DigiRec Expo 2009 ցուցահանդեսի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս տեղի ունեցավ երեկ, որին մասնակցում էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ ցուցահանդեսի հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց, որ սա ամենամյա 5-րդ ցուցահանդեսն է, եւ կարելի է ասել, որ իր ուրույն տեղն ունի տարածաշրջանում ներկայացվող նորագույն տեխնոլոգիաների առումով: Այս ցուցահանդեսի (այսօր բացվող) կմասնակցեն 52 ընկերություններ, որը 15 տոկոսով ավելի է նախորդ տարվա մասնակիցների քանակից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսին այցելուների թիվը կհասնի 12 հազարի: Ըստ Կարեն Վարդանյանի, ներկայացվելու են հետաքրքրական նորույթներ: «Յուքոմ» ընկերությունը կներկայացնի իր IP նոր հեռուստացույցը, «Մայքրոսոֆտը»ՙ իր նոր «Վինդոուզները», կլինի հեռուստակամուրջ Գյումրու հետ հեռահար բժշկության վերաբերյալ եւ այլն:
Բագրատ Ենգիբարյանն էլ ասաց, որ ցուցահանդեսը կարեւոր միջազգային նշանակություն ունի, քանի որ մասնակցելու են միջազգային կազմակերպություններ, որոնք ցանկանում են Հայաստան մտնել: Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը նշեց, որ այս ոլորտի զարգացմամբ մենք աշխարհում առաջին տեղերում ենք, բայց տեղեկատվական հասարակության ստեղծման առումովՙ ամենացածր տեղերում: Ցուցահանդեսը նաեւ նպատակ ունի այդ հարցի լուծմանը նպաստել:
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հայտնեց, որ ընկերությունը նպատակ ունի ստեղծելու գերարագ ցանց, որի միջոցով հնարավոր կլինի տվյալներ փոխանցել, եւ որը տարածաշրջանում առաջինը կլինի:
Ա. Մ.