«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2009-09-30 | #176, 2009-10-01 | #177, 2009-10-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ

Երեկ հիշարժան օր էր Հայաստանի ազգային արխիվում: 3,5 միլիոն գործերի թվին ավելացավ Կիլիկիայի ազգային ազատագրական շարժման գործիչ, Կիլիկիայում Ամբողջական Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Միհրան Տամատյանի կյանքին ու գործունեությանը վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերով: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ջերմորեն ընդունեց Միհրան Տամատյանի թոռնուհունՙ Նորա Ազատյանին եւ գրականագետ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչ Երվանդ Ազատյանին (Դետրոյթ, ԱՄՆ): Արխիվի դահլիճում, ուր տեղի ունեցավ Միհրան Տամատյանի փաստաթղթերի, միկրոֆիլմերի, լուսանկարների, Կիլիկիայի հերոսամարտի մասին պատմող գրքույկի, բազմաթիվ ձեռագրերի, նամակների ու այլ նյութերի հանձնման արարողությունը, ներկա էին մտավորականներ, արխիվագետներ, պատմաբաններ եւ հյուրեր:

Պրն Վիրաբյանը ներկաներին նախ հիշեցրեց Միհրան Տամատյանի ազգային ազատագրական պայքարում ունեցած դերն ու գործունեությունը եւ խոսքը փոխանցեց Երվանդ Ազատյանին : Վերջինս պատմական հետաքրքրական էքսկուրս արեց այն ժամանակներում տիրող իրավիճակին ու Մ. Տամատյանի ազգային կարեւորագույն հարցերի շուրջը կատարած գործունեությանը: Համեմատելով մեր օրերի հետ պրն Ազատյանը նշեց. «Թանկագին մի դաս էր Կիլիկիայի այդ ազգային ազատագրական պայքարը, եւ եթե մենք Արցախում զենքով չպայքարեինք ու չդիմագրավեինք թշնամուն ու չազատագրեինք մեր տարածքները, ապա ճիշտ երկրորդ Կիլիկիան կունենայինք, որ կորցրեցինք...»:

Եվ արժեւորեց, որ Կիլիկիայի պատմությունը մանրամասն ուսումնասիրելու կարիք ունի: Հետաքրքրական է, որ այդ արժեքավոր արխիվային փաստաթղթերը հանձնվեցին ազգային արխիվին հենց հոկտեմբերի 1-ին, ճիշտ այն օրը, երբ լրանում էր Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրության 88-րդ տարեդարձը, եւ այդ օրերին էլ տարբեր կուսակցություններ միանալով կազմեցին ՌԱԿ-ը, ու երկար տարիներ այն նախագահեց Միհրան Տամատյանը մինչեւ իր մահը (1945 թ.): Շատ հուզիչ էին Տամատյանի թոռնուհուՙ Նորա Ազատյանի հուշերը, իր եւ իր մորից լսած պատմությունները: «Ազգի» հետ զրույցի ժամանակ տկն Նորան նշեց, որ չնայած շատ դժվար էր բաժանվել իր պապից մնացած մասունքներից, այնուհանդերձ նպատակահարմար գտան դրանք նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին, որպեսզի տարիների ազդեցությունը չխունացնի ու չփչացնի այդ արժեքավոր փաստաթղթերն ու իրերը եւ նաեւ դրանք հասանելի լինեն ուսումնասիրողների համար:

Միջոցառումը ավարտվեց տնօրեն պրն Վիրաբյանի շնորհակալական ջերմ խոսքով: Նա տկն Նորային նվիրեց վարդերի մի շքեղ փունջ եւ խոստացավ, որ բոլոր փաստաթղթերը կվերամշակվեն, կտեղադրվեն ինտերնետում եւ կդառնան լուրջ ուսումնասիրությունների առարկա: Հանդիսությունը ավարտվեց Կիլիկիայում Ամբողջական Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ Միհրան Տամատյանի բառերով. «Եթե ունենայինք Կիլիկիո երկիրը, մենք վաղուց անկախ կապրեինք: Ինչ գույն էլ որ լինի Հայաստանի դրոշը, մենք նրա հետ պիտի լինենք»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4