ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների բաժնի եւ Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի համագործակցությամբ Երեւանում մեկնարկեց սննդի անվտանգությանը նվիրված «ServSafe` սննդի անվտանգության հետեւողական ապահովում» թեմայով ուսուցման եւ հավաստագրման եռօրյա ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի սննդի սպասարկման ոլորտի համար կանցկացվեն Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի Կրթական հիմնադրամի մշակած դասընթացներ, որում ընդգրկված են հինգ հիմնական բնագավառներ. սննդի անվտանգություն եւ հիմունքներ, անձնական հիգիենա, խաչաձեւ աղտոտում եւ ալերգեններ, ժամանակը եւ ջերմաստիճանը, մաքրում եւ սանիտարիա:
Դասընթացը նախատեսված է հյուրանոցների, ռեստորանների, սննդի առաքման ծառայությունների, սուպերմարկետների, պետական պաշտոնյաների, կրթական հաստատությունների համար:
«Ռեստորանների եւ սննդի սպասարկման ընկերությունների համար չափազանց կարեւոր է սննդի անվտանգության արդյունավետ համակարգի ու որակյալ կադրերի առկայությունը: Այս եւ նմանատիպ այլ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք աջակցել հյուրընկալության ոլորտի ընկերություններին բարելավել իրենց ծառայությունների որակը եւ աշխատակազմի գիտելիքները», նշում է CAPS ծրագրի աշխատուժի զարգացման մասնագետը: Դասընթացներից հետո մասնակիցները կհանձնեն քննություն, իսկ հաջողակներին կտրվի հնարավորություն շարունակելու ուսումնառությունը եւ դառնալու միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ