Թուրքիան պատրաստ է ընդունելու պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության արդյունքները, խորհրդարանն էլ 1-2 օրում կքննարկի արձանագրությունները
Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը օգոստոսի 31-ին համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջը. «Արձանագրություն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
Ներքին քաղաքական խորհրդակցությունները պիտի ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման:
Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների նախաստորագրած այս արձանագրությունները բուռն ռեակցիա առաջացրին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: 6-շաբաթյա ժամկետն ավարտվում է, ու ակնկալվում է, որ մոտ օրերս արձանագրությունները կստորագրվեն: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, թուրքական խորհրդարանում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուն «Ազգին» տված հացազրույցում ներկայացնում է թուրքական խորհրդարանում գերիշխող ներկա մոտեցումները:
- Պարոն Չավուշօղլու, ինչպիսի՞ն են ձեր մոտեցումն ու գնահատականը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ:
- Ես իմ աջակցությունն եմ հայտնել ու հայտնում այդ արձանագրություններին, դրանք արձանագրություններ են` ըմբռնմամբ լուծելու ներկա խնդիրները եւ բարելավելու հարաբերությունները ոչ միայն երկու երկրների միջեւ, այլեւ տարածաշրջանում ընդհանրապես: Ուստի ես աջակցում եմ այս համաձայնությանը, որ նախաձեռնվել է երկու նախարարների կողմից, եւ որը կքննարկվի ու կվավերացվի երկու երկրների խորհրդարաններում: Ես հենց նոր լսեցի իմ լավ ընկերներից մեկից, որ Հայաստանում իշխող կուսակցությունը եւս կողմ է դրանց: Ես լավատես էի այս առնչությամբ, բայց հիմա ավելի լավատես եմ, որ երկու երկրների հարաբերությունները տարբեր մակարդակներում ու բնագավառներում կբարելավվեն, եւ ես վստահ եմ, որ դա կազդի տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:
- Արձանագրությունները մեկնաբանվում են որպես Թուրքիայի կողմից նախապայմաններով ձեւակերպված: Ի մասնավորի, խոսքն արձանագրությունների այն դրույթների մասին է, որոնցով վերահաստատվում է երկու երկրների ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը եւ նախատեսվում է իրականացնել երկու ժողովուրդների փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով: Համաձայն չե՞ք:
- Ես դա չեմ կոչի նախապայման կամ պայման: Համաձայնեցվել է հիմնել համատեղ հանձնաժողով, մենք այդ առնչությամբ պայման չունենք: Սկզբից էլ ասել ենք, որ պետք է հիմնել այդ հարցերը ուսումնասիրող խումբ, որը կուսումնասիրի բոլոր արխիվները, փաստաթղթերը, եւ երրորդ կողմ էլ, բացի Հայաստանից ու Թուրքիայից, կարող է միանալ այդ ուսումնասիրությանը, օրինակ, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան: Թուրքիան պատրաստ է ընդունելու այդ ուսումնասիրության արդյունքները: Այստեղ որեւէ նախապայման չկա: Ընդհակառակը, շատ լավ է, որ երկու կողմերը համաձայնել են այս հարցում: Եվս մեկ համաձայնություն ձեռք է բերվել տարածաշրջանի երկրների սահմանների ճանաչման առնչությամբ ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այլեւ Թուրքիայի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի: Նշված չէ, բայց կա արձանագրությունում: Սրանք կարեւոր քայլեր են, որ համաձայնեցվել են: Մենք չունենք նախապայման կապված, այսպես կոչված, ցեղասպանության հետ, որ մենք կոչում ենք սարսափելի իրադարձություններ: Ընդունում ենք, որ դրանք ողբերգական ու սարսափելի իրադարձություններ էին, բայց համաձայն չենք, որ դա ցեղասպանություն է եղել: Լավագույն ճանապարհը բացահայտելու, թե արդյոք դա եղե՞լ է ցեղասպանություն, այս հանձնաժողովի ստեղծումն էՙ ուսումնասիրելու հարցը եւ մեզ ներկայացնելու արդյունքները, որոնք մենք, կրկնում եմ, պատրաստ ենք ընդունել: Նաեւ մենք տեղեկություններ ենք ստանում, թե Հայաստանի նախագահն է պայմաններ դնում Թուրքիա այցելության` ֆուտբոլային խաղին ներկա գտնվելու համար: Մինչդեռ իմ նախագահը որեւէ պայման չդրեց խաղին ներկա լինելու, այլ ընդունեց հրավերը եւ այցելությունն էլ շատ լավն էր: Այսպիսով, մենք սպասում ենք Հայաստանի նախագահին Թուրքիայում առանց պայմաններ դնելու, առանց նախապայմանների:
- Նախաստորագրված արձանագրություններում Ղարաբաղի հարցի առնչությամբ կոնկրետ ոչինչ չկա, բայց Ադրբեջանը մեղադրում է Թուրքիային, բացի այդ, կան կարծիքներ, թե թուրքական խորհրդարանը կձգձգի արձանագրությունների վավերացումը` ղարաբաղյան հարցի շահարկմամբ:
- Պետք չէ կանխատեսել նման բաներ: Թուրքիայի խորհրդարանը նստաշրջանը սկսում է հոկտեմբերի մեկին եւ հարցը օրակարգում կլինի առաջին երկու շաբաթներում: Առանց որեւէ ակնառու վիճակի, նման խոսակցություններն ու կանխատեսումները ճիշտ չեն: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, ապա այս համաձայնությունը որեւէ անուն չի նշում ո՛չ, այսպես կոչված, ցեղասպանության, ո՛չ Հայաստան-Թուրքիա սահմանների, ո՛չ Հայաստան-Ադրբեջան սահմանների, ոչ էլ Ղարաբաղի մասին, բայց անդրադառնում է դրանց: ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա առավել եռանդով, քան երբեւէ, աշխատում է այդ հարցի լուծման ուղղությամբ: Տարբեր մակարդակներում բազմակողմ ու երկկողմ հանդիպումներում այդ հարցը քննարկվում է, մյուս կողմից, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը միասինՙ որպես Մինսկի խումբ, աշխատում են հարցի լուծման համար: Սրանք խնդիրներ են, որ մենք պիտի լուծենք: Կարծում եմ, որ հայկական զինուժը պետք է հեռանա Ադրբեջանի տարածքից, որ մենք կոչում ենք օկուպացված, դուք` անվտանգության գոտի: Ինչ էլ որ կոչենք, դա որոշված է, անգամ Հայաստանն է ասում, թե դա Ադրբեջանի տարածքն է:
- Թուրքիայից հնչում են մոտեցումներ, թե Հայաստանի հետ սահմանը չի կարող բաց լինել, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:
- Նման հայտարարություններ չեն արել Թուրքիայի պաշտոնական անձինք, թե սահմանը չի բացվի առանց ղարաբաղյան հարցի կարգավորման: Բայց մենք միշտ նշել ենք, որ փոխադարձ քայլեր պիտի իրականացվեն. մենք բացում ենք սահմանը, դուք հանում եք ձեր ուժերը Ադրբեջանի տարածքից, բայց որեւէ հայտարարություն ես չեմ լսել թուրք վարչապետից կամ արտգործնախարարից, թե այսպես կամ այնպես պետք է լինի որեւէ նախապայմանով: Սա, կարծում եմ, քննարկվել է շահագրգիռ կողմերի միջեւ, բայց որեւէ հայտարարություն չի արվել: Տարածաշրջանում համագործակցություն եւ կայունություն ունենալու համար պետք է լուծվեն բոլոր խնդիրները: Մենք պետք է վստահենք միմյանց, շատ կարեւոր է վստահությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ինչի համար էլ մենք նախաձեռնել ենք համագործակցության ու կայունության պլատֆորմը Հարավային Կովկասում: Այն մեծ կարեւորություն ունի եւ ենթադրում է բոլոր խնդիրների, այդ թվում` Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների առումով հարցերի լուծում հենց մեզնով, մեր կողմից:
- Ղարաբաղյան հարցով սահմանի բացումը պայմանավորելը, թեկուզ փոխադարձության սկզբունքով, ինչպես ասացիք, արդյոք հենց նախապայման չէ՞:
- Նման բան չի հայտարարվել: Ամեն դեպքում, սա չի հայտարարվել ու չի նշվել որպես նախապայման: Պետք չէ մեկնաբանել զուտ խոսակցությունների մակարդակով ասվածը: Բայց այնուամենայնիվ, Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, եթե մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում, ինչի համար էլ, ըստ էության, նախաձեռնվել է այս ամենը:
- Ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, թե արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-12-ը:
- Ես եւս լսել եմ այդ տեղեկությունը: Ինձ թվում է, որ իսկապես ստորագրումը տեղի կունենա այդ օրերին: Ես չունեմ պաշտոնական տեղեկություն, բայց տպավորությունն այնպիսին է, թե կլինի այդ օրերին:
- Ինչպիսի՞ն կարող են լինել Թուրքիայի խորհրդարանում հարցի քննարկման ժամկետները: Արվում են մեկնաբանություններ, թե Թուրքիայի խորհրդարանը կձգձգի հարցը` շահարկելով ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելը:
- Թուրքիայի խորհրդարանում այդ հարցի քննարկումը, կարծում եմ, շատ թեժ կլինի, բայց կտեւի առավելագույնը 1-2 օր: Նման քննարկումները տեւում են միայն մեկ օր, եւ չեմ կարծում, թե այս դեպքում ավելի երկար տեւի: Բայց դա կախված կլինի նաեւ ընդդիմության ներկայացրած փոփոխությունների առնչությամբ քննարկումներից ու որոշումներից: Երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները քննադատում են այս արձանագրությունները: Հայաստանում էլ, գիտեմ, որ շատ քննադատություն կա ընդդիմությունից, հասարակական կազմակերպություններից, լինում են բողոքի ցույցեր: Երկու կողմերի իշխող կուսակցությունների համար էլ հեշտ չէ, բայց մենք չպետք է նահաջենք: Գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանում, ինչպես եւ Թուրքիայի խորհրդարանում, դժվարություններ կլինեն, բայց նախաձեռնությունը աջակցություն կունենա:
- Ի՞նչ կասեք Ադրբեջանի մեղադրանքների մասին, թե Հայաստանի հետ սահմանի բացումն առանց ղարաբաղյան հարցի կարգավորման «եղբոր» կեցվածք չէ Թուրքիայի կողմից, նաեւ թե հարկ է Թուրքիային պարտավորեցնել «ապացուցելու» եղբայրությունը:
- Ադրբեջանում որոշ կուսակցություններ, տարբեր քաղաքական գործիչներ ու լրագրողներ քննադատում էին ու նման մեղադրանքներ հնչեցնում: Բայց Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների այս նախաձեռնությունից հետո իրավիճակն այլ է: Այո, Թուրքիան ու Ադրբեջանը եղբայրներ են, եւ հպարտ ենք լինելու եղբայրներ, բայց դա չի նշանակում, որ մենք դրել ենք նման պայման: Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչ ենք ցանկանում անել տարածաշրջանի համար, ուստի սա ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետաքրքրությունների հարց է, սա նաեւ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին, եւ Թուրքիան անում է հնարավորըՙ լուծելու խնդիրները: Կարծում եմ, յուրաքանչյուրն էլ պետք է գնահատի դա: Եվ յուրաքանչյուրը կշահի այս գործընթացից: Սա հաղթող-հաղթող գործընթաց է, այլ ոչ հաղթող-պարտվող: Եթե մենք անկեղծ ենք, եթե ուզում ենք լուծել խնդիրները եւ ուզում ենք ավելի մեծ համագործակցություն, ցանկանում ենք աջակցել միմյանց բոլոր ոլորտներում, ապա պետք է լուծենք խնդիրներն անկեղծորեն: Եթե լինի կորցրածի, պարտված լինելու զգացում, չենք կարող լուծել խնդիրները, եւ ոչ մեկը գոհ չի լինի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ