Դա խոսում է այդ հարաբերություններում ամերիկյան գործոնը շրջանցելու Թուրքիայի հնարավորությունների սահմանափակվածության մասին
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ: «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էր նրա եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը: Տրամաբանական է, որ թուրքական մամուլն էլ լուսաբաներ Քլինթոն-Դավութօղլու հանդիպումը, որին, բացի թուրք եւ ամերիկացի լրագրողներից, ուշադիր հետեւել են նաեւ հայկական մամուլի ներկայացուցիչները:
Հիլարի Քլինթոնի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպմանը նույն օրը արձագանքեցին թուրքական հանրային հեռուստատեսությունն ու կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը: Դրանց օրինակին հաջորդ օրը հետեւեցին կենտրոնական թերթերը: «Զամանը», վկայակոչելով արտգործնախարար Դավութօղլուին, նշում է, որ հանդիպման օրակարգում եղել է հինգ գլխավոր հարցՙ հետեւյալ հաջորդականությամբ. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը, Կիպրոսի հիմնահարցը, ահաբեկչության դեմ պայքարը (խոսքը PKK-ի մասին է), Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքական զարգացումներն ու Իրանի միջուկային ծրագիրը:
Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունները եղել են նաեւ Քլինթոն-Դավութօղլու հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը, որին ածանցվել են մյուս խնդիրները: Ինչո՞ւ: Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ նախքան հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը դրա բովանդակության մասին լրագրողներին իրազեկել են: Տիկին Քլինթոնը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ թուրքական կառավարության գործադրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին: Հանդիպմանը պետքարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը, վերահաստատելով այդ հարցում պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանի եւ ընդունելի ժամկետում: Նա միաժամանակ նշել է Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը շարունակելու անհրաժեշտության, ինչպես նաեւ գործընթացին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության մասին:
Հատկանշական է, որ թուրքական հանրային հեռուստատեսությունը «Լուրեր» ծրագրում հաղորդելով այս ամենի մասին, որը հաջորդ օրը առավոտյան նաեւ կրկնեց, կայքէջում այս լուրը չի տեղադրել: Համենայն դեպս, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եղել էին նաեւ նախագահ Օբամայի հետ վարչապետ Էրդողանի հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը, ընդ որումՙ այդ հանդիպումն ընդամենը տեւել էր 15 րոպե: Դա էլ, ինչ խոսք, առանձնակի նշանակությամբ կարեւորում է ամերիկյան գործոնի դերը այդ հարաբերություններում եւ վկայում ամերիկյան գործոնը շրջանցելու Թուրքիայի կարողությունների սահմանափակվածության մասին:
Ինչ վերաբերում է մյուս խնդիրների ածանցմանը հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, ապա դրա մասին էլ «Էվրենսելի» սեպտեմբերի 28-ի համարում գրել է առաջնորդողի հեղինակ Իհսան Չարալանը: Ահա թե ինչ է ասում նա «Էրդողանն ԱՄՆ-ից վերադարձավ տնային հանձնարարությամբ» վերնագրով առաջնորդողում. «Վարչապետ Էրդողանը «ժողովրդավարեցման» նախաձեռնության առնչությամբ, ԱՄՆ-ում հայտարարեց. «Թուրքիայում կան ոչ միայն քրդեր, այլեւ 32 էթնիկ տարբեր խմբեր: Հետեւաբար այս նախաձեռնությունը առնչվում է բոլորին: Հայերի ու Հայաստանի հետ խնդիրներն անգամ ներառված են նախաձեռնության մեջ»: Նա դրանով ցույց տվեց, որ հետամուտ է լինելու «քրդական» նախաձեռնությունը օրակարգից դուրս մղելու իր որդեգրած դիրքորոշմանը: Ենթադրվում է, որ հոկտեմբերին, երբ Հայաստանի հետ շփումներն իրականացվեն ու արձանագրությունները ներկայացվեն երկու երկրների խորհրդարաններ, քրդական հարցն էլ ավելի հետ կմղվի: Սրանք Էրդողանի ներքին քաղաքականությունը պայմանավորող շեշտադրումներն էին: Իսկ արտաքին քաղաքականության առնչությամբ վարչապետն ԱՄՆ-ում ընդգծում էր, որ հոկտեմբերի առաջին կեսին նախատեսվում են շփումներ Հայաստանի հետ եւ արձանագրությունների քննարկումը խորհրդարաններում, ինքը հոկտեմբերի կեսերին կայցելի Իրաք, իսկ վերջերինՙ Իրան, այդ ընթացքում Սիրիայի եւ Ադրբեջանի հետ կկատարվեն մեկօրյա փոխադարձ այցեր: Այսպիսով, նա բացահայտում էր, որ այցերի օրակարգը նախապես համաձայնեցված է Վաշինգտոնի հետ: Դա պատահական չէ, որովհետեւ այս երեք երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ն ունի առանցքային դիրք, նույնիսկ վերջին պահին Օբաման Էրդողանի հետ ունեցել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող 15 րոպեանոց վերջնական հանդիպում: Եթե Էրդողանը PKK-ի հարցում աջակցություն պահանջի Վաշինգտոնից, ապա կստանա հետեւյալ պատասխանը. «Նախ դուք տարածաշրջանում քայլեր կատարեք Իրանի, Իրաքի, Հայաստանի հետ, որից հետո մենք էլ կդիմենք անհրաժեշտ քայլերի»: Ըստ երեւույթին, քրդական հարցի լուծման համար, (դրա լուծումը, ըստ Էրդողանի իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության, ենթադրում է PKK-ի չեզոքացումը, քրդամետ «Ժողովրդահասարակարգ» կուսակցության մասնատումն ու երկրում քրդերի դիմադրության ճնշումը) սահմանված ժամանակացույցի տարրերը մինչեւ դեկտեմբերին նախատեսվող Օբամա-Էրդողան հանդիպումը ճշտված են: Տնային հանձնարարությունները կառավարության առջեւ են դրված: ԱՄՆ-ի կողմից Էրդողանի կառավարության տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական վարկավորումը պայմանավորված է լինելու այդ հանձնարարությունների կատարման հաջողություններով»: