Միկային» միավորներով հավասարվել չեմպիոնին, իսկ հաղթանակների քանակով գլխավորել աղյուսակը: Այնպես որ «Փյունիկն» այլեւս նահանջելու տեղ չուներ:
Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին փյունիկցիները, որոնք էլ 18-րդ րոպեին Ալբերտ Թադեւոսյանի հարվածից հետո հաշվի մեջ առաջ անցան: Մինչեւ ընդմիջում փյունիկցիները կարող էին եւս երկու գոլ խփել:
20-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո փյունիկցիները չկարողացան մոտ տարածությունից գրավել դարպասը: Իսկ 19 րոպե անց հարվածային դիրքում հայտնված Ալբերտ Թադեւոսյանը նպաստավոր պահը չօգտագործեց:
«Ուլիսն» ընդամենը երկու անգամ սպառնաց մրցակցի դարպասին: Դավիթ Գրիգորյանի հեռահար հարվածը հետ մղեց դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը, իսկ երբ Գագա Թբիլաշվիլին փորձեց մենմենակ դուրս գալ դարպասապահի դիմաց, վերջին պահին Մբոլան գնդակը հանեց անկյունային:
Թվում էր, թե մինչեւ ընդմիջում 1-0 հաշիվը կպահպանվի: Սակայն 44-րդ րոպեին աջ թեւով Արթուր Քոչարյանի սրընթաց ներխուժումը տուգանային հրապարակ կոպիտ խախտումով ընդհատեց «Փյունիկի» պաշտպան Վահագն Մինասյանը: Մրցավարը նշանակեց 11 մ հարված, որն անվրեպ իրացրեց Քոչարյանը` խփելով առաջնությունում 12-րդ գոլը: Այսպիսով, վերջապես գերազանցվեց վաղուց արդեն Հայաստանից հեռացած Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշը:
Ընդմիջումից հետո Վարդան Մինասյանը խաղադաշտ մտցրեց բրազիլացի Մարկոսին, որն էլ շուտով խփեց հաղթական գնդակը: Որքան էլ «Ուլիսը» փորձեց փրկել խաղը, դա հյուրերին չհաջողվեց: Նրանց գրոհները հախուռն էին, գնդակը հիմնականում բարձրից փոխանցվում էր տուգանային հրապարակ, որտեղ հստակ էին գործում «Փյունիկի» պաշտպանները: Այսպիսով, հաղթելով 2-1 հաշվով, «Փյունիկը» շարունակում է պայքարը ոսկե մեդալների համար:
Հերթական հաղթանակը տոնեց նաեւ «Միկան», որը հյուրընկալվել էր Գյումրիում: Այդ հաղթանակում իր մեծ ներդրումն ունեցավ «Միկայի» դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլին, որը 24-րդ րոպեին հետ մղեց Անդրանիկ Բարիկյանի 11 մ հարվածը: Իսկ ահա «Միկայի» լեգեոնական Ուլիսես Մոնտենեգրոն 11 մ նշակետից դիպուկ հարվածեց եւ անչափ կարեւոր հաղթանակ պարգեւեց իր թիմին, որը պահպանեց առաջատարի դիրքը:
Վերջին հանդիպումներում վերելքով է հանդես գալիս «Բանանցը», որը ճիգեր է գործադրում շրջանցելու «Ուլիսին»: Կապանում «Բանանցը» 2-1 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին» շնորհիվ Սամվել Մելքոնյանի խփած 2 գոլերի: Դաշտի տերերից աչքի ընկավ Վահե Դավթյանը:
Բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար մղվող պայքարում բախտորոշ նշանակություն ուներ «Հրազդանում» կայացած «Կիլիկիա»-«Արարատ» հանդիպումը: Դարպասները մնացին անառիկ: Գոլային ամենաիրական պահն ունեցավ արարատցի Արտակ Գրիգորյանը, սակայն մենմենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չօգտագործեց գոլային պահը: «Արարատը» գործնականում զրկվեց բարձրագույն խմբում տեղը պահպանելու հնարավորությունից:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Միկա | 23 | 16 | 2 | 5 | 50-24 | 50 |
2. Փյունիկ | 23 | 15 | 5 | 3 | 41-12 | 50 |
3. Ուլիս | 23 | 13 | 4 | 6 | 37-17 | 43 |
4. Բանանց | 23 | 13 | 2 | 8 | 35-21 | 41 |
5. Գանձասար | 23 | 9 | 2 | 12 | 20-34 | 29 |
6. Շիրակ | 23 | 5 | 7 | 11 | 22-45 | 22 |
7. Կիլիկիա | 23 | 4 | 4 | 15 | 17-41 | 16 |
8. Արարատ | 23 | 1 | 6 | 16 | 12-40 | 9 |
Ռմբարկուները
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 12 |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Բոտի Դեմել | «Միկա» | 11 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 10 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 10 |
Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 9 |