«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ԿԱՐԾԻՔՆԵՐ` ՆԱԵՎ ԱԺ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ կայացան Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը», որոնք շատ մարդաշատ էին` ո՛չ դահլիճում, ո՛չ լրագրողական կորպուսում ասեղ գցելու տեղ չկար, այնքան որ շատ էին հրավիրյալները: Սակայն կարծում ենք, որ այս ձեւաչափը, ելույթ ունեցողների բազմաթիվ լինելու պատճառով, նախ հնարավոր չէ ոչ ամբողջովին ներկայացնել, ոչ էլ դրանից ինչ-որ եզրահանգման գալ: Այդ ելույթներից շատերը հենց էմոցիաների մակարդակում էլ մնացին, հենց այդպես էլ ընկալելի էին դահլիճի համար, ուր երիտասարդների մի խումբ ծափերով փորձում էր կամ ոգեւորել ելույթ ունեցողին կամ էլ բարձրաձայն դժգոհություն հայտնել: Բայց ուշադիր ունկնդիրը կարծիքների այդ բազմազանության մեջ շատ բան կգտներ, եթե, իհարկե, լսումների այս ձեւաչափն ինչ-որ արդյունք գրանցեր: Լսումները բացեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ` նշելով բոլոր շահագրգիռ ուժերի համար կարծիքներ ներկայացնելու հնարավորություն ստեղծող այս լսումների առանձնահատկությունը: Նրա կարծիքով` հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը կբերի նրան, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը. «Ես չեմ ասում, որ չկան խնդիրներ, բոլորս էլ ունենք մեր մտահոգությունները: Տեղյակ եմ հասարակության մի մասի դժգոհություններին ու մտահոգություններին, բայց պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ կա վտանգ, մասնավորապես պատմությունից քաղած դասերը մեզ հուշում են առավել զգոն լինել, հաշվի առնել, թե ո՞ւմ հետ ենք բանակցում, չմոռանալ թուրքական դիվանագիտության հնարքները եւ բանակցությունները վարել այնպես, որպեսզի հարաբերությունների կարգավորումը որեւէ առնչություն չունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որոնք սակարկելի չեն», ասաց ԱԺ նախագահը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի անգամ եւս ամփոփ անդրադարձ արեց խնդրին: Նա նախ նկատեց, թե անկախությունից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, եւ որ` այժմ տարիներ շարունակ արտահայտված Հայաստանի ձգտումն է իրականացվում: Ասաց, որ երկկողմ հարաբերություններն իրենց վրա նաեւ կրում են պատմական, բարոյահոգեբանական եւ այլ գործոններ, իսկ Թուրքիայի կեցվածքը` այն է փակ սահման եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, պայմանավորված էր նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններով եւ դրանց հետեւանք Թուրքիայի ադրբեջանամետ, Հայաստանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ ԼՂ հիմնախնդրի հարցում:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի անգամ եւս ամփոփ անդրադարձ արեց խնդրին: Նա նախ նկատեց, թե անկախությունից ի վեր Հայաստանը պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, եւ որ` այժմ տարիներ շարունակ արտահայտված Հայաստանի ձգտումն է իրականացվում: Ասաց, որ երկկողմ հարաբերություններն իրենց վրա նաեւ կրում են պատմական, բարոյահոգեբանական եւ այլ գործոններ, իսկ Թուրքիայի կեցվածքը` այն է փակ սահման եւ դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, պայմանավորված էր նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններով եւ դրանց հետեւանքՙ Թուրքիայի ադրբեջանամետ, Հայաստանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ ԼՂ հիմնախնդրի հարցում:

Անցնելով օրակարգին` արձանագրություններին, ԱԳ նախարարը դիմեց հռետորականության. «Արդյոք առկա՞ են նախապայմաններ: Ոչ եւ մեկ անգամ եւս ոչ: Կասկածի տա՞կ ենք առնում Հայոց ցեղասպանության փաստը, խոչընդոտո՞ւմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Ոչ, մեկ անգամ եւս ոչ: Գոյություն ունի՞ կապ նախաստորագրված փաստաթղթերի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի միջեւ: Ո՛չ, մեկ անգամ եւս` ո՛չ»: Հիշեցրեց, որ Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, թե ցեղասպանության լինել-չլինելու խնդիրը Հայաստանը չի քննարկում, երբեք կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանությունը, ոչ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը. արձանագրությունները հիմք չեն տալիս կասկածեու, թե հայ ժողովուրդը զրկվում է պատմական արդարությանը հետամուտ լինելու իրավունքից: Բացի այդ, ըստ Նալբանդյանի, այդ փաստաթղթերում նշույլ անգամ չկա որեւէ, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող նախապայմանի մասին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում բնական ցանկություն համարելով երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, հարց ուղղեց դահլիճին.«Բայց ի՞նչ գնով, սա է խնդիրը»: Ըստ նրա` նախաստորագրելով արձանագրությունները` կորցնում ենք հնարավորությունը առանց նախապայմանների երկկողմ հարաբերություն կառուցելու, ինչը շատ պատասխանատու քայլ է, արձանագրությունները հող ստեղծո՞ւմ են թուրքական նախապայմանների իրականացման համար. «Եթե այո` ապա մենք գիտությամբ թե տգիտությամբ ընդունել ենք թուրքական նախապայմանները», ասաց: Նա արձանագրություններում նախապայմաններ տեսնելը սխալ ընկալման արդյունք համարողներին ի պատասխան նկատեց. «Երբ ինչ-որ մեկին ցանկանում են թունավորել, բաժակի վրա չեն գրում` «թույն», ապա նկատեց, թե դիվանագիտական ձեւակերպումների տակ են նախապայմանները, իսկ հարաբերությունների հաստատման սկսված գործընթացը երաշխավորում է նախապայմանների իրականացումը:

Բավական արմատական ընդդիմախոսի դիրքերից հանդես եկավ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը , ով հայ-թուրքական հարաբերություններում այժմ առկա երեք խնդիր ձեւակերպեց` 16-ամյա շրջափակում, ցեղասպանություն եւ ցեղասպանության հետեւանքՙ Արեւմտյան Հայաստանի խնդիր: Երբ արձանագրություններով կողմերը որոշում են բացել սահմանը` ստացվում է, որ երկու կողմերն են փակել, եթե նման դրույթով արձանագրություն ենք ստորագրում, ուրեմն նշված խնդրում մեծ զիջում ենք անում Թուրքիային: Իսկ պատմական հարցերով ենթահանձնաժողովի ողջ գոյության ընթացքում երրորդ կողմերն անընդհատ ասելու են, թե Հայաստանն ու Թուրքիան, տեսեք, բանակցում են, ոչ մեկն իրավունք չունի խանգարելու այդ գործընթացին: Ըստ նրա` դիվանագիտական հարաբերությունների հաստատման պրակտիկան սահմանների ճանաչում չի ենթադրում, այնպես որ այստեղ էլ Հայաստանն էական զիջման է գնացել: Իսկ Թուրքիան տարիներ շարունակ նախապայմաններ է դրել` Ցեղասպանության միջազգային գործընթացի դադարեցում, սահմանների ճանաչում, ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծում, երեք նախապայմաններն էլ հիմա կատարվում են կամ կատարման ընթացքում են: Ասաց` դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, բայց ի՞նչ գնով եւ ինչ պաշարով: Մի խոսքով, ըստ նրա, վատ ենք աշխատել, միջազգային ատյաններում վախվորած կեցվածք է եղել Թուրքիայի շրջափակման մասին հարցադրումներ անելիս, եւ երկու բանակցություններում էլ` հայ-թուրքական եւ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված, հայկական կողմը պատրաստ չէ իր ունեցած գիտելիքների պաշարով, մինչդեռ երկու խնդիրն էլ շահեկանորեն կարգավորելու մեծ հնարավորություններ կան:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խոսեց ամենուր իշխող դիլետանտիզմից, որը, նրա կարծիքով, դիվանագիտական ասպարեզ եւս սողոսկել է, որի պատճառով էլ այդպիսի փաստաթղթեր են ստեղծվել: Արձանագրությունը ստորագրողներն, ըստ նրա, ոչ թե հաջորդ ընտրություններին են պատասխան տալու, այլ հայոց պատմության առաջ, իսկ իրավիճակն արդյունք է օրվա իշխանության կոշտ պրագմատիզմի, որին գումարվում են ցինիզմն ու դիլետանտությունը.«Ինչո՞ւ եք ենթադրում, որ պատմաբանների ենթահանձնաժողովում մերոնք ավելի հմուտ, ոչ դիլետանտ եւ ավելի պրոֆեսիոնալ կլինեն», հարցրեց նա:

Արձանագրությունների ստորագրման օգտին խոսեցին ՀՀԿ-ական պատգամավորները` Գալուստ Սահակյանը , Էդվարդ Շարմազանովը , Մկրտիչ Մինասյանը , Արտակ Դավթյանը , ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը , ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը , ովքեր խոսեցին ե՛ւ մարտահրավերներից, ե՛ւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու առկա իրողությունից` մեջբերելով երկրի նախագահի եւ արտգործնախարարի փաստարկներին համահունչ իրենց հիմնավորումները: ՀՀԿ խմբակցության ղեկավարն աշխատեց պատասխանել քննադատողներին, ասելով, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման եւ արձանագրությունների ստորագրման ճանպարհը թեեւ դժվար է, բայց այդ ճանապարհով պետք է գնալ. «Դուք ունեք մտահոգություններ, մենք ունենք սարսափելի մտահոգություններ, բայց ունենք վճռականություն... մենք բարիդրացիական հարաբերություններ չենք հաստատում Թուրքիայի հետ, դա հնարավոր չէ, ուղղակի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատում»:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր արագ ընթերցած ելույթում Հայաստանի ազգային շահերին դեմ գնահատեց այս արձանագրությունները:

Բազմաթիվ էին ելույթ ունեցողները, հետաքրքրական նրբերանգներով, բայց վերը նշված կարծիքների ընդհանուր ոգին, այն էՙ բեւեռացված եւ հակընդդեմ կարծիքներ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, պահպանվեցին նաեւ այս լսումներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4