«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԴՐԱՄԱՏԻԶՄ ԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նկարիչների միության սրահում երեկ բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Ռուբեն Ադալյանի ցուցահանդեսըՙ գեղանկարչի ծննդյան 80-ամյակին նվիրված: Բացման խոսքում միության նախագահ Կարեն Աղամյանը ներկայացրեց նկարչին, նրա ստեղծագործության ընդհանուր բնութագրումով ելույթ ունեցավ թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Հայ կերպարվեստին բերած վաստակի համար մշակույթի նախարարությունը նրան արժանացրեց «Ոսկե մեդալ» բարձրագույն պարգեւին, որը նկարչին հանձնեց Կարո Վարդանյանը:

Ռուբեն Ադալյանի գեղանկարչական լայն համապատկերը ներկայացված է ստեղծագործական ընթացքի ամբողջացման հաջողված սկզբունքովՙ դիտող հայացքի առաջ բազմաբովանդակ ու ճոխ ստեղծագործական աշխարհի բացահայտումով, ժանրային ու թեմատիկ առումով ընդգրկուն ու տարաշերտ, որոնք ծանր խոհերի, դրամատիկ զգացմունքների, շիկացած կրքերի ու բախումների, նաեւ ներհայեցողական վիճակների արտահայտություններ են: Անհանգստության, տենդի մեջ բռնկվող թանձր գույներ, ջղաձիգ ու պինդ ֆիգուրներ, տրամադրություններՙ հակադրությունների, գույնի, ձեւերի, պատկերի խորք ու մակերես, ապրում ու վիճակ...

Հոկտեմբերի 3-ին ժամանակակից արվեստի թանգարանում Ռուբեն Ադալյանի ստեղծագործությունների մեկ ուրիշ ցուցահանդեսի ամբողջացումով, մեր տպավորությունները ավելի ուշ կփորձենք ներկայացնել:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4