Առանց կրակի ծուխ չի լինում: Ու ժամանակին գերմանական «Շպիգել» պարբերակաանի հրապարակած տեղեկությունը վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի պատճառների առնչությամբ ավելի շուտ իրականություն ստացվեց, քան ապատեղեկատվություն:
Երեկ, ինչպես եւ սպասվում էր, Բրյուսելում հրապարակվեց Վրաստանում հակամարտության առնչությամբ միջազգային անկախ փաստահավաք առաքելության զեկույցը, որի որոշ գնահատականների մասին արդեն հայտնի էր դարձել մամուլի հրապարակումներից:
Ամեն դեպքում, փաստահավաք առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիին զեկույցը ներկայացրել է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոմիության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին:
Ըստ զեկույցի, իսկապես ակնհայտ է դառնում, որ օգոստոսյան պատերազմը օգոստոսի 7-իՙ լույս 8-ի գիշերը սանձազերծել է Վրաստանը` հրթիռակոծելով Ցխինվալը, որից հակամարտությունը դարձել է ոչ միայն ներպետական, այլեւ միջպետական, քանի որ ներգրավվել են նաեւ ռուսական զորքերը, միացել է նաեւ աբխազական զինուժը:
Հիշեցնենք, որ «Շպիգելը», իր աղբյուրներին հղում կատարելով, հրապարակել էր տեղեկություն, թե հանձնաժողովն ավարտել է աշխատանքը, եւ զեկույցը կհրապարակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, ինչն ամբողջությամբն համապատասխանում է իրականությանը: Բացի այդ, գերմանական պարբերականի տեղեկացմամբ, օգոստոսյան պատերազմի պատճառների ուսումնասիրման Եվրոմիության հանձնաժողովի հաշվետվությամբ նշվում է, թե պատերազմը Հարավային Օսիայում սկսել է Վրաստանը:
Նախնական հայտարարությունների համաձայն, հանձնաժողովը պատրաստելիք փաստաթուղթը պետք է հանձներ Բրյուսել, որտեղ էլ կորոշեին, թե արժե հրապարակել հաշվետվությունը: Նկատենք, որ Եվրոմիության խորհրդի մամլո հաղորդագրությունը արդեն տարածվել էր, մինչդեռ պաշտոնական կայքէջում տեղադրված չէր զեկույցը: Այն հայտնվեց ավելի ուշ` երեք մասերով, ընդհանուր 1122 էջ ծավալով:
Ա. Հ.