Ըստ թուրքական «Զաման» թերթի` նրանց շռայլորեն ֆինանսավորում է Միացյալ Նահանգները
«Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպմանը, կարծիք էինք հայտնել, որ սահմանափակ են հայ-թուրքական հարաբերություններում ամերիկյան գործոնը շրջանցելու Թուրքիայի հնարավորությունները: Դրանց սահմանափակվածությունը պայմանավորում են Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի շահագրգռությունները, որոնց հայաստանյան դրսեւորումներն են դառնում Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շռայլորեն ֆինանսավորումը:
Ինչո՞ւ են ֆինանսավորում ամերիկացիները: Այդ հարցին «Ամերիկյան աջակցությամբ արձանագրության «ուսուցում» Հայաստանում» վերնագրով երեկվա համարում պատասխանել է «Զամանը»: Ահա թե ինչ է գրում թուրքական թերթը. «Հայաստանը չի ուզում բաց թողնել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման առիթը: Արձանագրությունների ստորագրման նախօրյակին, որոնք նորմալացում են նախատեսում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սփյուռքում շրջագայության է դուրս գալիս, որ արձանագրությունները սփյուռքահայերին ներկայացնի եւ ստանա նրանց աջակցությունը:
Արձանագրությունների առնչությամբ բացատրական աշխատանքների կատարմանը ձեռնամուխ են եղել նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Մինչեւ հոկտեմբերի 4-ը երկրում կազմակերպվում են ժողովրդական 14 տարբեր քննարկումներ 11 քաղաքներում: Քննարկումներին մասնակցում են քաղաքապետարանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հատատությունների եւ բնակչության ավելի քան 100 ներկայացուցիչներ: Այս նախագծի ծախսերը հոգում է Միացյալ Նահանգները:
Մինչ հայ առաջնորդ Սարգսյանը «համահայկական ուղեւորությամբ» պատրաստվում է այցելել Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Ռոստով, երկրում աշխուժանում են արձանագրությունների քննարկումները: Դրանց առնչությամբ ժողովրդին իրազեկելու պարտականությունը ստանձնում են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ համատեղ նախագծեր իրականացնող Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը` ICHD-ն եւ «Եվրասիա» հիմնադրամը: Արձանագրությունների հետ կապված տարբեր սցենարները ժողովրդին են բացատրում քաղաքացիական հասարակության հայաստանյան երկու կազմակերպությունների` ԱՄՆ-ում կրթություն ստացած փորձագետները: Ժողովրդական քննարկումներից առաջինը երկուշաբթի օրն իրականացավ Արտաշատ եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մինչեւ հոկտեմբերի 4-ը նախատեսվում է Սիսիանում, Մարտունիում, Հրազդանում, Դիլիջանում, Վանաձորում, Գյուրիում, Արմավիրում, Աշտարակում եւ Երեւանում հաջորդաբար իրականացնելու 14 հանդիպում: Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը` USAID-ն (հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ) «բնակչությանը իրազեկելու» այս նախագծին շուրջ 100 հազար դոլար է հատկացրել: Քաղաքացիական հասարակության երկու կազմակերպությունների փորձագետները ժողովրդական քննարկումների հիման վրա զեկույց են պատրաստելու եւ այս զեկույցը ներկայացնելու են ՀՀ նախագահին, արտգործնախարարությանը, Ազգային ժողովին, բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ միջազգային կազմակերպություններին: Թեեւ Հայաստանում գործող այս երկու կազմակերպությունների ղեկավարները արձանագրությունների առնչությամբ որեւէ դիրքորոշում չեն հայտնել, այնուամենայնիվ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:
Արձանագրությունների շուրջը ծավալվող բանավեճերն այս ամենով չեն սահմանափակվում: Այսօր Երեւանում արձանագրությունների հետ կապված քննարկում է կազմակերպում նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը: Ինչ վերաբերում է Երեւանի Հանրապետության հրապարակում բողոքի ցույցեր կազմակերպող Դաշնակցությանը, ապա այս կուսակցությունն էլ 30 հազար ստորագրություն է հավաքել արձանագրությունների դեմ: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության, ենթադրվում է, որ արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին, ներքին խորհրդակցությունների համար նախատեսված 6-շաբաթյա ժամկետի ավարտին եւ հոկտեմբերի 14-ին նշանակված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման նախօրյակին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ