Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է արտերկրում ձեռք բերել հարստացված ուրան, ինչպես նաեւ այն ստանալ սեփական թույլ հարստացված ուրանի դիմաց: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրեսը` վկայակոչելով իրանական ISNA լրատվական գործակալությանը:
Ահմադինեժադի խոսքերով, Թեհրանին հարկավոր է 19,75 տոկոսով հարստացված ուրան, որը իրանցիները պատրաստ են գնել «որեւիցե մեկից» կամ փոխանակել 3,5 տոկոսով հարստացված սեփական ուրանի հետ:
Իրանը պնդում է, որ, անկախ գնումներից, շարունակելու է ուրանի հարստացումը, եւ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Հիշյալ հարցազրույցում Ահմադինեժադը ընդգծում է, որ իր երկիրը չունի միջուկային զենք, եւ որ նման զինանոց ունենալը, իր կարծիքով, «անբարո» բան է: