Երեկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի կողմից վեհաժողովի բանաձեւերի կատարումը, թե ինչպես կիրառվեց համաներումը: Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվել են նաեւ մարտի 1-2-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի որոշ դրույթներ եւ մի շարք հարցեր, թե ինչ փուլում են գտնվում տարբեր բարեփոխումները: Ելույթ է ունեցել Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մինչ օրս թարգմանված չէ, այդ պատճառով հանձնաժողովը որոշում կայացրեց հետաձգել այդ մասով հարցի քննարկումը: Ընդգծվել է, որ հետեւելու են Հայաստանում ընթացող զարգացումներին:
Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ բարձրացվել են առավել կարեւորություն ստացած մի քանի հարցեր, մասնավորապեսՙ անհետաձգելի են համարվել ընտրական օրենսդրական բարեփոխումները, հաշվի առնելով մինչեւ հաջորդ ընտրություններ բավարար ժամանակի առկայությունը: Եվս մեկ հարց, որ դեռեւս չէր հնչել, ոստիկանական համակարգի գործունեության հետ կապված բողոքները քննող անկախ մարմնի ստեղծումն է, որը բնորոշ է ժողովրդավարական երկրներին: Այս երկու հարցերում Հայաստանից ակնկալում են արագընթաց գործընթաց:
Այս առաջարկությունների առնչությամբ անդրադարձ կարող է լինել նոյեմբերի 18-ին` Փարիզում մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը ընտրվել է մոնիտորինգի տակ գտնվող Սերբիայի հարցով համազեկուցող:
Ա. Հ.