Հայ-թուրքական արձանագրություններին նվիրված քննարկում էին նախաձեռնել երկու ՀԿ-ներ
Գյումրու Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն» եւ Երիտասարդությունը հանուն զարգացման-«Սպիտակ նառ» հասարակական կազմակերպությունները համատեղ նախաձեռնել են հասարակական քննարկումների շարք «Առկա քաղաքական զարգացումները եւ մարտահրավերները. հայացք Շիրակից» թեմատիկայով: Երեկ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում կազմակերպված այդ շարքի առաջին հանդիպման բացման խոսքում կազմակերպիչները` հիշյալ երկու ՀԿ-ների ղեկավարներ Վահան Թումասյանն ու Կարապետ Պողոսյանը նշեցին, թե Հայաստանում եւ մասնավորապես մարզերում անկողմնակալ, քաղաքական պատվերներից զերծ հասարակական քննարկումները բացակայում են, եւ ներկա նախաձեռնությունն այդ բացը լրացնելու, մարզում հասարակությանը հուզող խնդիրների հանրային բաց քննարկումների ավանդույթի հիմք դնելու նպատակ է հետապնդում:
Առաջին քննարկմանը, որի թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն էին, մասնակցելու էին եկել Շիրակի մարզում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին մտավորականներ եւ տարբեր համայնքներից հրավիրված ակտիվ քաղաքացիներ: Վ. Թումասյանն իր ելույթում մտահոգիչ համարեց մասնավորապես այն, որ իշխանությունները հանրային քննարկում ասելով հասկանում են միայն երեւանյան, այսպես կոչված, քաղաքական էլիտայով եւ ԶԼՄ-ներով պարփակված շրջանակը: Մինչդեռ, դիցուք, Շիրակը, լինելով Թուրքիայի հետ սահմանակից մարզը, որտեղից եւ բացվելու է միակ երկաթուղային ճանապարհը, անմիջականորեն է կրելու հարաբերություններ հաստատելու դեպքում ստեղծվելիք դրական կամ բացասական հետեւանքները: Ուստի քննարկումները պետք է սկսվեին համայնքներից, եւ առաջին հերթին` հենց Շիրակից: Անդրադառնալով Հայաստանում ներկայումս ընթացող քննարկումների բովանդակությանը, բանախոսը կարծիքները պայմանականորեն բաժանեց երկու իրարամերժ բեւեռների: Մի կողմից իշխանությունների տեսակետն է, որը լսելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ապագան եւ միակ փրկօղակը հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն է, մյուսն ընդդիմության լրիվ հակառակ կարծիքն է, ըստ որի արձանագրությունների ստորագրմամբ եւ այդ կերպ հարաբերությունների հաստատմամբ ու սահմանի բացմամբ Հայաստանն ապրելու է առնվազն մեծ ողբերգություն: Երկու տեսակետներն էլ հավասարապես մերժելի ու վտանգավոր համարելով, ՀԿ ղեկավարը մասնավորապես կարծիք հայտնեց, թե իշխանությունները եւ քաղաքական ուժերը քննարկումները պետք է տանեն նաեւ այն ուղղությամբ, որ հասարակությանը նախապատրաստեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման կամ չհաստատման դեպքում հավանական մարտահրավերներին դիմակայելուն:
«Սպիտակ նառ» ՀԿ-ի նախագահ Կարապետ Պողոսյանը հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու առկա մարտահրավերները հասարակական կազմակերպությունների տեսանկյունից դիտարկելը կարեւորեց նրանով, որ ՀԿ-ները ավելի սերտ են կապված հասարակության լայն շերտերի հետ:
«Մենք հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները ավելի շուտ կարեւորում ենք հետագա վտանգներին (մարտահրավերներին) դիմակայելու ռազմավարություն մշակելու առումով, քանի որ, պարզ ասած, մենք այսօր կանգնած ենք կատարված փաստի առաջ, այսինքն` այսպես կոչված նախաստորագրված փաստաթուղթն արդեն սպասում է միայն վավերացման»,- ավելացրեց նա:
Խնդրո առարկա հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ արտահայտեցին նաեւ քննարկման մյուս մասնակիցները: «Ես որպես մարդ եւ քաղաքացի հասկանում եմ հարցի լրջությունը, բայց ես նաեւ այն մարդն եմ, որի ծնողները տեսել են 15 թվական, 20 թվական,- ասաց երկարամյա լրագրող Յուրի Հարությունյանը : - Ծնողներս միշտ ասել են` թուրքը թուրք է մնում»: Դեռ խորհրդային տարիներից հանրապետական թերթերի թղթակից լրագրողը հիշեց, թե ինչպես էին արագ բազմացող մեր հարեւան ժողովրդի ներկայացուցիչները տիրացել հենց մեր Ամասիայի շրջանի գյուղերին, որտեղ միայն 3 հայկական գյուղ էր մնացել, այն էլ 2-ը սահմանային գոտում, աշխարհից կտրված: Թեկուզ հեռանկարային առումով նման վտանգներ տեսնելով, մյուս կողմից նաեւ ընդունելով, որ հավերժ թշնամիներ չեն կարող լինել, Յու. Հարությունյանը կարծիք հայտնեց, թե մի քիչ հեռու որ նայում ես` այս արձանագրությունների հաստատումից վտանգն ավելի շատ է, քան օգուտը:
Ողջունելով նման քննարկման կազմակերպումը, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմաբան, արեւելագետ Արտակ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, թե հիմա խոսքն ընդամենը սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու մասին է: «Բնականաբար հասկանում ենք,- ասաց նա,- որ երկու երկրների վրա էլ ճնշումներ կան, բայց թող հասարակությանը չթվա, թե այդ դեպքում արձանագրությունները պետք է ստորագրվեն ու էլ ի՞նչ իմաստ ունի քննարկումը: Այստեղ պետք է հենց երեւա այդ երկրների ժողովրդի աջակցությունը իր իշխանությանը: Ինչպիսի արտաքին ճնշում էլ ուզում է լինի` եթե ամբողջ ժողովուրդը կանգնում է իշխանության կողքին եւ ասում է` ոչ, այդ ճնշում գործադրողները դա հասկանում են»: Եվ այնուամենայնիվ, ըստ Ա. Հովհաննիսյանի, սա կապիտուլացիոն փաստաթուղթ չէ, եւ երբ մենք քննարկում ենք փաստաթղթի բացասական հետեւանքները, պիտի փորձենք տեսնել նաեւ դրական միտումները: Իսկ եթե մենք որոշ սպառնալիքներ ենք տեսնում, դա էլ բնական է, եւ դրան էլ պետք է ուղղված լինեն հասարակական քննարկումները:
«Սպիտակ նառ» ՀԿ-ի փոխնախագահ Նորայր Պողոսյանի կարծիքով` այս փաստաթղթի մեջ մեզ համար միակ դրականը հաղորդակցության ուղիների հանգամանքն է, բայց մենք այդ պայմանագրի հիման վրա կարող ենք կորցնել մշակույթ: Իսկ մեր ժողովուրդը իներտ է, որովհետեւ տեղեկացված չէ, ավելին` տարբեր հեռուստատեսությունների կողմից ապատեղեկացվում է: Եթե մինչ նախաստորագրելը նման փաստաթուղթը համապատասխան մասնագետների շրջանակում քննարկումներ չի անցել, ապա այժմ այս քննարկումները, Ն. Պողոսյանի արտահայտությամբ, Զատկից հետո կարմիր հավկիթի արդյունք կունենան եւ հետագայում բումերանգի նման հետ են գալու:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի