«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԵՐԿԽՈՍԵԼ», ԴՐԱ ՀԱՄԱՐ ՉՁԱՅՆԱԶՐԿԵՑԻՆ

ժամանակին, երբ Հայաստանի հարցն էր քննարկվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնից զրկելու առնչությամբ, հնչում էին նաեւ մտքեր, թե կարիք չկա բարդացնելու իրավիճակը, քանի որ ձայնից զրկված պատվիրակությունը չի կարող պատասխանել իր կառավարության քայլերի փոխարեն: Միեւնույն ժամանակ, բավականին շատ էին բարձրաձայնումները, թե Եվրոպայի խորհրդի այն անդամները, որոնք չեն հետեւում ընդհանրական կանոններին, պետք է պատժվեն իրենց պատվիրակությունների ձայնի իրավունքը ժամանակավոր կորցնելով:

Ռուսաստանի պարագայում այս նույն ձեւակերպումները բնավ էլ նույն բովանդակությունը չեն կարող ունենալ եւ չունեին: Իսկ քանի որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկում էր վեհաժողովի մի քանի տասնյակ պատգամավորների ստորագրությամբ նախաձեռնությունը` ձայնի իրավունքից զրկելու Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, ապա հնչած մտքերն ու մեկնաբանությունները համադրելիության պահեր չունեին:

Ու չնայած ելույթ ունեցողների մեծ մասը պիտակում էր հնարավոր ածականներով Ռուսաստանին ու ՌԴ պատվիրակության անդամների վարքագիծը, հետաքրքրական ստացվեց, որ բանաձեւի նախնական տարբերակով ՌԴ պատվիրակության լիազորություններն ընդհանրապես դադարեցնելու առաջարկը նախ մեղմվեց մինչեւ ձայնից զրկելը, ապա քննարկումների ընթացքում ընդհանրապես հանվեց: Մնաց միայն երկխոսության անհրաժեշտության մասին ասող դրույթ, ու, միեւնույն է, Եվրոպան մնաց «անատամ» Ռուսաստանի հանդեպ, քանի որ լիազորությունների կասեցման որոշում չկայացվեց:

Նշվեցին ժողովրդավարության ու բարի կամքի բոլոր գեղեցիկ պահերը, թե հարկ է երկխոսել, կայունացնել վիճակն ու հարցերը լուծել ոչ թե ձայնից զրկելու, այլ երկխոսելու ճանապարհով:

Հետաքրքրական է նաեւ, որ Վրաստանի պատվիրակության նախաձեռնած այս «ձայնազրկման» բանաձեւի նախագիծը ստորագրել էին 72 պատգամավոր, ինչդեռ հենց նիստի ժամանակ նրանցից մեկը հայտարարեց, թե անտեղյակ է ստորագրությունից: Բացի այդ, ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու տարբերակին էր կողմ դիրքորոշում արտահայտել նաեւ մոնիտորինգի հանձնաժողովը, որ երեկ առավոտյան էր գումարել հերթական նիստը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4