Մելանյա Մոլտման. ReAnimania-ն կնպաստի գեմանական անիմացիայի ճանաչման ընդլայնմանը»
- Գերմանական անիմացիայի 100-ամյակն այս տարի նշվեց Շտուտգարդում, եւ ուրախ ենք, որ մեր երկրի արտերկրում ոչ այնքան հայտնի անիմացիայի զարգացման պատմությունը ReAnimania-ում կներկայացվի: Դա կլինի ի նպաստ փառատոնի հեղինակության եւ գերմանական անիմացիոն ֆիլմերի ճանաչումն ընդլայնելու: Սա Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մելանյա Մոլտմանի վստահեցումն էր, որ բարձրաձայնվեց երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում: Հոկտեմբերի 3-6-ը կայանալիք երեւանյան միջազգային անիմացիոն ReAnimania կինոփառատոնի գործընկերները մի քանի երկրների հայաստանյան ներկայացուցչությունները, որոնք բոլորն էլ, ըստ Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանի , հարկ է, որ ընկալվեն որպես քավորՙ ReAnimania-ն նորածին է, իսկ յուրաքանչյուր նորածին իրավունք ունի քավոր ունենալու, որի դերն ենք ստանձնել ուրախությամբ, քանի որ վստահ ենքՙ նպաստելու է հայ երիտասարդ անիմատորների մասնագիտական աճին ու ճանաչմանը»:
Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատների ներկայացուցիչներն էլ, որպես փառատոնի վարկի ապացույց, ընդգծեցին իրենց երկրների լավագույն անիմատորների մասնակցության փաստն ու ReAnimania-ի տարածաշրջանային կարեւորությունը:
Փառատոնի բացումը լինելու է ազդեցիկ, բայց համեստՙ ի հարգանք կյանքից հեռացած հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի, որի գործերի ցուցադրություն է ներառում փառատոնը: Այս տեղեկացումից սկսելովՙ փառատոնի նախագահ Վրեժ Քասունին նաեւ հայտնեց, որ ցուցադրվելու է 31 երկրի 250 ֆիլմ, որոնցից մոտ 100-ըՙ (20-ը հայկական) լիամետրաժ եւ կարճամետրաժ մրցութային ծրագրի հետեւյալ անվանակարգերումՙ Լավագույն կարճամետրաժ, Լավագույն լիամետրաժ ֆիլմեր, Լավագույն դիպլոմային աշխատանք, Լավագույն հեռուստատեսային սցենար, Հանդիսատեսի, Մշակույթի նախարարության, Երեխաների մրցանակներ: Ծրագիրը ներառում է նաեւ 4 պրեմիերաՙ իսրայելցի անիմատոր Հարի Ֆորմանի WALTZ WITH BASHIR, Նիան Ֆելիի (ԱՄՆ) SITA SINGS THE BLUES, Բիլ Ֆլիպտմանի IDIOTS AND ANGELS (ԱՄՆ) եւ Մարջան Սատրապիի ու Վինսենտ Պարոնի (Ֆրանսիա) «Պերսեպոլիս» ֆիլմերի: ReAnimania-ն համագործակցում է Annecy միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Շտուտգարդի կինոփառատոնի, Aardman Studio ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ: Մասնակիցներն ու հյուրերը լինելու են Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից, Ուկրաինայից, Միացյալ Նահանգներից, որտեղից կժամանի համաշխարհային ճանաչում ձեռք բերած անիմատոր Մաքս Հաուերդը:
«Անիմացիոն արվեստում առաջնային դերակատարություն ունեցող Մաքս Հաուերդի մասնակցությունը փառատոնին ոչ միայն կարող է նպաստել ReAnimania-ի կայացմանը, այլեւ վարպետի նոր գաղափարների հղացմանն ու իրականցմանը, քանի որ վստահ եմՙ նա Հայաստանից կվերադառնա տպավորված», կարծիք հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Սյուզան Բրեյդենսթայնը:
ReAnimania-ն, որ ամենամյա կինոփառատոն է, այս տարի նվիրված է 3D-անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրինյանին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ