«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


«ՄԻՆՉԵՎ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ԱՅՆ»

«Ես ասում եմ որպես մարգարե. մինչեւ Եղեռնի 100-ամյակը Թուրքիան ճանաչելու է այն: 6 տարի հետո կհամոզվեք իմ խոսքերի ճշմարտության մեջ: Իսկ որպես փոխհատուցում ես կգերադասեի ոչ թե փող, այլ հող, մեր հողերը», երեկ հայտարարեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Պարոն Տեր-Գուլանյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունները շատ նուրբ թեմա են. «Անշուշտ, իմ մեջ կա տագնապ, ոչ թե վախ, այլ` տագնապ: Այս տագնապը ես նկատում եմ նաեւ նախագահի մոտ, սակայն Սերժ Սարգսյանը մյուս կողմից էլ ունի մեծ վճռականություն այս հարցում: Իսկ իմ տագնապը վերաբերում է ոչ թե արձանագրությունների կետերին, սրանց վերաբերյալ ես որեւէ վախ չունեմ, այլ Թուրքիայի փայլուն դիվանագիտական ավանդույթներին»:

Բանախոսի վկայությամբ` մենք միշտ Թուրքիայի հետ «խոսել» ենք ուրիշների միջոցով, սակայն հիմա. «Այն պահն է, երբ հենց մեր սերունդը պետք է լուծի այս խնդիրը` անկախ նրանից, թե ինչ կասեն մեծ տերությունները. ուզենանք, թե չուզենանք` Թուրքիան մեր հարեւանն է»:

Տեր-Գուլանյանի մեկնաբանմամբ` սահմանի բացումը միանշանակ ճիշտ է, ընդ որում, ըստ բանախոսի, դա չի նշանակում Ղարաբաղի հարցի մեջ Թուրքիայի միջամտություն կամ ցեղասպանության ուրացում. «Ցեղասպանության ուրացումը կնշանակի հայ մարդու վերջը», շեշտեց նա: Իսկ Ղարաբաղի հարցը մտավորականը մեր կողմից լուծված համարեց, ըստ նրա` խնդիրը միայն այն է, որ Ադրբեջանը իր մեջ ուժ գտնի ստորագրելու ԼՂՀ ճանաչման փաստաթուղթը:

«Սահմանի բացմամբ, իսկ եկեք չմոռանանք, որ մենք մեր պատմական հայրենիքի դարպասներն ենք բացում, մենք այլեւս հույս չենք դնի այնպիսի անվստահելի հարեւանի վրա, ինչպիսին Վրաստանն է,- նկատեց բանախոսը` ավելացնելով,- բացի այդ, ինչո՞ւ չենք մտածում, որ սահմանի բացումից հետո ավելի հեշտ կլինի հասնել ցեղասպանության ճանաչմանը, սրանով մենք կկոտրենք Թուրքիայում «հայի կարծրատիպը», ավելի հասկանալի կլինենք»:

Նախագահի սփյուռքյան ուղեւորությունը Տեր-Գուլանյանին «հիացրել է» . «Միեւնույն ժամանակ, սա շատ անսպասելի ու մեծ իմաստով միտք է, նախագահը մեծ պատասխանատվություն է վերցնում բացատրելու, «հասկացնելու»: Ես վստահ եմ, որ նա կվերադառնա ավելի ուժեղ, քան գնացել է»:

Բանախոսը, հասկանալով սփյուռքում տիրող տրամադրությունները, այնուամենայնիվ ասաց, որ սփյուռքն էլ պետք է հասկանա, որ ցեղասպանության փաստը չի ուրացվում. «Պարզապես սա երկրի շնչառությունը բացելու հնարավորություն է», նկատեց Տեր-Գուլանյանը:

Իսկ այն մտավախությունը, որ այս հանդիպումների ժամանակ «չի լսվի» սփյուռի բոլոր քաղաքական ուժերի ձայնը, բանախոսը չունի. «Մեր ավանդական կուսակցությունները` Դաշնակցությունը, Ռամկավարը, անպայման լինելու են, ինչպե՞ս կարող են սխալ ներկայացնել նրանց կարծիքները: Բացի այդ, ճանաչելով նախագահին դեռ համալսարանից, վստահ եմ, որ նա վերադառնալուց հետո չի խաբի մեզ»:

Ինչ վերաբերում է այս հարցի ներքաղաքական քննարկումներին ու մոտեցումներին, Տեր-Գուլանյանը նշեց, որ իր համար հասկանալի է Դաշնակցության պահվածքը, քանի որ «նրանք միշտ էլ ունեցել են հակաթուրքական դիրքորոշում: Սակայն չեմ հասկանում այն քաղաքական ուժերին, որոնք նախկինում լինելով իշխանություն, ցեղասպանության թեման հետ մղած` խոսում էին հայ-թուրքական «բարեկամության» մասին, իսկ այժմ չեն ընդունում այս քայլերը»:

«Ազգ»-ի հարցին, թե ինչպե՞ս է, որ բանախոսը, ընդունելով հայ-թուրքական արձանագրությունների բոլոր կետերը, այդ թվում` «միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման» կետը, այնուամենայնիվ Թուրքիայից, ցեղասպանության ճանաչումից հետո, հող է պահանջում, Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Մենք ՄԱԿ-ի կոնվենցիայով արդեն ճանաչել ենք մեր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունը, բայց ո՞վ ասաց, որ մենք մեր ստորագրած պայմանագրերը չենք կարող վերանայել»:

Հարցին, որ եթե չկա ԼՂՀ նախապայմանը, ինչո՞վ է պայմանավորված Էրդողանի հակառակ հայտարարությունները, Տեր-Գուլանյանը նկատեց. «Դրանով Էրդողանը Ադրբեջանին ուզում է ասել` հըլը ձեներդ կտրեք, չե՞ք տեսնում` նախապայման չկա»:

Վերջում Մերուժան Տեր-Գուլանյանը խոսեց մեր մեծերի անունից. «Եթե մեր մշակույթի մեծերը այսօր լինեին, կասեին ժողովրդին, որ ճիշտը սահմանի բացումն է: Բոլորովին կարիք չկա ժողովրդին վախեցնելու, եթե վախենալու բան չկա»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4