«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ԸՍՏ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՎԱԾ Է

ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը երեկ «Հայելի» ակումբում ասաց, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տապալված է:

«Վարչապետի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եթե համեմատենք այսօրվա իրականացվող քաղաքականության հետ, որեւէ կապ չենք գտնի այնտեղ: Եթե ուշադրություն դարձնենք, կառավարության ծրագրում ասված է, որ «սպառումը չափազանց անկման պայմաններում բերելու է վճարունակ պահանջարկի նվազեցմանը, եւ սա կբերի տնտեսության անկմանը», նշում է դաշնակցական պատգամավորը ու նկատում, որ չնայած, կառավարությունը խնդիր է դնում խրախուսելու սպառումը, սակայն վերջինս չի տեսնում, թե ներգրավված միջոցներից որն է ուղղված եղել սպառումը խրախուսելուն:

«Ո՛չ աշխատավարձերի բարձրացում, ո՛չ կենսաթոշակների բարձրացում ու նպաստների բարձրացում, ո՛չ ուղիղ աջակցություն սպառողին . չկա ոչ մի այդպիսի ծրագիր», ընդգծեց դաշնակցականը` հանդիմանելով ակումբում հյուրընկալված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին. «Երբ խոսում եք շինարարությանը աջակցելու մասին, երբ խոսում եք հիպոթեկային հիմնադրամի մասին, մի պարզ ճշմարտություն պետք է հաշվի առնեք, որ երբ մարդը չի ստանում բավարար եկամուտ, ինչքան ուզում եք այնտեղ տոկոսադրույքը իջեցրեք, միեւնույն էՙ նրա համար կա սահմանափակում, նա չի կարող վճարել»:

Մինասյանը նկատում է նաեւ, որ բոլոր ներգրավված միջոցները չեն մտել տնտեսության մեջ. «Սա իր հերթին բերելու է նաեւ արտարժույթի շուկայի ճնշմանը: Ունենալու ենք արտարժութային շուկայի հսկայական ճնշումներ, որը ստիպելու է ԿԲ-ին եւս մեկ անգամ միջամտություններ իրականացնել»:

Խոսելով բյուջեի կատարման հավանականության մասին Մինասյանը նշեց. «Եթե նայում ենք այն ընդհանուր ցուցանիշներին, որ կառավարությունը հայտարարել է, ես համարում եմ, որ բյուջեն ռոմանտիզմի շարքից է, ոչ թե որ չափազանց մեծ դեֆիցիտով է ներկայացվում, այլ ընդհակառակը, ես համարում եմ, որ ընդհանրապես 2010-ի բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշները նորից իրականության հետ կապ չունեն»:

Արծվիկ Մինասյանի հետ համաձայն չէ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, նշելով, թե կառավարության հակաճգնաժամային քայլերն իրապես գործնական կիրառություն կգտնեն 2009 թվականի վերջին եւ 2010 թվականին: Սակայն հարցին, թե արդյոք կառավարությանը կհաջողվի՞ կատարել 2010 թվականի բյուջեն, Վարդան Այվազյանը պատասխանեց, թե ծանոթ չէ բյուջեին եւ այդ հարցին կարող է պատասխանել միայն բյուջեի նախագծի կառուցվածքին ծանոթանալով. «Որովհետեւ այն գործիքները, որոնք կիրառելի են, իրական տնտեսության մեջ մտել են 2010-ից, եւ 2009-ի վերջին են լինելու ազդեցությունները: Սա ցույց է տալիս այն կարգավիճակը, որ այսօր ունենք շրջափակված երկիր»:

Վարդան Այվազյանին մտահոգում է ՀՆԱ-ի կառուցվածքը: Ըստ նրա` ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ զարգացում ապահովող արտադրության ճյուղի ծավալը զրո է:

Սեպտեմբերի 30-ին Հանրային խորհրդի հետ ունեցած Սերժ Սարգսյանի հանդիպմանը հնչած նրա ելույթը հիասթափեցրել է Արծվիկ Մինասյանին.«Ցավոք, ես հիասթափվել եմ նախագահի երեկվա խոսքերից, որովհետեւ շատ վճռականությամբ էր ներկայացնում, եւ առնվազն երկու հռետորական հարց ունեմ: Առաջին` նախագահի խոսքից ես եզրակացրի, որ նախաձեռնողը եղել ենք մենք, եւ ոչ ոք չի պարտադրել եւ ոչ ոք չի առաջարկել մեզ: Այդ դեպքում, ես պետք է հարց ուղղեմ, եթե մենք նախաձեռնողն էինք, ապա մենք կարողացե՞լ ենք մինչ այդ գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը` տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների մասով: Երկրորդ` այնուամենայնիվ, այս փաստաթղթի նախագիծը որտե՞ղ է ծնվել: Ես ո՞ր երկրի շահը տեսնեմ սրա տակ, բացի Թուրքիայի շահերից: Եթե նախաձեռնողը եղել ենք մենք, ապա այս տնտեսական ռիսկերը գնահատե՞լ եք, թե՞ ոչ: Եթե գնահատել եք, ապա ի՞նչ քայլեր եք արել»:

Իսկ Վարդան Այվազյանը ամենեւին էլ հիասթափված չէ. «Շատ պարզ , մարդկային լեզվով բացահայտ խոսակցություն էր գնում: Փաստաթղթերի մեջ ինչը որ առկա է, ինքն իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում: Ներկայացնում է պատճառահետեւանքային կապը, որը կարող է տեղի ունենալ ինչ որ իքս ժամանակահատվածից հետո, ինչը դուք հիմա եք ներկայացնում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4