Սեպտեմբերի 30-ին, վերադառնալով Նյու Յորքից հայրենիք, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օդանավակայանում կազմակերպեց մամուլի ասուլիս, որտեղ վերստին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա հարաբերությունների շրջանակում, ինչպես նշել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, արծարծեց հոկտեմբերի 14-ին Բուրսայում նշանակված Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան խաղի համար ՀՀ նախագահի Թուրքիա ժամանելու հարցը:
Նախարար Դավութօղլուն հարցի առնչությամբ ասաց. «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի ֆուտբոլային պատասխան խաղին հարգարժան Սարգսյանի Թուրքիա ժամանումը: Սակայն, անկախ հարգարժան Սարգսյանի գալու-չգալու հանգամանքից, շարունակվելու է այս գործընթացի բնականոն զարգացումը»: Նա միաժամանակ հիշեցրել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլն առանց որեւէ նախապայմանի նախաձեռնություն է ստանձնել եւ մեկնել Երեւան: Վերջում Դավութօղլուն ընդգծել է. «Մի բան է Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների ներկայացումը խորհրդարան, մեկ այլՙ դրանց վավերացումը»:
Ի դեպ, հոկտեմբերի 1-ին Դավութօղլուն մեկնեց Բրյուսելՙ հանդիպելու ԵՄ-ի ներկայացուցիչների հետ, որտեղից էլ շարժվել է Նախիջեւան: Ենթադրվում է, որ նա այնտեղ Թուրքիայի նախագահ Գյուլի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ իր ադրբեջանցի գործընկերոջՙ Մամեդյարովի հետ կմասնակցի քառակողմ հանդիպմանը:
Նշելով այդ մասին, թուրքական «Սթար» թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կստորագրվեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունները:
Հ. Չ.