«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները:

Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ` հայ-թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները: Այս համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց Ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հորդորում է ազգի բոլոր զավակներին դրսեւորել առավելագույն իրատեսություն եւ շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բեւեռացումներից եւ միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը Տիրոջ զորակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունն է հայցում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի բարեհաջող հանգրվանի առաջնորդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` հանուն մեր ժողովրդի նվիրական ու կենսական շահերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4