Երեկ ՀՀ նախագահական նստավայրում ՏՏ ոլորտում Համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւի եւ պարգեւատրման մանրամասների մասին խոսեցին ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:
Վահրամ Ներսիսյանցի խոսքերով, մրցանակը տրվում է համաշխարհային ՏՏ ոլորտում աչքի ընկած այն անձին, ով մեծ ներդրում է ունեցել ոլորտի զարգացման գործում: Մրցանակի նպատակը ոլորտի զարգացումը խթանող անձին ճանաչելն ու մեծարելն է: «ՏՏ ոլորտը ՀՀ նախագահի հատուկ ուշադրության կենտրոնում է եւ դրա զարգացման համար կատարվում են շոշափելի ներդրումներ», նշեց Վ. Ներսիսյանցը:
Մրցանաբաշխության կոմիտեի համանախագահ Ռիչ Գոլդմանի խոսքով, Հայաստանը լուրջ ուշադրություն է դարձնում այս ոլորտի զարգացմանը եւ քաջալերում այն ընկերություններին, որոնք ներդրումներ են կատարում: Ըստ նրա` Հայաստանում ամուր հիմքեր կան ՏՏ ոլորտի զարգացման համար: Այս ոլորտում գործում են ավելի քան 300 ընկերություններ:
Գոլդմանի մատուցմամբ` Հայաստանում առկա են այդ ոլորտի զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանը նաեւ այն երկրներից է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ոլորտի զարգացմանըՙ նույնիսկ պետության նախագահի մակարդակով:
«Այս ոլորտն օժանդակող ենթակառուցվածքները շատ արագ զարգանում են արեւմտյան չափանիշներին համապատասխան: Ոլորտի զարգացման համար հայաստանյան ձեռնարկատիրական հնարավորությունները եւս կարեւոր նշանակություն ունեն: Հատուկ նշանակություն ունի նաեւ ՀՀ կառավարության օժանդակությունը այս ոլորտին», նշեց Ռ. Գոլդմանը:
Բանախոսը նկատեց, որ ստեղծված պայմանները այնքան բավարար են ՏՏ ոլորտի համար, որ Հայաստանում արդեն գործում են աշխարհահռչակ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը եւ Synopsys-ը:
Ն. Մ.