«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը , անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններին, նշում է. «Հարաբերությունների վերահաստատման եւ սահմանի բացման կապակցությամբ անընդհատ նշում ենք տնտեսական գործընթացը, վրացական կամայականություններից ազատվելու փաստը, բայց կա եւս մեկ դրական հետեւանք, որի մասին գրեթե չենք խոսում` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնճիռի առաջացում, որն արդեն այսօր զգալ է տալիս: Թուրքական կողմն էլ ունի դրական հետեւանքները: Թուրքիան որոնման մեջ գտնվող հանցագործի վիճակում է ներկայանում Եվրոպայում: Հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ` Թուրքիան փոխում է հանցագործի իր կարգավիճակը», նկատում է փորձագետը: Հարությունյանը ծանոթացել է արձանագրությունների բովանդակությանն ու մի շարք թերություներ նկատել, որոնք գուցե չէին լինի, եթե «մեր ԱԳՆ-ն ավելի որակով աշխատեր»:
Հարությունյանը զրուցել է մի շարք թուրք վերլուծաբանների հետ եւ տպավորություն ստացել, որ Մեջլիսում լուրջ խնդիրներ կան: «Նրանք սպասում են, թե ինչ կասի Էրդողանը: Եթե Թուրքիայի վարչապետը ասի քվեարկեք այնպես, ինչպես ուզում եք, Մեջլիսն այն չի վավերացնի: Հետեւաբար մեր Ազգային ժողովը պետք է վավերացնի արձանագրությունները միայն Մեջլիսի վավերացումից հետո»:
Հարությունյանը նկատում է, որ նախագահի այցը սփյուռքահայ մի շարք գաղթօջախներ փորձ է լինելու հաշտեցնել կողմերին, որը լավ ավարտ կունենա:
«Չեի ուզենա ձեւակերպել, թե նախագահը գնում է սփյուռքահայությանը համոզելու կամ կարծիքը փոխելու: Նա իր կարծիքը ունի, իսկ սփյուռքահային ինչ-որ բանում համոզելը շատ դժվար գործ է: Առաքելությունը պետք է լինի չմասնատել հայությանը»:
Հ. Հ.