Այս մասին ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը
Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին եւ 2010-ի պետական բյուջեի մանրամասներին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա մատնանշեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսների տվյալներով, Հայաստանի տնտեսական անկումը կանգ է առել եւ նույնիսկ փոքրՙ 0,1 տոկոսով կրճատվել է: Նախարարության կանխատեումներով, մինչեւ տարեվերջ Հայաստանի 18,4 տոկոս տնտեսական անկումը կկրճատվի` կազմելով 15 տոկոս: 2010-ին կնկատվի 1,2 - 1,3 տոկոս տնտեսական անկում, որն, ըստ ֆինանսների նախարարի, «հիմքեր կտա ասելու, որ երկրի տնտեսությունը ռեալ դուրս է եկել ճգնաժամից»:
Խոսելով 2010-ի բյուջեի մասին, Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ կառավարությունը փորձելու է լինել ավելի զգուշավոր եւ պահպանողական` նպատակ ունենալով հետզհետե նվազեցնել բյուջեի դեֆիցիտը եւ մի քանի տարվա ընթացքում հասնել այն համամասնություններին, որոնք առկա էին մինչեւ ճգնաժամը: Այսինքն, հաջորդ տարվա ծախսերը լինելու են ավելի ցածր, քան այս տարվանը: Նախարարը նաեւ հայտնեց, որ անվտանգության եւ սոցիալական ծախսերը պահպանվելու են, բայց թոշակների, աշխատավարձերի եւ նպաստների էական բարձրացումներ չեն լինելու: Կլինեն միայն ստաժի հետ կապված հաշվարկային բարձրացումներ:
«Ազգի» հարցին, թե որքա՞ն է կազմել Հայաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2008-ին եւ որքա՞ն կկազմի 2009-ին եւ 2010-ին, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ չի կարող այդ ցուցանիշներն ասել երկու պատճառներով: Առաջինը, որ դեռ հայտնի չէ, թե մինչեւ տարեվերջ որքան կկազմի մեր ՀՆԱ-ն, երկրորդը, որ փոխարժեքի կտրուկ փոփոխություն է եղել այս տարվա ընթացքում: Սակայն նա նշեց, որ մեկ շնչին ընկնող 3500 դոլարին մոտ ցուցանիշն այս տարի, պայմանավորված տնտեսական ճգնաժամով, զգալիորեն նվազած կլինի:
Ա. Մ.