Թե՞ հավը նորից կորեկ է տեսնում երազում
Հոկտեմբերի 9-ին Ստամբուլում նախատեսվում է Հարավարեւելյան Եվրոպայի երկրների արտգործնախարարների հանդիպումը, իսկ հոկտեմբերի 10-ին, ըստ թուրքական կողմի, Ցյուրիխումՙ հայ-թուրքական արձանագությունների ստորագրումը: Հոկտեմբերի 13-ին Թուրքիան Սիրիայի հետ կստորագրի նաեւ ռազմավարական բարձրակարգ համագործակցության խորհրդի ստեղծման համաձայնագիրը, ապա կկայանա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:
Նկատի առնելով այս ամենը, երեկվա համարում «Սթար» թերթը հոկտեմբերը «խաղաղության ամիս» է որակել Թուրքիայի համար: «Սթարին» է միացել «Բուգյուն» էլեկտրոնային թերթը, մատնանշելով, որ հոկտեմբերը «խաղաղության ամիս» է համարել Թուրքիայի արտգործնախարար Ամտեդ Դավութօղլուն` Նյու Յորքից վերադառնալուց հետո օդանավակայանում հրավիրած մամուլի ասուլիսում:
Հոկտեմբերը որպես խաղաղության ամիս բնութագրելիս, ի տարբերություն «Սթարի», «Բուգյունը» նկատի է առնում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 8-9-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում նախատեսվող հանդիպումը, հատկապես այդ հանդիպման օրակարգը: Ըստ «Բուգյունի», նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Քիշնեւում քննարկելու են Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրաստած զեկուցագիրը, եւ եթե կողմերը համաձայնության գան, ապա Հայաստանը պետք է ազատի «Լեռնային Ղարաբաղին հարակից օկուպացված հինգ շրջանները»:
«Բուգյունի» վկայությամբ, քաղաքական հետնաբեմում շրջող լուրերի համաձայն, հակառակ արձանագրությունները շուտափույթ ստորագրելու Երեւանի ջանքերին, Անկարան դրանց ստորագրումը հետաձգել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո, որպեսզի այդ հանդիպմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանն առավելություն չստանա: «Բուգյունը» հենվելով դիվանագիտական անանուն աղբյուրների վրա, միաժամանակ նշում է, որ հարակից 5 շրջանների հանձնումն Ադրբեջանին կնպաստի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտմանն ու կարագացնի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը:
Թերեւս կարելի էր հավատալ «Բուգյունի» գրածին, եթե թուրքական այս թերթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հարակից, այսպես կոչված, օկուպացված հինգ շրջանների հանձնումն Ադրբեջանին չպայմանավորեր հանձնման հարցում Իլհամի հետ նախագահ Սարգսյանի համաձայնության գալու հավանականությամբ: Հետեւաբար, հավատալու փոխարեն նախընտրում ենք հիշել հավի եւ կորեկի մասին ասացվածքը, նախապես գիտակցելով, որ երազները ոչ միշտ են իրականանում, երբ խոսքը վերաբերում է հողային եւ ինքնիշխանության խնդիրներին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ