Հարգելի «Ազգ» օրաթերթի խմբագրություն, ըստ ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ հարկային օրենսգրքերի` սեփականությունները լինում են ընդհանուր համատեղ եւ ընդհանուր բաժնային: Ընդհանուր համատեղ սեփականության դեպքում գույքահարկի համար պատասխանատու է մեկ անձ (մեկ սեփականատեր), որի անունով ձեւակերպված է սեփականությունը: Իսկ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում, երբ օբյեկտը պատկանում է մեկից ավելի սեփականատերերի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրված է. «Իրեն անցած ժառանգության (այժմ սեփականության) արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն» (գլուխ 77, հոդված 1244, կետ 2): Հարկային օրենսգրքի գույքահարկի բաժնի ընդհանուր դրույթներում (գլուխ 1-ին, հոդված 3, կետ 2) գրված է. «Եթե հարկվող օբեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքի սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն յուրաքանչյուրն իր բաժնի չափով»: Այս օրենքների հիման վրա հարկային մարմինները պետք է ընդհանուր բաժնային սեփականության դեպքում գույքի գնահատման գումարը բաժանեն սեփականատերերի միջեւ եւ յուրաքանչյուրին հարկեն նրան անցած գույքի արժեքի համապատասխան: Սակայն հարկային մարմինները ե՛ւ ընդհանուր համատեղ, ե՛ւ ընդհանուր բաժնային սեփականությունները հարկում են նույն ձեւով` գույքի (շինության) գնահատման ամբողջ գումարն են հարկում եւ հարկն են բաժանում սեփականատերերի վրա, որի հետեւանքով հարկերը զգալի կերպով ավելանում են: Իսկ եթե հաշվի առնենք, որ նույն կարգավիճակում է նաեւ գյուղական բնակչությունը, որտեղ գույքը սկզբում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է մեկ անձի, իսկ հետագայում նա այն ժառանգել է իր հետնորդներին եւ գույքը դարձել է ընդհանուր բաժնային, բայց հարկվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն, ապա Հայաստանի բնակչության մի ահռելի մասը անօրինական (չհիմնավորված) հարկեր է մուծում:
Չի պահպանվում նաեւ 3 (երեք) միլիոնի սահմանափակումը, որը օրենքով հարկման ենթակա չէ (տես հարկային օրենսգրքի գույքահարկի բաժնի ընդհանուր դրույթների 2-րդ գլխի 6-րդ հոդվածի աղյուսակի առաջին տողը): Դրա պատճառը նույնպես այն է, որ բաժնային սեփականատերերին հարկում են ամբողջ գույքի գնահատման արժեքից, որը գերազանցում է 3 միլիոն դրամը: Իսկ եթե հարկեն ըստ նրանց ստացած սեփականության արժեքի, այդ գումարը կարող է պակաս լինել 3 միլիոնից եւ քաղաքացիների մի մասը կարող է հարկ չվճարել:
Ի՞նչ է ստացվում: Երբ մեր իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հնարավորության դեպքում ավելացնելու թոշակները, բնակչությանը ապահովելու ապրուստի անհրաժեշտ միջոցներով, ավելացնելու աշխատողների նվազագույն աշխատավարձը, իսկ հարկային մարմինները, շրջանցելով օրենքները, տարբեր պատճառաբանություններով լրացուցիչ անօրինական հարկեր են բարդում ժողովրդի վրա: Օրինակ, 2008 թվականին 2007-ի համեմատ կրկնակի գույքահարկեր ենք վճարել: Դա բացատրվել է անշարժ գույքի գների բարձրացմամբ: Բայց քաղաքացին, որը ոչ վաճառում է իր անշարժ գույքը եւ ոչ էլ գնում է, ինչո՞ւ պետք է ավելորդ հարկեր վճարի, այն էլ կրկնակի: Երբ հարկային օրենսգրքում կան հարկման հաստատուն թվեր, եւ դրանք Ազգային ժողովի կողմից փոփոխված չեն, անշարժ գույքի գների վայրիվերումները չպետք է ազդեն այս քաղաքացիների հարկերի վրա: Ավելորդ հարկ պետք է վճարեն իրենց գույքը վաճառող կամ գույք գնող քաղաքացիները եւ նրանց անշարժ գույքի առեւտրով զբաղվող կազմակերպությունները:
Հարգելի խմբագրություն, երբեմն տարբեր ամբիոններից կարծիքներ են հայտնվում, որ ժողովուրդը պասիվ է: Չգիտեմ, թե ինչ ակտիվություն են ակնկալում այդ կարծիքներ հայտնողները (գուցե հանրահավաքներ կամ փողոցային եւ այլ միջոցառումներ), սակայն ամենաքաղաքակիրթ ձեւը մնում է մամուլը: Սակայն պետք է նշեմ, որ մեր մամուլը, այսինքն չորրորդ իշխանությունը, անուշադրության է մատնված: Նույնիսկ այն հարցերը, որոնք լուծում են պահանջում իշխանության վերին ոլորտներում, կամ չեն հասնում իշխանությանը, կամ անտեսվում են: Հայտնի է, որ օրենքները կազմվում են Ազգային ժողովում եւ հաստատում է հանրապետության նախագահը: Եթե այդ օրենքներում կան սխալ ձեւակերպումներ եւ տարընթերցումներ, դրանով պետք է զբաղվի Ազգային ժողովը: Եթե հարկային մարմինները, խախտելով հարկային օրենքները, սխալ հարկեր են ներկայացնում քաղաքացիներին, դրանով պետք է զբաղվեն հսկիչ եւ վերահսկիչ հանձնաժողովները: Այդ մասին պետք է տեղյակ լինեն հանրապետության նախագահը, վարչապետը, մարդու իրավունքների պաշտպանը (օմբուդսմենը): Իսկ քաղաքացին, որը հնարավորություն չունի այդ հարցերը ներկայացնելու համապատասխան մարմիններին, դիմում է մամուլի օգնությանը:
ԷԴՈՒԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ