«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՌԱԿ-ԱՐՄԵՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՌԱԿ-ի դերն ու նշանակությունը հայապահպանության, հայ մշակույթի եւ դպրության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայ դատին հետամուտ լինելու գործում: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի կուսակցության առջեւ դրված խնդիրների լուծմանն ու հետագա արդյունավետ գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը հյուրերի հետ զրուցել է հայ-թուրքական երկխոսության արդի զարգացումների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Ինձ համար կարեւոր է լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջը: Սփյուռքի կարծիքն իմանալու համար, ինչպես գիտեք, նախաձեռնել եմ համահայկական ուղեւորություն, քանի որ համոզված եմ, որ մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրները լուծելիս պետք է խորհրդակցել բոլորի հետ: Անկախ այն բանից` ինչպիսին են կարծիքները, ես պարտավոր եմ լսել դրանք եւ բացատրել այս գործընթացի էությունը», ասել է երկրի ղեկավարը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել նախագահին բաց եւ հանգամանալից զրույցի համար` ասելով, որ այն փարատեց առկա մտավախությունները: Հյուրերը հաջողություն են մաղթել երկրի ղեկավարին եւ վստահեցրել, որ պատրաստ են նրան աջակցել այս գործընթացում:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4