«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՓԱՍՏԻ, ՈՐ ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՉԿԱՆ»

«Ազերիե» ռազմավարական հետոզոտությունների կենտրոնի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին «Նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում» թեմայով Երեւան-Կիեւ տեսակամուրջի ժամանակ անդրադառնալով «Խաղաղ Կովկասի» կոնցեպցիայի իրականացմանը, անհրաժեշտ համարեց նախ կարգավորել տարածաշրջանի կոնֆլիկտները: Նա նկատում է, որ կոնցեպցիայի համար էական նշանակություն ունի ապահովել Կովկասի անվտանգությունը, տարածաշրջանում տնտեսական համատեղ նախագծեր իրականացնել: «Տարածաշրջանի պետությունները պետք է սթափ գնահատեն ու վերլուծեն համաշխարհային քաղաքականությունը եւ պահպանեն չեզոքություն, որպեսզի գերտերությունների ձեռքում չդառնան խամաճիկ: Անհրաժեշտ է նոր բանաձեւ մշակել կովկասյան պետությունների համագործակցության համար եւ այդ նպատակով իրականցնել երկխոսություն հասարակության միջեւ»: Վրացի փորձագետը «Խաղաղ Կովկաս» կոնցեպցիայի եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար կարեւորում է հայ-թուրքական սահմանի բացումն ու երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

«Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ապացուցում է, որ հավերժ թշնամիներ գոյություն չունեն. կան հավերժ շահեր ու հետաքրքրություններ: Հստակ է միայն մեկ բան` հայ-թուրքական հարաբերություններում անհնար կլիներ դրական որեւէ քայլ կատարել առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջամտության»: Գուլաշվիլին նկատում է, որ եթե բացվի հայ-թուրքական սահմանը, անհրաժեշտ կլինի բացել նաեւ ռուս-վրացական սահմանը:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերի ծրագրերի տնօրեն Օքսաննա Անտոնենկոն էլ դիտարկեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Եթե հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը պսակվեն հաջողությամբ, ապա տարածաշրջանը բաց կլինի աշխարհի համար:

«Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հսկայական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տնտեսական հարաբերությունների վրա: Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն իր ազդեցությունը կունենա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում»:

Օքսաննա Անտոնենկոն նկատում է, որ սահմանի բացումը կօգնի Հայաստանին դուրս գալ շրջափակումից եւ հնարավորություն կստանա ավելի էժան եւ վստահելի ճանապարհով դուրս գալու միջազգային շուկա: «Այդ կերպ Հայաստանը կներկայանա որպես շատ կարեւոր պատասխանատու խաղացող տարածաշրջանում` արժանանալով ավելի մեծ ուշադրության միջազգային հանրության եւ տարածաշրջանի խաղացողների կողմից», ընդգծեց նա: Սահմանի բացման արդյունքում թուրքական կողմի շահերից Անտոնենկոն առանաձնացրեց, որ Թուրքիան ավելի կշռադատված եւ ստրատեգիական քաղաքականություն կվարի տարածաշրջանում: «Մասնավորապես դա կապված է այն փաստի հետ, որ Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Եվրոմիություն ներգրավվելու Թուրքիայի շանսերն ավելի թուլացան: Միգուցե այդ հարցն ընդհանրապես հանեն առաջիկա ծրագրերից»: Փորձագետը նկատում է, որ եթե թուրքական իշխանությունները կարողանան քաղաքական կամք գտնել եւ ստանալ թուրքական Մեջլիսի հավանությունը, ապա Թուրքիան Հարավային Կովկասում կդառնա շատ կարեւոր ռազմավարական եւ այդ կերպ մեծ դերակատարություն կունենա տարածաշրջանի գործընթացների վրա:

Շարունակելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թեմանՙ «Ռազմական անկախ տեսություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վիկտոր Լիտովկինը հավելեց, որ անթույլատրելի է ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը ռազմական գործողությունների ճանապարհով: «Խնդիրը պետք է լուծել քաղաքական ճանապարհով: Անհրաժեշտ է պայմանվորվել: Ինչպե՞ս: Չէի ցանկանա Երեւանին առաջարկել իմ դեղատոմսը, որովհետեւ առանց դրա էլ կան մարդիկ, որ դա կորոշեն»:

Այդ առնչությամբ Լիտովկինը նկատեց, որ երկու երկրների դեղատոմսը հավասարկշռությունն է: «Խնդիրը միայն տանկերի, թնդանոթների, ինքնաթիռների ու ուղղաթիռների թվաքանակով չի որոշվում, որ այս կամ այն կողմն ունի: Այլ այս կամ այն ժողովրդի պատրաստվածությունը` պաշտպանելու սեփական տարածքներն ու շահերը: Դա, անգամ ռազմական տեխնիկայի բացակայության դեպքում որոշիչ դեր է խաղում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4