Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը թեպետ նկատելիորեն փոխել է ներհայաստանյան քամիների ուղղությունը, որոշ շտկումներ, անգամ հստակություն է մտցրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգում, սակայն հասարակական-քաղաքական փոթորիկ կարծես չի խոստանում: Միաժամանակ, թյուր եւ խաբուսիկ է այն պատկերացումը, թե կարգավորման գործընթացն այլեւս պարզորոշ է, եւ այն թափանցիկ եւ բաց դաշտում է շարունակվում: Մինչդեռ առավել ուշադիր զննելուց հետո ակնհայտ է դառնում, որ այդ հարաբերությունների կարգավորման հեռանկարը հայտնվել է խոր ջրհորում, որը վերեւից նայելիս թվում է մութ եւ անհատակ: Բնավ ոչ նման հրաշապատում հեքիաթի այն ջրհորին, որի հատակում հայտնվելուց հետո ծայր է առնում դրախտային մի ճանապարհ, որը տանում է դեպի երազային երկիր: Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը մութ է եւ մշուշոտ, վերեւից նայելիս` անգամ վտանգահարույց: Սակայն քարը նետված է ջրհորի մեջ, եւ այն հանելու կամ նրա ընկնելու ճշգրիտ խորությունը իմանալու համար պետք է իջնել ներքեւ: Կամ` ներքեւ նետվել, ինչն էլ փորձում է անել Երեւանը:
«Հնագետները հողից պեղում են այն պատմությունը, որը թաղել էին քաղաքական գործիչները»
Գ. Լաուբ
Այս ամռան վերջին օրվա կեսգիշերին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունները նման էին հսկա երկնաքարերի, որոնք աշնանային առաջին օրվա պարզ երկնքից ընկան հայաստանյան հողի վրա` իրենց մեծության, անկման արագության եւ անհասկանալի ուղղության պատճառով գետնին գամելով հանրության ոտքերը: Երկնաքարերի անկման առաջ բերած փոշին խեղդեց նոր ուսումնական տարվա հուզումները, մշուշեց լրատվությունը եւ դարձավ քարե իրողություն, որի շուրջն արդեն մեկ ամիս անհույս պտտվում են բոլորը: Աստիճանաբար հստակ եւ ակնհայտ են դառնում մի շարք իրողոթյուններ, որոնք սկզբնապես անորոշ, անբացատրելի, անգամ անկանխատեսելի էին թվում: Այդ իրողություններից առաջինի համաձայն` վերոհիշյալ երկու արձանագրությունների հրապարակման օրը, ձեւը, պահը մանրազնին նախապատրաստված էին այնպես, որ փաստի առջեւ կանգնեցնեն ոչ միայն աշխարհաքաղաքական տվյալ խաղափուլին անտեղյակ դերակատարներին, այլեւ նախ եւ առաջ Հայաստանի եւ Թուրքիայի հասարակություններին: Իրադարձությունների աստիճանական զարգացումը ցցուն դարձրեց արդեն երկրորդ իրողությունը. այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը թեպետ որոշակի անհանգստություն առաջ բերեց Հայաստանի եւ Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, սակայն հանրային ընդվզում կամ քաղաքական ալեկոծություն չառաջացրեց: Երրորդ իրողության համաձայն` հարաբերությունների կարգավորման հասարակական-քաղաքական քննարկումները թե՛ Թուրքիայում եւ թե՛ Հայաստանում ընթանում են ոչ միայն հուզական դաշտում, ինչը միանգամայն պատճառաբանված է, այլեւ այդ քննարկումները ավելի հաճախ ընթանում են աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարթության մեջ: Այս վերջին իրողությունը գոնե հայաստանյան քաղաքական ուժերի դեպքում մածուցիկ է եւ առաձգական, քանի որ երբեմն թելադրված է ներքաղաքական պատեհապաշտությամբ` կախված ընդդիմության եւ իշխանության խնդիրների ուղղությունից: Չորրորդ իրողությունը վկայում է, որ արձանագրությունները որքան էլ անսպասելի էին իրենց նոր` նախաստորագրված կարգավիճակի եւ խորհրդարանական վավերացման պահանջների պատճառով, սակայն չորս ամսվա վաղեմություն ունեին. դրանք տխրահռչակ «ճանապարհային քարտեզի» առավել մանրամասն տարբերակի դիվանագիտական արձանագրումներն էին: Այն «ճանապարհային քարտեզի», որը Երեւանը շարունակաբար հերքում էր, սակայն որը գաղտնազերծեցին Թուրքիայում:
Ըստ այդմ` առկա իրավիճակի վերլուծությունը եւ հնարավոր զարգացումների հետագիծն ի ցույց են դնում այն սխալները, որոնք պաշտոնական Երեւանը կատարել է ի սկզբանե: Որքան էլ հայաստանյան ընդդիմությունը ՀՀ արտաքին քաղաքական երկու հիմնախնդիրները` Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի ոչ հայանպաստ զարգացումները, իրավացիորեն դիտարկի Սերժ Սարգսյանի թույլ լեգիտիմության դաշտում, որքան էլ իշխանությունը ձգտի ցրել Երեւանի դիվանագիտական հմտությունների հանդեպ անվստահության ամպերը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բեռան ծանրության տակ կքել են ոչ միայն Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական թիմը, ոչ միայն հայ ավանդական կուսակցությունները, ոչ միայն հայաստանյան տարաբեւեռ ընդդիմադիր դաշտը, այլեւ ողջ հայությունը` Հայաստանում եւ սփյուռքում: Սա ոչ միայն համահայկական բարդ քննությունն է, այլեւ հայ ժողովրդի հետագա պատմական ընթացքի ուղենշում: Հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մենք արդեն փառահեղորեն ձախողել ենք կենսունակ, զարգացող, առաջադեմ ժողովրդավարական պետություն ստեղծելու հեռանկարը` դրանով իսկ վտանգելով Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքը եւ սպառելով առաջընթացի հնարավորությունները: Եվ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական այս պահը Հայաստանը դիմավորում է երերուն հիմքերով` խարխուլ հանրային կյանքով, կոռումպացված, օրինազանց պետական կառույցներով, ապագայի հանդեպ ՀՀ քաղաքացիների անհուսությամբ եւ հայրենիքի հանդեպ տիրող անտարբերությամբ: Չընդունել եւ չընկալել ներհայաստանյան իրավիճակի այս ողջ բարդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուց առաջ, նշանակում է ոչ միայն ձախողման դատապարտել այդ հարաբերությունների հեռանկարը, այլեւ ընդառաջ գնալ դրան կորուստների հստակ գիտակցությամբ:
Մյուս կողմից` տրորել եւ թաղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների ծիլերը, նշանակում է հավերժորեն կքել պատմական բեռի ծանրության ներքո: Սակայն ինչո՞վ ենք մենք ջրելու եւ կենսանյութ հաղորդելու այդ ծիլերին. մեր ատելությա՞մբ, մեր երկյուղած եւ անհաստատ հույսերո՞վ, մեր տեղահանված եւ սպանված պապերի աճյունափոշո՞վ, նրանց չծնված զավակների տարակուսանքո՞վ, մեր կորուսյալ հայրենիքը վերադառնալու տեսլականո՞վ: Ի՞նչ են պեղելու հնագետները Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանի պատմության տեղում: Ի՞նչ են թողնելու մերօրյա հայ քաղաքական գործիչներն իրենց հետեւից եւ ի՞նչ պատմություն են թաղելու նրանք: Այդեւայլ հարցերի պատասխանները դեռ անհայտ են: Անհայտ է մինչեւ անգամ հայտնին. այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վիճակը նետված է, սակայն ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է վիճակված մեզ:
Կհանդիպե՞նք մյուս տարի Վանում, թե՞ կկորցնենք նաեւ Երեւանը
Երբ այս տարվա սեպտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանը, պատասխանելով ռուսական հաղորդման հեղինակի հարցերին, ընդգծում էր, որ «Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու, դիվանագիտական երկկողմ հարաբերություններ հաստատելու եւ հայ-թուրքական սահմանները բացելու մեր նախաձեռնությունը ոչ թե կոնկրետ ծրագիր է, այլ, ավելի շուտ, մի մթնոլորտի ստեղծում, որի առկայության դեպքում երկու հարեւան երկրները կարող են 21-րդ դարում բանակցել» (www.president.am), նա միանգամայն անկեղծ էր: Այն, ինչով ակամա արդարանում կամ հպարտանում էր Սարգսյանը, քաղաքականության մեջ որակվում է որպես քաղաքական հաշվարկների, ծրագրերի, հնարավոր արդյունքների կանխատեսման բացակայություն: Սակայն արդարացվա՞ծ է, արդյոք, այս մոտեցումը: Մանավանդ, եթե խնդիրը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, երկրի, որի հետ մեզ «կապում է» ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող թշնամանքը: Խնդիրն ավելի է բարդանում նաեւ այն պատճառով, որ հայ քաղաքական միտքը եւ հանրային կյանքը, ինչպես 20-րդ դարի սկզբին, 21-րդ դարում եւս անպատրաստ են խաղադաշտ մտնելու այնպիսի մի հզոր մրցակցի հետ, ինչպիսին թուրքական պետությունն է: Հայաստանում, ուր քաղաքական գործիչները եւ քաղաքագետները տեսակետները փոխում են ըստ քամիների ուղղության, ուր տպագիր մամուլն ի զորու չէ ձեւավորել հանրային կարծիք, իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ները վերահսկելիության պատճառով զրկված են այն ձեւավորելու հնարավորությունից, երբ կորսված են հանրային կողմնորոշիչները, երբ սփյուռքում շատերը չեն ընկալում, որ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարում հայկական կողմի զիջումները պայմանավորված են բացառապես ներհայաստանյան զարգացումներով, ահա այսօրինակ իրավիճակում Երեւանը գնում է լուծելու հայ-թուրքական թնջուկը: Եվ թեպետ ՀՀ արտգործնախարար Էդ. Նալբանդյանը խորհուրդ է տալիս թերահավատ չլինել պաշտոնական Երեւանի դիվանագիտական կարողությունների հանդեպ` հասնելու հարաբերությունների արդյունավետ կարգավորման, սակայն ակնհայտ է, որ Երեւանը չունի ռազմավարական եւ մարտավարական ծրագիր, ընդ որում` ոչ միայն Հայաստանին առնչվող, այլեւ համահայկական ծրագրի: Երեւանի դիրքորոշումը հանգում է հետեւյալին. սկսենք գործընթացը, հետո պարզ կլինի: Մինչդեռ իրավիճակային, այսրոպեական մոտեցում նման կարեւորության հարցում ցուցաբերելն անթույլատրելի է:
Միաժամանակ, եթե Սերժ Սարգսյանի անմիջական նախորդը` Ռոբերտ Քոչարյանը, հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայ դատի հանդեպ վարում էր տրամագծորեն հակառակ արտաքին քաղաքականություն` ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դնելով արտաքին քաղաքական օրակարգում, ապա դա եւս չնպաստեց արտերկրում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը. դրանք երեկ նույնքան թույլ էին, որքան այսօր: Կարծես օրինաչափորեն ՀՀ բոլոր նախագահները Հայաստանի ներքին խնդիրներն առաջնահերթ լուծելու փոխարեն գերադասում են զբաղվել արտաքին քաղաքական խնդիրներով: Այդպես է վարվել թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն ուղղակի փախչում էր ներքին խնդիրներից` ուշադրությունը սեւեռելով հիմնականում ղարաբաղյան հարցին, այդպես էլ Քոչարյանը կարծր էր թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական դաշտում: Այդպես է վարվում նաեւ Սարգսյանը, որը չի կարողանում անգամ գլուխ բարձրացնել արտաքին քաղաքական խնդիրներից: Ներքաղաքական կյանքում ՀՀ երեք նախագահների ձախողված քաղաքականության հետեւանքով է, որ Հայաստանն այսօր անզոր է հայանպաստ լուծում գտնելու արտաքին քաղաքական բարդագույն խնդիրներին: Եվ Սարգսյանի այն հայտարարությունը, թե` «Ես անձամբ գնում եմ խնդիրներ լուծելու» որքան էլ անկեղծ է, նույնքան` անիրականանալի: Արձանագրությունների վավերացումից հետո խնդիրն ավելի է խճճվելու: Կարսի պարտվողական պայմանագրի վավերացումը վտանգահարույց է Հայաստանի համար: Երեւանը չպետք է խնդիրն այդքան բարդացներ` վտանգավոր մանրամասներ ներառելով արձանագրությունների մեջ, եւ չէր կարելի դրանք հասցնել խորհրդարան` իրավաբանորեն ավելի անխոցելի դարձնելով դրանք: Հայաստանը եւ Թուրքիան պետք է միջպետական երկկողմ հարաբերություններ հաստատեն առանց ավելորդությունների:
Այդ ո՞ւմ է ուղարկելու Սերժ Սարգսյանը միջկառավարական, քաղաքական հանձնաժողովներում աշխատելու, այդ ո՞ր քաղաքական գործիչը կամ քաղաքագետն է Թուրքիայի հետ նստելու ինչպես հավասարի հետ: Վազգեն Մանուկյա՞նը, որը «սահմանների անձեռնմխելիությանն» անդրադառնալով` հայտարարում է. «Պրագմատիկ բոլոր քաղաքական ուժերի տեսակետներով` դա ճիշտ է: Հոգեբանորեն այն կարող է մեր սփյուռահայ եւ հայրենասեր մի հատվածի մեջ առաջացնել երազի կորուստ, բայց աշխարհն ապրում է ոչ թե երազանքներով, այլ պրակտիկ քաղաքականությամբ» («Ազգ», 4.09. 2009): Մանուկյանը, որի հավերժական կռիվը Տեր-Պետրոսյանի հետ հանգել է քաղաքական պրագմատիզմից «հայկական երազանքը» դուրս մղելուն, այժմ դարձել է ավելի պրագմատիկ, քան հայկական քաղաքական պրագմատիզմի հայր Տեր-Պետրոսյանը: «Երբ 88-ին շարժումը սկսվեց, ես տանում էի այդ գիծը` մեր հարաբերությունները Թուրքիայի հետ դնել նոր ուղու վրա.... «Ղարաբաղ» կոմիտեում մեծ դժվարությամբ եմ համոզել ե՛ւ Տեր-Պետրոսյանին, ե՛ւ մյուսներին, բայց եկանք իշխանության, արդեն բոլորը համոզված էին այդ նոր ուղու վերաբերյալ» (նույն տեղում): Անշուշտ, շարժման գաղափարախոսությունը հանգում էր «երրորդ ուժի բացառմանը», Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն, սեփական ուժերին ապավինելուն: Սակայն առկա իրողությունները վկայում են, որ` 1. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարում երրորդ ուժն է առկա, 2. Թուրքիայի հետ մենք անհավասար պայմաններում ենք. Անկարան սահմանադուռն է բացելու, իսկ մենք` մեր պատմական հայրենիքի մի մասը «դե յուրե» հանձնելու, 3. Հայաստանը սեփական ուժերին չի ապավինում. նա ուժահատ է: Եվ Մանուկյանը որքան էլ փորձի վերանայել իր երբեմնի արժեքներն ու գաղափարները, այնուամենայնիվ, այդ նա է 1988 թ. օգոստոսի 19-ին «Ազատության» հրապարակում ներկայացրել իր իսկ գծագրած ՀՀՇ «մոտակա նպատակները». «Հասնել նրան, որ ՀՍՍՀ եւ ՍՍՀՄ Գերագույն սովետներն ընդունեն 1915 թ. հայերի ցեղասպանության փաստը եւ դիմեն ՄԱԿ-ին` այդ փաստը ճանաչելու պահանջով: Մշտապես առաջ քաշել պատմականորեն Հայաստանի մաս կազմող, ինչպես նաեւ միջազգային փաստաթղթերով հայկական ճանաչված տարածքների վերամիավորման պահանջը, գիտակցելով, որ այդ պահանջի իրականացումը հնարավոր է միայն այնպիսի ազգային քաղաքականության կիրառման շնորհիվ, որը հիմնված է մեր շարժման գաղափարական սկզբունքների վրա» (Վ. Մանուկյան. «Հայկական երազանքը գոյատեւման փակուղում, Եր. 2002.):
Հաջորդն ո՞վ է Սերժ Սարգսյանի ցուցակում. Արթուր Բաղդասարյա՞նը, որը հայ ժողովրդի ազգային իդեալների հետ այնքան կապ ունի, որքան օրինական ընտրությունները` Հայաստանի հետ: Կամ գուցե այդ իդեալների կրող Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, որը խռովել է իր հիմնադրած կուսակցությունից եւ դիտում է, թե ինչպե՞ս է քանդվում այն: Դաշնակցությո՞ւնը, որի քաղաքական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին չկարողացավ կանխել Թուրքիայի հայակործան ծրագիրը, իսկ 21-րդ դարում ազատ ընտրությունները, ժողովրդավարական պետության կառուցումը չի համարում ազգային խնդիր, սակայն Ջոն Էվանսի քաղաքական ճակատագրի փրկությունը համարում է համազգային նպատակ: Կամ գուցե Սերժ Սարգսյանի՞ թիմը, որի մանկության կապույտ երազը, պարզվում է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է եղել:
Ահա այս քաղաքական, գաղափարական, հասարակական վակուումի պայմաններում է Սերժ Սարգսյանը գնում արձանագրությունների վավերացման` ընդհուպ մոտենալով Հայաստանի ապագան ուրվագծելուն: Հայաստանն այսօր նույն հասարակական-քաղաքական իրավիճակում է, ինչ 1915 թ. առաջ. պառակտված հասարակությամբ, աշխարհաքաղաքական գործընթացների անկանխատեսելիությամբ, քաղաքական հաշվարկների բացակայությամբ, իշխանության անհեռատեսությամբ եւ ընդդիմության եսասիրությամբ:
Միաժամանակ, քարն արդեն հայտնվել է ջրհորի հատակին, եւ թե՛ Երեւանը, թե՛ Անկարան պետք է ներքեւ իջնեն: Հայաստանը Թուրքիայի հետ պետք է ստորագրի միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագիր` առանց արձանագրությունները խորհրդարան բերելու: Երկկողմ հարաբերություններից բխող մյուս պայմանագրերը` ազատ առեւտրի, մշակութային, կրթական, էներգետիկ, հաղորդակցության եւ տրանսպորտային ուղիների շահագործման եւ այլն, պետք է կնքել առաջիկայում` նախարարությունների մակարդակով, առանձին պայմանագրերով: Իսկ եթե Թուրքիան չբացի՞ սահմանը, քանի որ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից պարտադիր չի բխում: Այդ վտանգն առկա է, սակայն քիչ հավանական, քանի որ երկկողմ հարաբերություններն անհնար է կայացնել փակ սահմանով: Երեւանն ու Անկարան պետք է պատրաստեն միջպետական հարաբերությունների նոր փաստաթուղթ, որը խորհրդարանական վավերացում չի նախատեսում: Հայաստանի տարփողած «առանց նախապայմանների հարաբերությունները» կարող են իրականություն դառնալ բացառապես դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ` առանց հավելյալ եւ ծանրացուցիչ պարտավորությունների: Թուրքիայի հետ առկա պատմական խնդիրները պետք է քննարկել ապագայում. Հայաստանը երբեւէ չի կարող Թուրքիայի հետ խոսել պատմական արդարության վերականգնման մասին. Թուրքիայի պատմությունը լի է պատմական անարդարություններով: Եթե մենք մոտ մեկ հարյուրամյակ չենք կարողացել վերականգնել պատմական արդարությունը, գուցե հետագա հարյուրամյակներն էլ դրա համար բավարար չլինեն: Մենք ապագայում պետք է քննարկենք մեր պատմական հողերի մի մասը Թուրքիայից հետ գնելու հարցը. այս հարցում ՀՀ ներկա իշխանությունն անմրցելի է: Սա միակ դեպքն է, որ Հայաստանն ու Թուրքիան, որպես արեւելյան երկու երկրներ, հավասար են հմտություններով:
Կհանդիպե՞նք մյուս տարի Վանում, թե՞ կկորցնենք նաեւ Երեւանը. այս հարցի պատասխանը կգտնենք միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջրհորի հատակում: Սակայն դրա համար պետք է ջրհոր իջնել: Իջնել եւ ոչ թե ցատկել, ինչպես այսօր անում է Երեւանը:
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ