«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ

Կրկին հավաքականում են Սամվել Մելքոնյանը, Էդգար Մանուչարյանն ու Մարկոսը

Հոկտեմբերի 10-ին եւ 14-ին Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ մրցախաղերով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կավարտի 2010-ի ընտրական մրցաշարը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն որոշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր հոկտեմբերի 6-ից Երեւանում կսկսեն նախապատրաստությունն առաջիկա երկու մրցախաղերին:

Ի տարբերություն նախորդ հավաքի, այս անգամ մեր հավաքականում չորս նոր ֆուտբոլիստներ են ընդգրկվել: Հավաքի են հրավիրվել դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու բրազիլացի Մարկոսը, որոնք նախորդ անգամ վնասվածքի պատճառով բացակայում էին: Վարդան Մինասյանը որոշել է կրկին հավաքական հրավիրել «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանին եւ հարձակվող Էդգար Մանուչարյանին: Մելքոնյանը Հայաստանի առաջնության վերջին հանդիպումներում իրեն լավ է դրսեւորում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով: Նա վերջին 3 խաղում 4 գոլ է խփել: Էդգարը «Այաքսից» տեղափոխվելով Հոլանդիայի առաջին խմբի առաջնության մասնակից «Հարլեմ», սկսել է խաղալ այդ թիմում ու խաղային փորձ է ձեռք բերել: Առաջնության 9-րդ տուրի խաղում Էդգարը բացեց իր գոլերի հաշիվը «Հարլեմում»ՙ գրավելով «Դեն Բոշի» թիմի դարպասը:

Հարցականի տակ էր օրերս մեկ տարով որակազրկված Աղվան Մկրտչյանին հավաքական հրավիրելու հարցը: Աղվանը զրկված է Հայաստանի առաջնության եւ գավաթի հանդիպումների մասնակցությունից, սակայն իրավունք ունի խաղալու հավաքականում, ինչպես նաեւ արտերկրի որեւէ ակումբում: Վարդան Մինասյանը որոշեց Աղվանին հրավիրել հավաքական, մանավանդ, որ վնասվածքի պատճառով բացակայում է Ալեքսանդր Թադեւոսյանը: Վերջինս կրկին վիրահատվել է Մյունխենում: Բացի Աղվան Մկրտչյանից, պաշտպաններից հավաքին կմասնակցեն նաեւ Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը, Հրայր Մկոյանը եւ Էդուարդ Կակոսյանը:

Կիսապաշտպաններից հավաքական են հրավիրվել Արարատ Առաքելյանը, Արթուր Եդիգարյանը, Դավիթ Գրիգորյանը, Կառլեն Մկրտչյանը, Արտավազդ Քարամյանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Դաշյանը:

Եվրոպայի չեմպիոն իսպանացիների հետ հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցի մեր առաջատար ֆուտբոլիստներից մեկըՙ Հենրիխ Մխիթարյանը: Նա կմասնակցի միայն Թուրքիայի հավաքականի հետ մրցավեճին: Հենրիխն Ուկրաինայի առաջնության հերթական տուրում դարձավ Դոնեցկի «Մետալուրգի» հաղթական գոլի հեղինակըՙ գրավելով «Կրիվբասի» դարպասը:

Հետաքրքրական է, որ հավաքականի մյուս երկու հարձակվողներ Հովհաննես Գոհարյանն ու Եղիա Յավրույանն էլ գոլերի հեղինակներ դարձան: Գոհարյանը «Վիտեբսկի» հետ խաղում բացեց գոլերի հաշիվը ԲԱՏԷ-ում Բելառուսի առաջնությունումՙ անվրեպ իրացնելով 11 մ հարվածը: Իսկ Յավրույանը Իսրայելի առաջնությունում Թել Ավիվի «Մաքաբիի» կազմում 4-րդ գնդակը խփեցՙ խոցելով Հայֆայի «Հապոելի» դարպասը: Մնում է, որ այս ֆուտբոլիստներն աչքի ընկնեն նաեւ ազգային հավաքականում: Վարդան Մինասյանը հարձակվողների ընտրության լայն հնարավորություն ունի: Հավաքականում ընդգրկված են նաեւ Արման Քարամյանն ու Մարկոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը կայանալու է Բուրսա քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով

23-ին: Հանդիպումը կսպասարկի Շվեդիայի մրցավարական անձնակազմը Մարտին Հանսոնի գլխավորությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4