Ավստրիական լրատվամիջոցները, մասնավորապես «Զալցբուրգեր նախրիշթընը», սեպտեմբերի 29-ին հաղորդել էին, որ Զալցբուրգին մերձակա Միթթերզիլլում գտնվող փախստականների կեցավայրում երեքշաբթիՙ սեպտեմբերի 29-ի առավոտյան 6-ին բռնարարք է կատարվելՙ փախստականի կարգավիճակ հայցող 25-ամյա մի հայ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նույն շենքում ապրողՙ 30-ամյա մեկ ուրիշ հայի, որը հիվանդանոցում ժամեր անց մահացել է: Տանը եղել են նաեւ վիճաբանողների կանայք, սակայն իրավապահ մարմինները դեռ չեն պարզելՙ նրանք ականատես եղե՞լ են այդ արյունոտ հաշվեհարդարին, թե ոչ:
Դեռեւս մութ է նաեւ վիճաբանության պատճառը: Հայտնի է միայն, որ կասկածյալը երկուշաբթի արդեն տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել, ինքնակամ ներկայացել հոգեբուժական հիվանդանոց, ուր բժշկական անձնակազմի պատմելով, անընդհատ պնդել է վառել լույսը, թեպետ այն արդեն վառված է եղել, իսկ երեքշաբթի նորից ինքնակամ լքել է հիվանդանոցը, վերադարձել բնակատեղի, քիչ անց բռնարաքի հեղինակ դարձել: Ավստրիական լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Կարմիր խաչը հոգեբանական ծառայություն է մատուցում ինչպես սպանվածի հարազատներին, այնպես էլ ծանր ապրումների մեջ հայտնված մյուս մարդկանց:
Նույն աղբյուրը սեպտեմբեր 30-ին որոշ մանրամասներ է հաղորդում կատարվածի մասին: Երկրամասային պաշտոնյաները ավստրիական լրատվամիջոցին փոխանցել են, թե երկու հայաստանցիները ոչնչով աչքի չեն ընկել, նրանց բարձրաձայն խոսքն անգամ չի լսվել երբեւէ: Իրավապահ մարմինների պարզաբանմամբՙ 25-ամյա հայաստանցին չի հիշում իր արարքը: Երկու հայերը ընկերներ են եղել: Պաշտոնյաները չեն բացառում, որ սպանության դրդապատճառը խանդը լինի: Դեպքից առաջ 25 տարեկանը թակել է իր սենյակի դուռը, չեն բացել, կոտրել է այն, կնոջն այնտեղ չգտնելով գնացել է ապագա զոհի հանդիպակաց բնակարանը եւ այնտեղ փնտրել նրան: Իսկ կինը կից սենյակում պառկած է եղել եւ ձայն չի հանել: Դրանից հետո տղամարդիկ դուրս են եկել շենքիցՙ դրսում խոսելու: Ականատեսները ճիչեր էլ են լսել: Հանկարծ 30 տարեկանը շրջվել ու փախել է հարեւան շենք, 26 տարեկանը հետեւել է նրան: Առաջին հարկում արյան հետքեր կան. կոկորդին ու կրծքի շրջանում դանակի հարվածները հենց այդտեղ են հասցվել զոհին: Օգնության կանչերը ստիպել են 26 տարեկանին փախչել, բայց 7.30-ին նա արդեն իրավապահների ձեռքում է եղել: Ինչպես փոխանցել է կասկածյալի կինը, ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի երկու ընկերները տանը չեն եղել, թե ուր են եղել, անհայտ է: Կնոջ պատմելով, ամուսինը կիրակի օրն արդեն շվարած, շփոթված է եղել:
Միթթերզիլլի քաղաքապետ Վոլֆգանգ Ֆիիրթլերը դեպքի առիթով իր քննադատությունն է հնչեցրելՙ սպանության ելքով պատահարը առիթ նկատելովՙ ձախողված ինտեգրացիոն քաղաքականության մասին բանավեճ հրավիրելու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա