«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԸ ՆԱԵՎ ԳԼԽԱՑԱՎԱ՞ՆՔ ԵՆ

  «Ազգը» բազմիցս անդրադարձել է ՀԴՄ կտրոնների ներդրման ու դրա դրական կողմերին: Սակայն, ինչպես միշտ, մեր երկրում ամեն մի նորույթ խեղաթուրվում է: Դրանից անմասն չմնաց նաեւ այդ կտրոնների վերադարձի գործառույթը: Խմբագրությանը դիմած մեր համաքաղաքացիների բազմաթիվ դժգոհությունները պարզելու համար այցելեցի Նոր Նորքի «Խորհրդային հարկային տեսչություն»: Առավոտյան ժամը 9.30-ին արդեն մոտ 80 մարդ էր եկել կտրոնները հանձնելու, սենյակների մոտ հերթագրվելու, դժգոհում էին ու իրար լրացնելով ցույց տալիս, թե ամբողջ գիշեր ինչպես են խարույկի շուրջն անցկացրել:

Վաստակաշատ մանկավարժ Սիրանուշ Աթոյանը դժգոհում էր. «Մենք հավատացինք հայրենի կառավարությանը եւ խնամքով հավաքեցինք կտրոնները: Իսկ հիմա տեսեք, թե ինչպիսի նվաստացած վիճակում ենք հայտնվել: Ինչո՞ւ ես 2-3 օր 8-10 ժամ պիտի կորցնեմ հերթերում, որպեսզի ստանամ 2500 կամ 5000 դրամ: Մի՞թե սա մարդկային վերաբերմունք է: Եվ շատերը, ովքեր գեթ մեկ անգամ կշփվեն ու կհայտնվեն նման իրավիճակում, այլեւս կտրոններ չեն պահանջի, որ վիրավորված ու մեր իրավունքները ոտնահարվածի վիճակում չհայտնվեն»:

74-ամյա Ստեփան Մխիթարյանն ավելացրեց. «Ճիշտ էր ասում Սունդուկյանը, չեմ հիշում որ պիեսում, դիփ խաբում են ու խաբում: Հիմա էլ նույնն է: Հավատացինք ու խաբվեցինք: Դե արի հաշվապահ տանը պահի, որ կտրոնների վրայի գումարը, քանակը ճիշտ չափի բերի, էլ չեմ ասումՙ դրանց վրա 50 կամ 100 անգամ, գուցե կլինեն մարդիկ, որ նաեւ 400 անգամ պիտի ստորագրեն, ու ընկնենք օրերով սրանց դռները մի քանի կոպեկի համար: Բա մի հատ հարուստ էստեղ կտեսնե՞ք: Եթե գտնես, աչքս մտցրու: Մենակ մեզ նմաններին են խաբում: Մենք էլ հավատացինք ու վատամարդ լինելով կտրոնները պահանջեցինք ամեն գնումից հետո: Հիմա որոշել եմ, վե՛րջ, ո՛չ մի կտրոն, ո՛չ մի հերթ: Թե չէ սոված, ծարավ, առանց պետքերը հոգալու հնարավորության օրեր անցկացնենք, որ ոմանք ասեն, տեսեք, թե ինչ լավ բան արեցինք: Չէ, հերիք է, ավելի լավ է խանութպաններին օգնենք, քան թե էսպես մեզ ստորացնեն ու վիրավորեն»:

Որպեսզի հերթով չներկայացնեմ, թե էլ ով ինչ բառերով ու ինչ վիրավորանքներով էր հարձակվել ինձ վրա, որոշեցի տեղում այդ դժգոհությունները փոխանցել ղեկավարներին: Պարզվեց, որ տեսչության աշխատակիցները, նաեւ ղեկավարությունը, ինչպես նշեց պետի տեղակալ Արմեն Խախամյանը , քաջատեղյակ են կացությանը: Նրանք մի շարք միջոցներ են ձեռնարկել, սակայն 16 աշխատողով հնարավոր չէ օրական 100-150 մարդու ընդունել: Դեռ ավելին, երեք ամսում արդեն ընդունել ու ճանապարհել են մոտ 5500 քաղաքացու եւ վերջին օրերին մինչեւ երեկոյան ժամը 21.00-ն են աշխատում, ու էլի մարդկանց հոսքը չի դադարում: Չնայած միջանցքներում մի քանի աթոռ ու սեղան են դրվել, լուծվել են խմելու ջրի ու էլի մի քանի հարցեր, սակայն դեռ բարեկիրթ վիճակ չի հաջողվում ստանալ: Եվ ահա այստեղ է, որ լրատվամիջոցները մեծ դեր ունեն անելու, որ պաշտոնական մարմինները որոշումներ ընդունելուց զատ կարողանան դրանք պատշաճ իրականացնել: Մնում է եզրակացնել, որ կերկարաձգվի կտրոնների ընդունումը, եթե ուզում են, որ դրանք ամենուր պահանջվեն:

Ռ. Ռ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4