«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔՆԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՆ»

Լիբանանում լույս տեսնող «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը նշում է, որ մինչ Մոսկվայում հայտարարություններ անելը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է նախ լսեր սփյուռքի կարծիքը, որպես ցեղասպանություն վերապրածի: Ըստ նրա, նախագահի համահայկական ուղեւորությունը ուշացած է, որովհետեւ արձանագրություններում հնարավոր չէ որեւէ բան փոխել: «Հինգ երկրում ճաշկերույթների ժամանակ հնարավոր չէ հարցը քննարկել: Սա ողջ ժողովրդի հարցն է, սփյուռքին անտեսել եւ նրա կարծիքն արհամարհելը սխալ է»:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանն էլ նկատում է, որ թերթերի, հեռուստատեսության միջոցով արտահայտում են ամերիկահայերի կարծիքը: «Ժողովուրդն իր ընդվզումն է արտահայտում ուղիղ եթերների ժամանակ: Նա դեմ է եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նախագահի այցելությունն էլ ուշացած է: 5-6 աստղանի հյուրանոցներում ճաշկերույթ կազմակերպելով անհնար է նման լուրջ եւ կարեւոր թեմա քննարկել: Նախագահը պետք է շատ ժամանակ հատկացներ եւ լսեր մեր կարծիքը: Եվ հետո` ինչի մասին պետք է խոսի, եթե ամեն ինչ որոշված է եւ արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվելու: Արձանագրությունների վերաբերյալ բողոքը սփյուռքում համատարած է»:

Ուրուգվայի «Հայկական Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանն էլ նկատում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններից ոչ միայն տեղի հայկական համայնքն է խիստ մտահոգ եւ դժգոհ, այլեւ 1965 թ. Հայոց ցեղասպանություն առաջինը ճանաչած Ուրուգվայի ժողովուրդը: «Օրենսդիրները, ուրուգվացիները կարծիք են հայտնում` դո՛ւք մեզ համոզեցիք ձեր ներկայությամբ, ձեր փաստերով, որ ցեղասպանության եք ենթարկվել: Մենք անդրադարձանք, դատապարտեցինք ու աշխարհին ներկայանում ենք որպես առաջին պետությունը, որ դատապարտեց ցեղասպանությունը, իսկ Հայաստանն այսօր ընթացք է տալիս այնպիսի ծրագրի, որ կասկածի տակ է դնում հենց ցեղասպանության փաստը», ասում է Կարամանուկյանը: Սփյուռքահայ գործիչը նկատում է, որ իրենք հայտնվել են անհարմար դրության մեջ, քանի որ չեն կարողանում պատճառաբանված պատասխանել, թե ինչո՞ւ է Հայաստանը գնում Թուրքիայի հետ նման ձեւով հարաբերություններ հաստատելուն:

«Սփյուռքը հստակություն է ուզում: Խիստ կարեւոր է, որ սփյուռք-Հայաստան հարաբերությունները չփչանան` անկախ, թե ով կլինի կառավարության ղեկին: Չպետք է ստեղծել անվստահության մթնոլորտ»:

Լոնդոնում հրատարակվող «Նոր սերնդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանն էլ սփյուռքահայության ընդվզման պատճառ համարում է հոգեբանական պատնեշը: «Սփյուռքահայերի մոտ կան հոգեբանական երեւույթներ, որոնք անհաղթահարելի են: Ծնողներս Արեւմտյան Հայաստանում կազմակերպված ջարդերի պատճառով եկան Լիբանան: Հորական կողմից բարեկամներ չունեմ, մորական կողմի բարեկամներից մի քանիսին եմ ճանաչում: Նախնիներս ցեղասապանության զոհ դարձան: Որքան էլ տրամաբանական բացատրություն տրվի, չեմ կարողանում հաղթահարել այդ պատնեշը», ասում է նա:

Նա նկատում է, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի ճնշման տակ: «Եթե Հայաստանն ու Թուրքիան հարեւաններ դառնան, ի՞նչ պետք է լինի հետո: Արեւմուտքն իր շահերն առաջ կտանի, Ռուսաստանը` իր: Հայաստանը կրկին կլինի երկու շահերի բախման կիզակետում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4