Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանի կարծիքովՙ Հայաստանում կան բավականաչափ քաղաքական ուժեր, որոնք ժողովրդի եւ սփյուռքի օգնությամբ թույլ չեն տա հայ-թուրքական արձանագրությունների առկա տարբերակի ստորագրումը:
Երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբումՙ ասուլիսի ժամանակ Սարգսյանը նշեց նաեւ. «Ես չեմ ուզում հավատալ, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ սփյուռքի մեր քաղաքական, հասարակական ուժերը «ճնշման» են ենթարկվելու, ճիշտ հակառակը, համոզված եմ` սփյուռքը լուրջ խնդիրներ է դնելու նախագահի առջեւ, որից հետո պետք է որ փոխվեն իշխանական մոտեցումները: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ թուրքերն այսօր «վախենում» են, որ Հայաստանը, սփյուռքի ճնշման տակ, կարող է հրաժարվել փաստաթղթերի ստորագրումից»:
Արձանագրությունների այսօրվա բովանդակությունից Դեմկուսի առաջնորդը բավարարված չէ, ըստ նրա. «Նախաստորագրումից առաջ որոշակի առեւտուր է գնացել: Տեսեք, սահմանների բացումով Թուրքիան ապահովում է իր` «Խաղաղության ճանապարհի» կենսագործունեությունը, որը պետք է սկսվի Բալկաններից եւ, անցնելով Նախիջեւան, Զանգեզուրով հասնի Բաքու եւ Միջին Ասիա: Փաստորեն, Հայաստանի համար առաջին հայացքից շահեկան թվացող այս նախագծով մենք ակամա կապում ենք Ադրբեջանը Նախիջեւանին: Ուրեմն արձանագրությունների այս տեսքը մեզ համար ընդունելի չէ, եւ ոչինչ չի պատահի, որ մենք եւս 2-3 ամիս հետաձգենք դրանց ստորագրումը»:
Արձանագրությունների ստորագրումը հետաձգելու կամ դրանց մեջ փոփոխումներ մտցնելու համար Դեմկուսն ունի իր առաջարկությունները, որոնք հոկտեմբերի մեկին կներկայացվեն ԱԺ-ում. «Նախ մենք դեմ ենք երկկողմանի պարտականություններ ասվածին. մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել երկկողմանի պարտականություններ: Անթույլատրելի են նաեւ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ արխիվների ուսումնասիրումը, սրանով մենք խաչ ենք քաշում ցեղասպանության միջազգային ճանաչման վրա», նկատեց Սարգսյանը:
Բանախոսը համոզմունք հայտնեց, որ ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ արձանագրությունների մանրամասնություններին. «Սրանում կա նաեւ մեր` քաղաքական ուժերի, մեղքը: Ասեմ նաեւ, որ ես պահանջելու եմ, որ այս փաստաթուղթը անցնի միջազգային իրավական փորձաքննություն, քանի որ, համոզված եմ, ստորագրման պահին հայկական կողմից չի եղել միջազգային իրավունքի մասնագետ»:
Արամ Սարգսյանը փորձելու է նաեւ արձանագրություններին կից ձեւավորել «Հուշագիր», որտեղ հայկական կողմը պետք է նշի բոլոր այն խնդիրները, որոնք տեղ չեն գտել արձանագրություններում, օրինակՙ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը` Թուրքիայի կողմից, փաստորեն դրանով առաջ քաշելով նախապայման` հայ-թուրքական «առանց նախապայմանների» հարաբերությունների մեջ:
Պարոն Սարգսյանը այնուամենայնիվ կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է մի օր սկսվեին. «Սակայն շտապողականությունը այս հարցում ուղղակի հանցավոր է», եզրափակեց նա:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ